Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Հունիս 25,2010 00:00

ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու արդեն իր պաշտոնին հրաժեշտ տված Ժորժ Կոլոմբիեն իրենց վերջին համատեղ հայտարարությունն են արել, որի առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն իր տարակուսանքն ու վրդովմունքը հայտնեց. «Համազեկուցողներն իրենց վերջին հայտարարությունն արել էին դեռ այս տարվա փետրվարի 2-ին՝ ՀՀ իշխանություններից պահանջելով «առանց հետագա ձգձգումների» իրականացնել «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները, նաեւ խոստացել էին դեռ գարնանը այցելել Երեւան՝ «քննարկելու նշված բարեփոխումների իրականացման հստակ ճանապարհային քարտեզի ստեղծման հարցը», նաեւ անդրադառնալու «Նիկոլ Փաշինյանի ազատազրկման հարցին, ինչպես նաեւ այլ գործերի, որոնց վերաբերյալ համազեկուցողները պարզաբանումներ են խնդրել իշխանություններից»: Ես խստորեն դատապարտում եմ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի անհետեւողականությունը ու հանցավոր անսկզբունքայնությունը, որը դրսեւորվեց խոստումը չկատարելով: Երկրորդ, համազեկուցողներն իրենց սուտ խոստումներով եւ անհետեւողականությամբ բացի այն, որ կես տարով հետաձգել են բարեփոխումների ծրագրի հրապարակումն ու իրագործումը, նաեւ առնվազն կես տարով երկարաձգել են այն մարդկանց, նաեւ նրանց հարազատների տառապանքները, որոնք այս իշխանության պատճառով շարունակում են մնալ զնդաններում: Սա, թերեւս, իշխանության ներկայացուցիչներ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանի եւ Արմեն Ռուստամյանի հերթական նենգ խաղի արդյունքն է, որ կես տարի հետո այս համազեկուցողներն անում են հայտարարություն, որտեղ ոչ մի խոսք չկա Նիկոլ Փաշինյանի եւ մյուս քաղբանտարկյալների մասին, ինչի վերաբերյալ նրանք խոսել են իրենց նախորդ հայտարարության մեջ: Կամ սրանք (Պրեսկոտն ու Կոլոմբիեն) ուղղակի կաշառված են, կամ անհասկանալի իրադարձություն է տեղի ունեցել, որ նրանք ազատազրկվածների մասին, որի վերաբերյալ շեշտադրումներ կան ԵԽԽՎ բոլոր վերջին 4 բանաձեւերում, խոսք անգամ չեն ասում: Սա ստոր գործարքի արդյունք է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել