Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻՆԴԲԼԱԴԻ ՀԱՐՑՈՒՄ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

Հունիս 25,2010 00:00

\"\"Դրանց մասին խոսում են ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչները

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի երեկվա նիստում քվեարկությամբ Հայաստանի հարցով համազեկուցող ընտրվեց միակ թեկնածուն՝ ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադը։ Նրա թեկնածությունը ներկայացրել էր ԵԽԽՎ-ում քանակով ամենամեծը հանդիսացող Եվրոպական ժողովրդական կուսակցություն (EPP) խումբը:

Նշենք, որ սահմանված կարգի համաձայն՝ Հայաստանի ներկայացուցիչները չէին կարող քվեարկել համազեկուցողի ընտրության ժամանակ: Սակայն որքան մեզ հայտնի է՝ մեր պատվիրակներն ընդդեմ Լինդբլադի ելույթներ էին ունեցել, նշելով, թե նա կանխակալ վերաբերմունք ունի Հայաստանի հանդեպ, եւ նրա նշանակումը յուրօրինակ սադրանք է մեր երկրի հանդեպ:

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով նոր համազեկուցողին՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց. «Մենք հարգում ենք Վեհաժողովում Հայաստանի վերաբերյալ արտահայտվող բոլոր կարծիքները: Մենք լսում ենք քննադատությունը: Դա չէ հարցը: Հարցն այն է, որ մենք չենք կարող աշխատել բացահայտ թշնամաբար տրամադրված ներկայացուցչի հետ, ով հակահայկականության ռեկորդ է սահմանել բոլոր առումներով՝ մասնավորապես, այնպիսի հարցերով, որոնք չեն առնչվում Հայաստանի ներքին քաղաքականությանը: EPP-ի այս թեկնածուն բազմիցս ցուցադրել է, որ նա բացահայտ կանխակալ ու թշնամական է տրամադրված Հայաստանի հանդեպ»: Եվ Դավիթ Հարությունյանը թվարկեց Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին վերաբերող այն բոլոր բանաձեւերի նախագծերը, որոնց ներքո ստորագրել է Գորան Լինդբլադը՝ նշելով, թե մեջբերում է միայն այն փաստաթղթերի անունները, որոնք վերջերս են դրվել շրջանառության մեջ՝ «Հայաստանը խստորեն հակասում է միջազգային իրավունքի նորմերին», «Հայաստանը ջանքեր է գործադրում՝ օրինականացնելու իր օկուպացիան», «Հայաստանը մտադրություն է ցուցադրում՝ դառնալու մոնոէթնիկ պետություն», «Հայաստանում քրդերը բախվել են շատ լուրջ վտանգի», «Հայաստանը վտանգում է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ անմիջական բանակցությունների գործընթացը»: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարն ասաց, թե այս շարքը երկար է, բայց չի ցանկանում շարունակել: Եվ ամփոփեց, որ նման համազեկուցողի ընտրությամբ կարող է սասանվել կառուցողական համագործակցությունը. «Այս իրավիճակը վտանգում է մոնիթորինգի վստահելիությունը: Սա կարող է հանգեցնել ինստիտուցիոնալ ճգնաժամի»:

Հայաստանի հարցով նոր համազեկուցողի նշանակման առնչությամբ «Առավոտը» փորձեց պարզել նաեւ Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը, առավել եւս, որ ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության ղեկավար Լինդբլադը հայտնի է նրանով, որ այս տարվա փետրվարին ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրել 2008թ. մարտի 1-ին ՀՀ բանակի ներգրավվածության մասին զեկույցը: Հիշեցնենք, որ այդ զեկույցում ՀՀ իշխանությունների գործունեությունը գնահատվում էր որպես «պետական հեղաշրջման տարրեր պարունակող» գործողություն:

«Իհարկե, նա ցույց է տվել, որ հետեւողական է մարտյան դեպքերին ՀՀ բանակի ներգրավման մասով հետաքննություն իրականացնելու նախաձեռնությամբ, ու կարծում եմ, նա իր պաշտոնում եւս հետամուտ կլինի այդ խնդրին՝ հատկապես հաշվի առնելով Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների կողմից նույն խնդրի առնչությամբ հրապարակած զեկույցը: Հուսով եմ, որ այն ստոր գործարքները, որին ՀՀ գործող իշխանության հետ գնացել են ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող նախորդ զույգը, Գորան Լինդբլադի օրոք չի կրկնվի»,- ասաց Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, բայցեւ հեգնանքով հավելեց, թե «իշխանությունների մատը խառն է այդ նշանակման հարցում, որովհետեւ Լինդբլադը ներկայացնում է Ժողովրդական կուսակցությունը, որի նախագահ Մարտենսի հետ Սերժ Սարգսյանը երկու անգամ հանդիպելու պատիվ է ունեցել՝ մեկ անգամ Բրյուսելում, եւ մյուսը՝ Երեւանում: Ովքեր տեղյակ չեն կամ չեն հիշում, հիշեցնեմ, որ Ժողովրդական կուսակցությունն էր, որի պնդմամբ Եվրախորհրդարանի մայիսին ընդունած բանաձեւում շեշտվել է հայկական զորքերը Ադրբեջանի «օկուպացված» տարածքից դուրս բերելու դրույթը, ու հիմա էլ այդ կուսակցությունը ներկայացրել է Լինդբլադի թեկնածությունը»:

«Առավոտի» հետ զրույցում նույն խնդրի առնչությամբ ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանն էլ հավելեց, թե՝ ՀԱԿ-ն առաջիկա օրերին ե՛ւ այդ նշանակման, ե՛ւ Մոտնիթորինգի հանձնաժողովի վերջին նիստի առնչությամբ հայտարարություն է անելու: Բայց մինչ այդ Գրիգորյանը փոխանցեց, թե «Լինդբլադի նշանակման առնչությամբ, իհարկե, մտահոգություններ կան այլ բանի կապակցությամբ: Դժվար է ԵԽ-ում Հայաստանի դեմ ընդունված կամ առաջարկված որեւէ փաստաթուղթ գտնել, որի տակ պարոն Լինդբլադի ստորագրությունը չլինի: Եվ խոսքն այստեղ, իսկապես, Հայաստանի դեմ ուղղված եւ ոչ թե պարզապես ՀՀ իշխանություններին քննադատող փաստաթղթերի մասին է: Հույս ունենք, որ պարոն Լինդբլադը Հայաստանի հարցով համազեկուցողի իր պաշտոնը կծառայեցնի դրա համար նախատեսված եւ ոչ թե այլ նպատակների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել