Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՀԱՐՈՒՄ՝ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Հունիս 24,2010 00:00

Մրցույթների կազմակերպիչների արանքով «սեւ կատու» է անցել

Վերջերս Հայաստանի մարզերի եւ Երեւանի տարբեր կառույցներին «Միսս եւ միստր բարեգործական հիմնադրամի» նախագահ Աշոտ Խաչատրյանը նամակ է ուղարկել, որտեղ ասվում է, թե ինքը «Համաշխարհային գեղեցկության կազմակերպության» բացառիկ իրավունքով երկար տարիներ տիրապետում է «Թոփ մոդել Հայաստան», «Թոփ մոդել Վրաստան», «Թոփ մոդել Ռուսաստան» միջոցառումներն անցկացնելու լիազորությանը, ինչպես նաեւ բացառիկ ապրանքային նշանի եւ անվան միակ հավատարմագրված օգտագործողն է: «Ամուսիններ Գեւորգ Ասատրյանն ու Լուսինե Բաղդասարյանը, քաջատեղյակ լինելով իմ սեփականության փաստին, խորամանկորեն, խաբեությամբ կազմակերպում են «Թոփ մոդել Հայաստան» մրցույթներ, որոնք չունեն իրավական հիմք եւ պետռեգիստրում գրանցված չեն: Նրանք ոտնահարում են իմ բարի համբավն ու համաշխարհային ճանաչումը», -ասվում է նույն նամակում:
Օրերս «Առավոտի» խմբագրություն էր դիմել «Թոփ մոդել պրոդաքշնի» գլխավոր տնօրեն ներկայացած Գեւորգ Ասատրյանը՝ փաստաթղթերի հսկա տրցակով, որոնք, իր համոզմամբ, հավաստում են, որ Ա. Խաչատրյանը գործում է օրենքի դաշտից դուրս եւ մրցույթների մասնակիցների ծնողների հաշվին վաստակում գումարներ:
Ի դեպ, Ա. Խաչատրյանն ու Գ. Ասատրյանը երկար տարիներ՝ 2003-2008 թթ, համագործակցել են: Գ. Ասատրյանի պատմելով, մի օր էլ Ա. Խաչատրյանը իրենից պահանջել է վերջին միջոցառման հասույթի 50%-ը, արդյունքում՝ գործընկերների միջեւ սեւ կատու է անցնում: «Շուրջ 5 տարի Խաչատրյանի հետ համագործակցության ընթացքում երբեք չեմ հետաքրքրվել նրա գործունեությամբ, չեմ ուսումնասիրել նրա տված դիպլոմներն ու տիտղոսները երեխաներին եւ չեմ իմացել նրա կեղծ անվանապիտակների մասին: Այդ տարիներին տարբեր քաղաքներում՝ Արտաշատում, Մասիսում, Թալինում, Ներքին Բազմաբերդ համայնքում կազմակերպել եմ մրցույթներ Խաչատրյանի հետ միասին: 2008-ին մեր համագործակցությունը խզվեց, քանի որ Տիկնիկային թատրոնում կայացած «Միսս եւ միստր Էրեբունի» մրցույթի ավարտից հետո պարոն Խաչատրյանը հայտարարեց, որ ես պետք է իրեն տամ շահույթի 50 տոկոսը: Այնինչ՝ ողջ միջոցառումը ես կազմակերպել էի իմ միջոցներով, առանց շահույթ հետապնդելու, քանի որ դա եղել է ինձ համար ուղղակի հոբի»,- ասում է Գ. Ասատրյանը:
Նա նշում է, որ Ա. Խաչատրյանը միշտ էլ հանդիսատես է հավաքել՝ պարտադրված 20-30 հազար դրամանոց տոմսեր վաճառելով ծնողներին, սպառնալով, որ տոմսերից հրաժարվողների երեխաները տեղեր չեն զբաղեցնի:
Գ. Ասատրյանը հավաստիացնում է, որ իր կազմակերպությունը՝ «Թոփ մոդել պրոդաքշնը» աշխատում է օրենքի դաշտում. «2008-ի դեկտեմբերին պետռեգիստրում որպես անհատ ձեռնարկատեր գրանցեցի իմ կազմակերպությունը, որի հիման վրա մի քանի ամիս անց մտավոր սեփականության գործակալությունում գրանցեցինք ապրանքանիշս: Մեր կազմակերպությունը ապրանքային նշանով ոչ մի նմանություն չունի «Միսս եւ միստր թոփ մոդել Երեւան» կամ «Թոփ մոդել Հայաստանի» հետ: 2008-ի դեկտեմբերից առայսօր հարգարժան Խաչատրյանը տարբեր միջոցներով եւ առումներով սպառնում է մեզ եւ վարկաբեկում մեր գործունեությունը, մինչեւ անգամ ահաբեկում տարբեր կրիմինալ դեմքերի միջոցով: Նամակն էլ, որ ուղարկում է տարբեր կառույցների, այնքա՜ն անգրագետ է: Իրեն կոչելով ՀՀ իրավաբանների միության անդամ, նա չի իմանում, որ իրավաբանորեն նամակն առանց թվագրման չի կարող ուղարկվել»:
Համագործակցության տարիներին Ա. Խաչատրյանը Գ. Ասատրյանին տվել է տեղեկանք այն մասին, որ Ասատրյանը ճանաչում է Խաչատրյանի հեղինակային իրավունքը: «Եվ որ նա՝ հեղինակը, բացառիկ իրավունք ունի թույլատրել կամ խաթարել իր ստեղծագործության օգտագործումը: Ուստի լիազորում է ինձ անցկացնել «Թոփ մոդել Հայաստան» մրցույթ-փառատոնը: Սա կեղծ փաստաթուղթ է, որովհետեւ, ըստ Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին օրենքի եւ ըստ «Հայ հեղինակ» կազմակերպության, Հայաստանում մրցույթները չեն հանդիսանում հեղինակային իրավունքի սուբյեկտներ: Նա մեզ տվել է այս թուղթը, որպեսզի մեր համագործակցության տարիներին ես լիազորված լինեի ՀՀ մարզերում անցկացնել միսս եւ միստր մրցույթներ: Այն ժամանակ, որ վերցնում էի սա, չէի մտածում, թե կարող է կեղծ լինել,- հավելեց նա:- Բացելով նրա ինտերնետ կայքը, կարդում ես, որ նրան են պատկանում աշխարհի բոլոր մրցույթները: Ամեն տեղ նա ներկայացնում է մի փաստաթուղթ, իբր թե Պանամայից ուղարկված լիցենզիա էլ ունի՝ տարբեր մրցույթներ կազմակերպելու իրավունքով: Նա ամեն տեղ ամպագոռգոռ նշում է, որ իրեն են պատկանում աշխարհի 100-ից ավելի մրցույթների լիցենզիաները: Նախ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համապատասխան, եթե դու ունես լիցենզիա, դրա համար վճարում ես Հայաստանի կառավարությանը: Այդ թուղթը, որն ինքը ցույց է տալիս ամեն տեղ, նրան իբր տվել են Պանամայից…»:
Գ. Ասատրյանը նաեւ պնդում է, որ Աշոտ Խաչատրյանի տված դիպլոմներն ու վկայականները նույնպես կեղծ են: Երբ մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, այդ ամենն իմանալով ինչո՞ւ է հիմա՛ բարձրաձայնում այդ մասին, նա պատասխանեց. «Դա ինձ չի հետաքրքրել: Այժմ տեղեկանք ունեմ այն մասին, որ, ըստ պետական միասնական գրանցամատյանում 14.10.2009թ. դրությամբ առկա տեղեկությունների՝ «Միսս եւ միստր աշխարհ» (Հայաստան) միջազգային կազմկոմիտե» անվանումով իրավաբանական անձ պետական ռեգիստրում գրանցված չէ: Թե ի՞նչ վկայականներ է տալիս նա երեխաներին, պարզ չէ: «Միսս եւ միստր» անվանում չկա գրանցված նաեւ Մտավոր սեփականության գործակալության ֆիրմային անունների տվյալների բազայում: Սա նշանակում է՝ ֆիրմային անունների մասով եւս այս ամենը փուչիկ է: Նրա անվան դիմաց գրանցված անուններն են միայն «Միսս եւ միստր աշխարհ ջունիոր» եւ «Միսս, միստր հրաշամանուկ», բայց ո՛չ «Միսս եւ միստր աշխարհ» կամ «Հայաստան»: Մարդն անում է «Միսս եւ միստր աշխարհ» եւ վկայականները բաժանում երեխաներին: Ծնողներն էլ ուրախանում են՝ թե իրենց երեխան մասնակցել է «Միսս աշխարհ» մրցույթին: Իսկ իր ներկայացված փաստաթղթերի վրա ոչ այլ ինչ է, քան «Վիագրա» կազմակերպության կնիք»:

Հ. Գ. Երեկ ոչ մի կերպ չհաջողվեց կապվել «Միսս եւ միստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Աշոտ Խաչատրյանի հետ: Պատրաստ ենք ներկայացնել նաեւ նրա տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել