Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐԳԱՀՈՎԻՏՈՒՄ

Հունիս 24,2010 00:00

Հունիսի 22-ը պատմական օր էր Մարգահովիտում: Մշակույթի բազում միջոցառումներ, տարբեր ոճերի երգ-երաժշտություն ու համերգներ տեսած եւ հարուստ ավանդույթներով գյուղն առաջին անգամ էր իր հարկի տակ ընդունում կամերային երգչախումբ: Վանաձորի քաղաքապետարանի կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Ռուդոլֆ Վարդազարյան) ամեն մի կատարում ուղեկցվում էր երկարատեւ ու սրտաբուխ ծափահարություններով:
Այդ օրն առաջին անգամ կամերային երգչախմբի հետ ելույթ ունեցավ կրթամշակութային համալիրի երաժշտական բաժնի 5-րդ դասարանի աշակերտ Մարիամ Թեմրազյանը (դասատու՝ Մագդա Դադյան):
«Հազվադեպ է պատահում, որ ստեղծագործությունը հուզի միանգամից այսքան մարդու,- առաջին անգամ գյուղում կազմակերպված համերգի առթիվ աչքալույս տալով ներկաներին՝ ասաց համայնքի հոգեւոր հովիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը:- Այսօր տարաբնույթ երգ-երաժշտություն ենք լսում, որի մեջ հաճախ կորչում է բարձր արվեստը: Ես այն կարծիքին եմ, որ երաժշտությունը սիրելու համար նախ պիտի ընկալես, բնակեցնես հոգուդ մեջ»: Համերգն ավարտվեց Մարգահովիտի երջանկահիշատակ գյուղապետ Սեյրան Անանյանին նվիրված երաժշտական համարի կատարմամբ: Անանյանը ժամանակին ամեն ինչ արել է համայնքի մշակութային կյանքը բարելավելու եւ պարբերաբար նման միջոցառումներ կազմակերպելու համար:
«Երաժշտական դպրոցի յուրաքանչյուր սանի համար հպարտություն է ելույթ ունենալ կամերային նվագախմբի հետ: Ճիշտ է՝ Մարիամի կատարողականում թերություններ կային, բայց հնարավորինս շտկեցինք եւ հնարավոր դարձավ մեր համատեղ ելույթը: Կարեւորը նախաձեռնությունն ու ցանկությունն է»,- ասաց Ռ. Վարդազարյանը: Մ. Դադյանն էլ հույս հայտնեց, որ համերգը կխթանի սաների աշխատասիրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել