Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՆԱՑԻ» ՊՐԵՄԻԵՐԱ

Հունիս 24,2010 00:00

Երիտասարդ կոմպոզիտորներ Շուշան Սարգսյանն ու Բելլա Հովհաննիսյանը առաջին անգամ ներկայացան մեծ ծրագրով

\"\"
Շուշան Սարգսյանն (ձախից) ու Բելլա Հովհաննիսյանը:

Վերջին շրջանում երաժշտական հայտագրերում սկսել են հաճախ երեւալ հայ ժամանակակից կոմպոզիտորների անունները, ինչում իրենց ներդրումն ունեն Հայաստանի կոմպոզիտորների միությունը (նախագահ՝ Ռ. Ամիրխանյան) եւ Հայկական երաժշտական համաժողովը (նախագահ՝ Լ. Չաուշյան): Վերջերս թողարկվել է CD՝ ժամանակակից կին ստեղծագործողների երկերով: Երեկ էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած «Պրեմիերա. Հեղինակային համերգ-երեկո. հայ ժամանակակից երաժշտությունը նրանց աչքերով» ծրագիրը եզակի էր իր մտահղացմամբ: Հնչեցին երկու կին կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Շուշան Սարգսյանի եւ Բելլա Հովհաննիսյանի: Երիտասարդներն առայժմ ազատ ստեղծագործողներ են, սակայն ցանկություն ունեն ընդգրկվելու երկու միություններից որեւէ մեկում: Եվ Շուշանը, եւ Բելլան ավարտել են Երեւանի կոնսերվատորիան, համապատասխանաբար՝ կոմպոզիտորներ Վարդան Աճեմյանի եւ Արամ Սաթյանի դասարանները: Կոմպոզիտորները ներկայացան վոկալ եւ սիմֆոնիկ ժանրի երկերով՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) եւ երգչուհիներ Լուսինե Առաքելյանի, Թերեզա Գեւորգյանի, Նարինե Անանիկյանի մատուցմամբ:
«Առավոտը» խնդրեց Շուշանի եւ Բելլայի պրոֆեսորներին՝ ներկայացնել իրենց երբեմնի ուսանողներին: Վ. Աճեմյանը, խոսելով Շուշանի մասին, ասաց, որ նա հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, որոնցից կառանձնացներ «Սոնատ-վարիացիաները», «Մուշի մեջ» խմբերգը, «Նամուս» սիմֆոնիկ սյուիտը: Հավելեց նաեւ, որ դեռեւս ուսանողական տարիներին ուսանող-կոմպոզիտորի առաջին CD-ն հրատարակել է Ուկրաինայի ճանաչված «NN» ձայնագրման ստուդիան: Ա. Սաթյանն էլ նշեց, որ Բելլան, դարձյալ դեռեւս ուսանողական տարիներին, իր որոշ ստեղծագործություններով ներկայացել է Ավստրիայի մի շարք քաղաքների երաժշտասեր հանրությանը: Նա հեղինակ է բազմաբնույթ ստեղծագործությունների՝ Լարային կվարտետ, Դաշնամուրային պիեսներ, Սիմֆոնիկ պոեմ եւ այլն:
Շուշանից եւ Բելլայից հետաքրքրվեցինք՝ հայաստանյան ո՞ր երաժշտական միության անդամ են նախընտրում դառնալ: Նրանք շրջանցելով հարցը, միայն հայտնեցին, որ գործող երկու միությունները պետք է համալրվեն երիտասարդ ստեղծագործողներով, ինչի արդյունքում կլինի նոր շունչ, նոր երանգ, նոր մոտեցում…: Նրանք մտահոգություն հայտնեցին, որ իրենց տարեկից ստեղծագործողները չեն ստեղծում մեծ կտավի գործեր, որովհետեւ դրանց կատարումը, ձայնագրությունը կապված են շոշափելի գումարների հետ: Այդ պատճառով հնարավոր է հայ հեղինակների համար հետագայում «մահանան» մի շարք ժանրեր՝ օպերա, բալետ, սիմֆոնիա, օրատորիա եւ այլն:
Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ս. Սմբատյանից էլ կարծիք հարցրինք: Ըստ դիրիժորի՝ երիտասարդ կոմպոզիտորների որոշ ստեղծագործություններ ասես հասուն ստեղծագործողի մտքի արդյունք լինեն. «Մեր նվագախումբը մշտապես անդրադարձել է նաեւ երիտասարդ ստեղծագործողների երկերին, աշնանը մտադիր ենք հիմնել Հայ ժամանակակից երիտասարդ կոմպոզիտորների փառատոն: Իսկ մինչ այդ, օգոստոսին Բեռլինում կայանալիք ավանդական YOUNG EURO CLASSIC փառատոնին ճանաչված կոմպոզիտորների ստեղծագործությունների թվում կհնչեցնենք նաեւ մեկ այլ երիտասարդի՝ Նարինե Խաչատրյանի երկերից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել