Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱԿ ԼՈՒԾՈՒՄԸ՝ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ

Հունիս 25,2010 00:00

«Հայաստանն էլ մի դեմոկրատիայի բան չէ, բայց, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում չկա եւ ոչ մեկը, որ առանց Ալիեւի գիտության որեւէ նման գործողության գնա»,- երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում անդրադառնալով հունիսի 18-ին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը՝ ի պատասխան հայաստանյան մամուլի այն հրապարակումների, թե միջադեպի նախաձեռնությունը Ադրբեջանի բարձրաստիճան զինվորական ղեկավարության նախաձեռնությունն է եղել։ Նա կարեւոր է համարում թափանցիկ հետաքննության անցկացումը. «Պետք է լուրջ ուշադրություն դարձնենք բանակի ներքին կարգապահության վրա։ Ադրբեջանի բանակում տիրող իրավիճակի մասին հեգնանքով կադրեր ենք ցույց տալիս եւ չարախնդում ենք, որ բեսպրեդել է. դա իրենց պրոբլեմն է։ Մեզ, որպես Հայաստանի քաղաքացիների, հետաքրքրում է մեր բանակի վիճակը, որովհետեւ մեր երեխաներն են այդ բանակում ծառայում, եւ որեւէ մեկի անփույթ կամ ոչ պրոֆեսիոնալ գործողության պատճառով մեր երեխաներն են զոհ դառնում»։ Բանախոսը հատկապես մտահոգիչ է համարում միջազգային հանրության «չեզոք արձագանքը» միջադեպի առնչությամբ: Այս իրադարձությունների համատեքստում խոսելով ԼՂՀ հարցի կարգավորման հնարավորությունների մասին, նա կրկնեց, որ իշխանության կողմից ընդունված որեւէ լուծում չի կարող բխել ՀՀ-ի եւ ԼՂ-ի ազգային շահից: Նախկին արտգործնախարարը գտնում է, որ խնդիրը մտել է փակուղի, եւ այն լուծելու միակ ելքը իշխանափոխությունն է՝ ուժեղ, լեգիտիմ, ժողովրդի քվեն ստացած իշխանության ձեւավորումը, սահմանադրական կարգի վերականգնումը: Նախկին նախարարի խոսքով՝ գործող իշխանությունների որակի ու էության մասին աշխարհի շատ մայրաքաղաքներում գիտեն, եւ եթե այդ մասին չեն բարձրաձայնում, ապա մեկ պատճառով. «Դեռեւս հույսեր ունեն, որ պահելով մահակը, կարող են ստիպել Սերժ Սարգսյանին գնալ որեւէ լուծման»։ Նա ներկայումս չի տեսնում ԼՂ խնդրի լուծման որեւէ տարբերակ. առկա իրավիճակում միակ ելքն, ըստ նրա, պատերազմն է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել