Հունիսի 4-ին, երբ ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովը քննարկում էր օտարալեզու դպրոցներ հիմնելու վերաբերյալ կառավարության նախաձեռնությունը՝ այդ հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը դեմ էր հանդես եկել ուսուցումն ավագ դպրոցում կազմակերպելու առաջարկին, որի կողմնակիցն էին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Մեջբերում ենք տիկին Բիշարյանի խոսքերն (ըստ «Ա1+»-ի եւ «Երկիր Մեդիայի» հաղորդումների), թե 3 տարում աշակերտները չեն կարողանա յուրացնել ծրագիրը. «Եթե արվում է փոփոխություն, ապա պետք է անել միջին դպրոցից», ավագ դպրոցից օտարալեզու կրթության անցնելն իմաստ չունի. «Ճիշտը 5-րդ դասարանից անցնելն է: Եթե չէ, ուրեմն անիմաստ է, աբսուրդ, ավելի լավ է չանեն»: Այս ամենը հաշվի առնելով՝ զարմանալի էր հունիսի 24-ին, երբ Հովհաննես Մարգարյանն ԱԺ-ում ներկայացնում էր ՕԵԿ դիրքորոշումը՝ ունկնդրել, թե ի շարս այլ սկզբունքային առաջարկների՝ իրենք ներկայացրել են հետեւյալը. «Միջին դասարանները, որոնք 5-9-ն են՝ մենք առաջարկել ենք, որպեսզի այդ դասարաններն ընտրվեն ոչ թե 5-ից, այլ 7 եւ բարձր»:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իրենց առաջարկների «հեղինակային իրավունքները» յուրացնելու փորձի կապակցությամբ ասաց. «Մեր քաղաքական պրակտիկայում, ինչպես հասկացել եմ՝ դա ընդունված ավանդույթ է: Այդուհանդերձ, ողջ այս ընթացքում թե՛ ԲՀԿ-ի, թե՛ այլ քաղաքական ուժերի դիրքորոշումը եղել է հանրությանն ի տես, եւ կարծում եմ՝ բոլորը հիշում են՝ ով ինչ էր առաջարկում ու պնդում»:
Այս առնչությամբ անդրադարձավ մամուլում հրապարակված արտահոսքին՝ ՀՀ նախագահի մոտ կենսաթոշակային փաթեթի քննարկման ավարտին նաեւ այս օրինագծին արված անդրադարձին. «Եվ որքան հիշում եմ (իսկ ես շատ լավ հիշողություն ունեմ), բացի ԲՀԿ-ի ներկայացուցիչներից՝ որեւէ մեկը ոչ մի վերապահում չի հայտնել ԱԺ ներկայացված այն նախագծի կապակցությամբ, որտեղ խոսքը 5-րդ դասարանից այլալեզու կրթական ուսուցման մասին էր: Այդուհանդերձ, ողջունում ենք, որ մեր կոալիցիոն գործընկերներից եւս մեկը հանգեց եզրահանգման, թե այդ կրթությունը պետք է կազմակերպվի ավագ դպրոցներում, իսկ 1-2 մասնավոր դպրոցի համար կարելի է անել բացառություն՝ 7-րդ դասարանից»: