Հայաստանի իշխանություններին հերթական անգամ կոչ է արվել երկխոսություն հաստատել ընդդիմության հետ
Հունիսի 23-ին ԵԽԽՎ-ն ընդունեց «Ժողովրդավարության վիճակը Եվրոպայում եւ ԵԽԽՎ Մոնիթորինգի գործընթացի առաջընթացը» բանաձեւը եւ քննարկեց համապատասխան զեկույցը, որը հեղինակել է Մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ Դիք Մարթին (լուսանկարում): Սա այս կառույցի յուրօրինակ հաշվետվությունն է, որը վերաբերում է 2009-ի հունիսից մինչեւ 2010-ի հունիս Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Մոնակոյի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ Մոնիթորինգի հանձնաժողովի գնահատականներին ու Բուլղարիայի հետ հետմոնիթորինգային երկխոսությանը: Ընդունված թիվ 1747 բանաձեւից առանձնացնենք այն դրույթները, որոնք վերաբերում են Հայաստանին:
3-րդ կետով Վեհաժողովը գոհունակություն է հայտնում այն արագ ու արդյունավետ արձագանքի կապակցությամբ, որը Մոնիթորինգի հանձնաժողովը ցուցաբերեց մտահոգիչ հետընտրական զարգացումների նկատմամբ՝ նաեւ Հայաստանում:
8-րդ կետում նշված է. «Հայաստանում հասարակության վստահության բացակայությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում խորացավ քարոզչության անհավասար պայմաններով եւ ձայների հաշվարկի ու արդյունքների աղյուսակավորման ընթացքում նկատված խնդիրներով, ինչպես նաեւ ընտրությունների հետ կապված բողոքների քննությամբ՝ առիթ դառնալով քաղաքական ճգնաժամի, որն իշխում էր երկրի քաղաքական կյանքում հաշվետու ժամանակաշրջանում»: Բանաձեւի 9-րդ կետում, որտեղ նշված է, թե ընտրական բարեփոխում է անհրաժեշտ մի շարք երկրներում՝ դարձյալ է ընդգծված. «Հայաստանում ընտրական բարեփոխումների համար անհրաժեշտ է վերականգնել հասարակության վստահությունը ընտրական գործընթացների հանդեպ»: Առաջ անցնելով՝ նշենք, որ բանաձեւի 19.1.2 կետում Վեհաժողովն ընտրությունների եւ քաղաքական բազմակարծության առնչությամբ կոչ է անում Հայաստանի խորհրդարանին՝ առանց հապաղելու մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ իրականացնել համակողմանի ընտրական բարեփոխումներ՝ մասնավորապես բոլոր թեկնածուների համար արդարացի եւ հավասար պայմանների տեսլականով:
Բանաձեւի 10-րդ կետում նշված է, որ խորհրդարանների արդյունավետությունը մեծապես արդյունք է դրանց ներկայացուցչականության եւ «կարողությունների՝ ծառայել որպես հարթակ տարբեր քաղաքական ուժերի միջեւ երկխոսության համար: Ցավոք, մի շարք երկրներում երկխոսությունը վտանգվում է տարբեր պատճառներով. նրանցից որոշների խորհրդարանները մենաշնորհված են սահմանափակ թվով քաղաքական ուժերի կողմից (Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան), եւ/կամ ընդդիմությունը չափազանց թույլ է, եւ/կամ տրոհված (Ադրբեջան, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան)»:
13-րդ կետում հիշատակված է. «Որոշ երկրներում՝ մասամբ խեղաթյուրված ընտրական գործընթացների հետեւանքով, մի իրավիճակ է զարգացած, որտեղ քաղաքական ընդդիմությունը հիմնականում գոյություն ունի եւ գործում է խորհրդարանական շրջանակներից դուրս: Նման դեպքերում է, որ ի շահ ժողովրդավարական գործընթացի, արտախորհրդարանական ընդդիմության հետ քաղաքական երկխոսությունը պետք է գերակայություն լինի իշխանությունների համար, եւ պետք է ապահովվի նրանց ընդգրկումը քաղաքական որոշումների կայացման գործընթացում: Սա վերաբերում է Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին»: Բանաձեւի 19.2.2 կետում Հայաստանի իշխանություններին կոչ է արվում հետամուտ լինել՝ «հաստատելու իմաստալից երկխոսություն բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ՝ քաղաքական բարեփոխումների շուրջ, որոնք անհրաժեշտ են երկրի քաղաքական կյանքի կարգավորման համար»:
Ի դեպ, Դիք Մարթիի բացատրական հուշագրի 68-րդ կետում նշված է. «Քաղաքական միջավայրը Հայաստանում մնում է բեւեռացված եւ լարված՝ թե՛ իշխանության ու ընդդիմության միջեւ, թե՛ նաեւ ինքնին ընդդիմության շրջանակներում: Միակ բացառությունը, թվում է՝ Հայ հեղափոխական դաշնակցությունն է, որն իշխանությունների հետ վարում է նորմալ երկխոսություն՝ չնայած դուրս է եկել իշխող կոալիցիայից»:
Բանաձեւի 18-րդ կետում էլ անդրադարձ կա մամուլի ազատությանն ու բազմակարծությանը, եւ նշված է, թե դրանց խոչընդոտում է «սեփականության անհամաչափ կենտրոնացումը կամ լրատվամիջոցների հանդեպ օլիգարխիկ հսկումը (ՌԴ, Հայաստան): Արտահայտվելու ազատությունը լիովին չի հարգվում՝ կասկածելի հիմքերով ձերբակալված լրագրողներով (Ադրբեջան) եւ լրագրողների նկատմամբ բազմաթիվ հալածանքներով կամ նույնիսկ ֆիզիկական սպառնալիքներով (Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիա, Հայաստան եւ Ադրբեջան) եւ սպանություններով (Ռուսաստանի Դաշնություն)»:
Զարմանալի է, բայց փաստ՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունից միայն «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը ելույթ ունեցավ այս բանաձեւի քննարկման ընթացքում: Եվ մասնավորապես հայտարարեց. «Շուրջ մեկ տարի առաջ այստեղ իմ ելույթում ես ընդգծեցի, որ Եվրոպայի խորհուրդը հետեւողական չէ Հայաստանի ժողովրդավարության հիմնախնդիրների վերաբերյալ իր բանաձեւերի կատարման մեջ: Կառույցին անդամակցելուց հետո, թվում էր՝ մեր երկրում պետք է առաջընթաց լիներ, այնինչ ճիշտ հակառակն է: Փակվեցին այլընտրանքային հեռուստաընկերություններ («Ա1+»-ի վերաբերյալ ներկայումս կա ՄԻԵԴ չիրականացված որոշում), տասնյակ քաղբանտարկյալներ բանտերում են, հարյուրավոր մարդիկ ապօրինաբար զրկվեցին իրենց սեփականությունից… Դժվար էր նաեւ հավատալ, որ ինչպես Խորհրդային կայսրության օրոք, այնպես էլ Հայաստանի Հանրապետության՝ նախքան ԵԽ անդամ դառնալն ու անդամակցությունից հետո էլ ժողովրդի ընդվզումը ճնշելու համար Հայաստանում կօգտագործվի բանակի ուժը: 2008 թվականի մարտի 1-2-ին ՀՀ զինված ուժերի ապօրինի օգտագործմանը մինչ օրս պատշաճ գնահատական չի տրվել, իսկ տասը սպանությունների մեղավորները պատժված չեն»: Եվ անդրադառնալով նաեւ մեր տարածաշրջանի այլ երկրներում առկա բացթողումներին՝ Զարուհի Փոստանջյանը ելույթը եզրափակեց այսպես. «Ամենաուշագրավն այն է, որ միակ պետությունը, որը համապատասխանում է ժողովրդավարության չափանիշներին եւ զերծ է մարդու իրավունքների խախտման աղաղակող դրսեւորումներից, Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող Արցախի Հանրապետությունն է, որն անկախացել է Հարավային Կովկասի երեք հանրապետությունների հետ միաժամանակ»:
Հայտնենք, որ ո՛չ Զարուհի Փոստանջյանը, ո՛չ պատվիրակության որեւէ մեկ այլ անդամ չմասնակցեցին այս բանաձեւի ամբողջական տեքստի քվեարկությանը: