Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրունու թատերգությունները

Հունիս 24,2010 00:00

\"\"Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ լիբանանահայ ճանաչված արձակագիր, դրամատուրգ, հրապարակագիր Արա Արծրունու «Թատերգություններ» երկհատորյակի (արեւելահայերեն) Ա հատորի շնորհանդեսը: Գիրքը արեւմտահայերենից արեւելահայերենի է վերածել, առաջաբանը գրել, խմբագրել ու ձեւավորել Արթուր Անդրանիկյանը: Ա. Արծրունին աշխատակցել է Բեյրութի «Բագին», «Կամար» գրական հանդեսներին, «Ազդակ» օրաթերթին եւ «Արծիւ» ամսաթերթին, բազմաթիվ գրքերի հեղինակ է: Նրա թատերգություններից «Վահագնը» եւ «Միալար երաժշտությունը» բեմադրվել է Բեյրութում՝ Փորձարարական թատրոնի, իսկ «Մժեղը»՝ Տորոնտոյի «Համազգային» Ժորժ Սարգիսեան թատերախմբի եւ Երեւանի կամերային թատրոնի կողմից:
Դառնալով «Միալար երաժշտությանը» (գրված 1971-ին, բեմադրված 1980-ին, Զոհրապ Յագուբյանի կողմից), նշենք, որ վերջինս Բեյրութի հայաշատ շրջանի՝ Պուրճ Համուտի թատերասրահի կուսակցական պատասխանատուների, ապա Ազգային միջնակարգ վարժարանի կուսակցական խնամակալության կողմից համարվել է «քաղաքական ղեկավարների դեմ» եւ «անբարո» գործ: Անգամ բեմադրության համար սրահ չի հատկացվել եւ «պաշտոնապես» արգելվել է թատերախաղը բեմ հանել: Կազմակերպիչները սպառնացել են խաղալ անվճար, բացօթյա, Պուրճ Համուտի հրապարակում: Բազմաթիվ վեճերից հետո, այդ ժամանակվա առաջնորդ Արամ վարդապետ Քեշիշյանի (այժմ՝ կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո) միջամտությամբ, խմբին արտոնվել է խաղալ խիստ սահմանափակ օրեր:
Հեղինակի եւ նրա գրական ժառանգության մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է այցելել նրա կայք՝ www.araartsruni.com:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել