«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Բելառուսի Գլխավոր դատախազությունը Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին ղրղզական կողմին չհանձնելու մասին որոշում է ընդունել՝ «քանի որ դրա համար իրավական հիմքեր չկան»: Այդ մասին չորեքշաբթի օրը Մինսկում հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Գրիգորի Վասիլեւիչը (նկարում):
Հիշեցնենք, որ նախկին նախագահ Բակիեւին Ղրղըզստանին հանձնելու մասին փաստաթղթերի փաթեթը Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը Բելառուսի Գլխավոր դատախազություն էր հանձնել դեռ մայիսի 21-ին, ինչին ի պատասխան՝ Գլխավոր դատախազը հայտարարել էր, թե Մինսկը «կգործի իր երկրի օրենսդրությանը համապատասխան»: Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ էր հայտարարել, թե Մինսկը կմերժի պաշտոնանկ արված նախագահին Ղրղըզստանին հանձնելու պահանջը: