Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆղանստանում ամերիկյան զորքերի հրամանատարը հրաժարական է տվել

Հունիս 24,2010 00:00

\"\"Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սթենլի Մաքքրիստալը (աջից) ետ է կանչվել Վաշինգտոն, որտեղ նա չորեքշաբթի հանդիպելու էր ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի եւ նախագահ Բարաք Օբամայի հետ: Սթենլի Մաքքրիստալի՝ «Rolling Stone» պարբերկանին տված հարցազրույցը, որը հրապարակվելու է միայն հինգշաբթի օրը, Միացյալ Նահանգներում մեծ աղմուկ է բարձրացրել: Մաքքրիստալը հոդվածում մի շարք վիրավորական արտահայտություններ է արել ոչ միայն փոխնախագահ Ջո Բայդենի եւ Ազգային անվտանգության խորհրդական Ջիմ Ջոնսոնի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին՝ նրանց անվանելով ծաղրածուներ, այլեւ կոշտ ձեւակերպումներ է արել նախագահ Օբամայի վերաբերյալ: Նա «դավաճան» է անվանել նաեւ Աֆղանստանում ԱՄՆ դեսպանին, ով հակառակ Մաքքրիստալի, ժամանակին կարծիք է հայտնել, թե Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն անվստահելի գործընկեր է, եւ որ այդ երկիր ամերիկյան լրացուցիչ զորքեր ուղարկելն անիմաստ է: Մինչեւ հոդվածի հրապարակումը, դրա որոշ դրվագներ հայտնվել էին ամերիկյան մամուլի էջերում, որից հետո Մաքքրիստալը ստիպված էր եղել պաշտոնապես ներողություն խնդրել Օբամայի վարչակազմից՝ «կոպիտ սխալի» համար, հայտարարելով, թե իր գնահատականներն այնքան էլ օբյեկտիվ եւ ճիշտ չեն եղել: Ամերիկյան մամուլի մատուցմամբ, Մաքքրիստալն արդեն հրաժարական է տվել, բայց Օբաման ինքը կորոշի՝ ընդունե՞լ նրա հրաժարականը, թե՞ ոչ:
BBC-ի մատուցմամբ, ավելի վաղ հաղորդվել էր, որ Սթենլի Մաքքրիստալի օգնականը՝ Դունկան Բուտբին, որը գեներալի եւ հիշյալ պարբերականի միջեւ կապող օղակ էր եղել եւ պատրաստել էր հիշյալ հոդվածը, հրաժարական է տվել: Ինչ վերաբերում է գեներալի եւ ԱՄՆ նախագահի հանդիպմանը, ապա այն նախատեսված է անցկացնել «դեմ առ դեմ»:
Մինչ այդ, Սպիտակ տան ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը հայտարարել է, թե գեներալ Մաքքրիստալը «իր գնահատականներում մեծ սխալ է թույլ տվել», եւ որ Օբաման «զայրացած է նրա վրա»:
Թալիբների ներկայացուցիչը հայտարարել է, թե գեներալ Մաքքրիստալին ետ կանչելը եւս մեկ անգամ վկայում է Աֆղանստանում ԱՄՆ-ի «քաղաքական պարտության» մասին, մինչդեռ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը չորեքշաբթի օրը կարծիք է հայտնել, թե Մաքքրիստալին փոխարինելը «չի նպաստում երկրում խաղաղության եւ կայունության հաստատմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել