Լրահոս
Օրվա լրահոսը

Ասելիք՝ կրծքի միջոցով

Հունիս 24,2010 00:00

\"\"Սյուզան Դեսսելի «փոխակերպությունը»

Oրերս «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց նյույորքցի արվեստագետ, ազգությամբ հրեա Սյուզան Դեսսելի «Ուրիշ-այլի փոխակերպություն» խորագրով ֆիգուրների ցուցահանդեսը, որն իրականացվում է «Արվեստի եւ մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա» կազմակերպության «Գեղարվեստական կոմունա» արվեստագետների միջազգային կացարանի ծրագրերի շրջանակում:
Ս. Դեսսելը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսը մայրության խորհուրդ ունի եւ աշխատանքները հարգանքի տուրք են Վայոց ձորի Եղեգիս գյուղում գտնված հրեական գերեզմանոցում թաղված կանանց հիշատակին:
Արվեստագետի ինստալյացիան բաղկացած է հրեա եւ հայ կանանց, ինչպես հեղինակն է ասում՝ ծծմայրերի 365 ֆորմաներից, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է մեջք մեջքի տված մերկ մարմիններից: Այն ներկայացնում է յուրաքանչյուր երեխայի համար կուրծք տալու 24-ամսյա պարտադիր նվազագույն շրջանը: Մի կողմում՝ ոսկեպատ, հայկական խաչքար է, մյուսում՝ Դավթի հրեական վեցաթեւ աստղը:
Իսկ ինչո՞ւ հենց ծծմայրեր: Հեղինակը այսպես է պարզաբանում. «Անցյալում՝ եթե չեմ սխալվում 13-րդ եւ 14-րդ դարերում, հրեա կանայք հարկադրված էին կրծքով կերակրել իրենց երեխաներին առնվազն 24 ամիս: Մի ժամանակ, երբ մանկական մահացությունը սովորական բան էր, սա պետք է երաշխավորեր, որ մայրական կաթով սնված երեխան ողջ կմնա: Իսկ երբ որեւէ կին անկարող էր 24 ամիս կուրծք տալ իր երեխային, ծծմայրերի էին դիմում: Վերջիններս, որոնց հրեաներն ու քրիստոնյաներն էին վարձում, կարող էին լինել եւ հրեա, եւ քրիստոնյա կանայք»:
Ս. Դեսսելը նաեւ հավելեց. «Եղեգիսում գտնվող Օրբելյան ընտանիքի գերեզմանատան քննության արդյունքները ցույց տվեցին, որ այս ազնվականների տապանաքարերը՝ իրենց ձեւով, մշակմամբ, նախշազարդմամբ նման են հրեական տապանաքարերին: Այստեղ ակնհայտ է հրեական եւ տեղական հայկական մշակութային ավանդությունների զուգորդումը»:
Արվեստագետը նշում է, որ իր աշխատանքը տեսողական յուրօրինակ մեկնաբանություն է հասարակական հարցերի եւ միտումների. «Սա հաղորդում է իմ այն համոզմունքը, թե մեզանից յուրաքանչյուրը հասարակության բնույթի վճռորոշ գործոնն է»: Նրա խոսքով՝ «ստեղծագործությունը կամրջում է անցյալը ապագայի պոտենցիալին»:
Մեկնաբանելով ուրիշի եւ այլի փոխակերպումը, արվեստագետն ասաց. «Ինչպես միջնադարյան հրեաներն էին ուրիշ՝ հայ քրիստոնյաների մեջ, այդպես էլ հայերը պատմականորեն ունեցել են Սփյուռքում ուրիշ լինելու փորձառությունը: Այս աշխատանքը նպատակ ունի մղելու դիտողներին՝ դիտարկելու «ուրիշության» տեղը՝ մեծապես միատարր հայ հասարակության մեջ: Ֆիգուրների օգտագործումը հղում է կանանց կյանքի որոշ կողմերի ընդհանրությանը, մինչդեռ նրանց միջեւ առկա տարբերությունները խորհրդանշում են կանացի անհատականությունը: Ըստ իս, 365 ֆորմաների եւ նռան 365 հատիկների քանակների համընկնումը պատահական է, բայց՝ տեղին»:
Հետաքրքրվեցինք՝ մտավախություն չունի՞, որ իր կրծքանման ֆորմաները հայերը այլ կերպ կընկալեն: «Ես ընդամենը երեխա կերակրող կին եմ պատկերել: Աշխարհում ինչ ազգի կնոջ էլ պատմես ծծմայրերի մասին, հաստատ վատ չի ընդունվի: Իսկ այս պարագայում խոսքը վերաբերում է հայ եւ հրեա կանանց համագործակցությանը»,- նկատեց Սյուզանը:
Հարցին՝ ցուցահանդեսը «կմեկնի՞» Նյու Յորք, հեղինակը պատասխանեց. «Ես էի շատ ցանկանում, որ այն հենց Հայաստանում՝ Երեւանում բացվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել