Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն արագացված դատաքննությամբ շարունակեց եւ ավարտեց «Նոր Ձորաբերդ» ռեստորանային համալիրի տնօրենի երկու որդիների՝ Պարգեւ եւ Գոռ Գրիգորյանների դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Հիշեցնենք, որ նրանք ապրիլի 3-ին Մաշտոցի պողոտայում վեճի էին բռնվել ճանապարհային ոստիկանների հետ եւ այն ավարտին հասցրել Կենտրոնականի բաժնում: Մեղադրող Կորյուն Փիլոյանն իշխանության ներկայացուցչի դեմ ոտնձգություն կատարելու համար պահանջեց 2 տարվա ազատազրկում Պարգեւին, իսկ Գոռի համար միջնորդեց՝ նրան ազատել դատարանի դահլիճից: Խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ դատարանը վճռեց. Գոռին՝ 1 տարվա ազատազրկում, չկիրառելու պայմանով, իսկ Պարգեւին՝ 1 տարվա կալանք եւ 500 000 դրամի տուգանք: