Եվ այսպես, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ընթացող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցաշարն աննկատ մոտենում է ավարտին՝ բազմամիլիոն ֆուտբոլասերներին հիշեցնելով, որ տարվա գլխավոր մարզական իրադարձությունը մշտական չէ:
Հունիսի 25-ին կավարտվի խմբային մրցաշարը եւ ՀԱՀ-ում կմնան պայքարը շարունակելու իրավունք նվաճած միայն 16 երջանիկ ազգային հավաքականները: Սկսած 1/8 եզրափակչից, ՀԱՀ-ի ութ քաղաքների ստադիոններում մրցակցությունն ավելի անզիջում, հետեւաբար՝ ավելի դիտարժան է լինելու, քանի որ, նախ՝ ասպարեզում մնալու են արժանավորները, ապա, ի տարբերություն խմբայինի, այսուհետեւ պարտվող թիմը լքելու է առաջնությունը:
Արդեն հայտնի են «A» եւ «B» խմբերից փլեյ-օֆ անցած երկուական թիմերը: Դրանք են Ուրուգվայն ու Մեքսիկան, Արգենտինան ու Հարավային Կորեան: Իհարկե, հավաքականների համար գլխավորը հաջորդ փուլ անցնելն է: Սակայն պակաս կարեւոր չէ, թե ո՞ր տեղով ես անցնում, քանի որ 1/8 եզրափակչում տվյալ խմբի հաղթողը հանդիպելու է իրեն բաժին հասած մյուս խմբի երկրորդ տեղը գրավողի հետ: Հենց այս սկզբունքով էլ «A» խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրած Ուրուգվայի մրցակիցը փլեյ-օֆում (հունիսի 26-ին՝ Պորտ-Էլիզաբեթում) «B» խմբում երկրորդը ճանաչված Հարավային Կորեան է, իսկ հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված Արգենտինայինը («B» խումբ)՝ Մեքսիկան: Վերջին զույգի խաղը նշանակված է հաջորդ օրը՝ Յոհաննեսբուրգում:
Ահա, թե ինչ տեսք են ստացել վերոնշյալ խմբերի ամփոփիչ մրցաշարային աղյուսակները եւ ինչպես են ավարտվել խաղերը:
«A» խումբ:
1. Ուրուգվայ 3 2 1 0 4-0 7
2. Մեքսիկա 3 1 1 1 3-2 4
3. ՀԱՀ 3 1 1 1 3-5 4
4. Ֆրանսիա 3 0 1 2 1-4 1
ՀԱՀ-Մեքսիկա՝ 1:1, Ուրուգվայ-Ֆրանսիա՝ 0:0, ՀԱՀ-Ուրուգվայ՝ 0:3, Ֆրանսիա-Մեքսիկա՝ 0:2, Մեքսիկա-Ուրուգվայ՝ 0:1, Ֆրանսիա-ՀԱՀ՝ 1:2:
«B» խումբ:
1. Արգենտինա 3 3 0 0 7-1 9
2. Հր. Կորեա 3 1 1 1 5-6 4
3. Հունաստան 3 1 0 2 2-5 3
4. Նիգերիա 3 0 1 2 3-5 1
Հարավային Կորեա-Հունաստան՝ 2:0, Արգենտինա-Նիգերիա՝ 1:0, Արգենտինա-Հարավային Կորեա՝ 4:1, Հունաստան-Նիգերիա՝ 2:1, Նիգերիա-Հարավային Կորեա՝ 2:2, Հունաստան-Արգենտինա՝ 0:2:
Երեկ երեկոյան եւս երկու խմբում կայացան վերջին խաղերը: «C» խմբում Անգլիան հանդիպեց Սլովենիայի հետ, ԱՄՆ-ը՝ Ալժիրի, իսկ «D» խմբում զույգեր կազմել էին Գանան ու Գերմանիան, Սերբիան ու Ավստրալիան: