Ես փնտրեցի ժամանակն ու չգտա, ես տեսա միայն շարժումը, տեսա՝ ինչպես են փոքրերը մեծանում, եւ ինչպես են ծերանում մեծերը: Եվ ինչպես է նոր եկող աշխարհը մոռանում հներին՝ համարելով հնացած: Այնինչ՝ այդ նույն հեռացողների, թերեւս չգիտակցված արյան ջահել խայտանքն է իրենց մեջ: Ես փորձեցի, ուզեցի ճանաչել ժամանակը, տեսնել նրա դեմքն իմ անցողիկ կյանքում ու չտեսա: Եվ ես այսօր էլ չգիտեմ, թե ի՞նչ պատկեր ունի ժամանակի դեմքը եւ ո՞ւմ է նման: Եվ ես իմ փնտրտուքների մեջ, սակայն, հասկացա ընդամենը մի բան, որ երբ արյունը հեռանում է իր ճակատագրից՝ մոռանում է իր հայրենիքը, երկիրը, որ իր նախնական արյանը կյանք էր տվել…
Ես շատ եմ սիրում թատրոն, բայց դժվարանում եմ նստել դահլիճում, որովհետեւ անձկության հիվանդություն ունեմ, չեմ սիրում, որ իմ երկու կողքը մարդիկ են նստած, նեղվում եմ, ու միտքս դառնում է թափառ, եւ չեմ կարողանում հետեւել բեմին: Չեմ սիրում նաեւ վերելակ, վերջերս նաեւ՝ վայրիջակ, նեղվում եմ ու փնտրում եմ բաց, ազատ միջավայր, ուր ամեն ինչ կա, այդ թվում նաեւ կյանքի ամենօրյա թատրոնը: Եվ ցանկանալով ինձ արդարացնել՝ մտածում եմ, որ իմ հնագույն նախնիների զավակն եմ ես, ովքեր դարեր շարունակ Աստծո նախաստեղծ աշխարհից հեռացան այլ եզերքներ, իրենց հետ տանելով՝ արիացու կնիքը վրան, իրենց գիտությունն ու անշրջափակ ապրելու կարգը: Եվ երբ մերոնք մի թեւով Եփրատով իջան ներքեւ եւ հիմնադրեցին Շումեր անունով նոր երկիր, որը երկու գետերի արանքում էր, ու կոչեցին ջուր եւ երկինք, նորից անձկության մեջ էի, ուստի, ժամանակների մեջ այլափոխվեցին՝ աշխարհին թողնելով իրենց անհավատալի քաղաքակրթությունն ու Գիլգամեշը, մի հերոսի՝ ով անմահության գաղտնիքն իմանալու համար ճանապարհ ընկավ դեպի իր նախնիների հայրենիքը, հասնելով Մաշու լեռը, այսինքն՝ Մասիս լեռը, որտեղ ջրհեղեղից հետո իջել էր նոր աշխարհի նահապետը՝ Նոյը: Եվ մարդ՝ ով գիտեր անմահության գաղտնիքը: Իսկ գաղտնիքը կենդանի ջրի տակ էր, որից էլ հղիացավ մեր էպոսի տիրամայրը…
Եվ այսօր ստացվել է այնպես, որ մեր աշխարհաստեղծ լուսավոր ցեղը դարձյալ հայտնվել է երկկողմանի անձուկի մեջ, այնինչ՝ մենք աշխարհի, թերեւս, միակ ազգն ենք, որ ի սկզբանե մնացել ենք նույնը, չենք այլափոխվել, ու իրենց արիացի համարողները եւ հնդեվրոպական լեզվի հետեւորդները, եւ եթե դեռեւս հիշողությունը չեն կորցրել, պիտի որ թեւ ու թիկունք լինեն մի ցեղի՝ ումից սերում են իրենք եւ ուր բոլորովին վերջերս գտնվեց հինգ հազար հինգ հարյուր տարեկան կանացի մի կոշիկ… Մտածում եմ, թե մեր խեղճ աղջիկ, ինչքան ես փնտրել կորցրած կոշիկդ, եւ ինչ լավ է, որ չես գտել, առանց երեւակայելու անգամ, որ քո կորցրածի գաղտնիքն այսօր պիտի բացվեր եւ դրանով ինձ՝ ժամանակի դեմքը փնտրողիս եւ աշխարհին՝ ցույց տալու քո ցեղի էությունը անժամանակի մեջ…