Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգիչները փոխարինում են դասախոսներին

Հունիս 24,2010 00:00

Վանաձորում այսպես են ստուգում ուսանողների գիտելիքները

2009-2010 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանում Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում համակարգչի միջոցով անցկացվում են թեստային ստուգումներ համաինստիտուտային 8 առարկաներից՝ մանկավարժություն, հոգեբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայություն, բժշկագիտության հիմունքներ եւ առողջության պահպանում, քաղպաշտպանություն եւ արտակարգ իրավիճակների հիմունքներ, տարիքային ֆիզիոլոգիա եւ հայ ժողովրդի պատմության հիմունքներ: Թեստերը, անշուշտ, կազմում են դասախոսները, սակայն համակարգիչն ինքն է ընտրում հարցերի հերթականությունը, ուսանողին հուշում՝ որքան ժամանակ է մնացել ստուգման ավարտին, իսկ արդեն ավարտին ցույց է տալիս, թե քանի եւ որ հարցերին է ճիշտ պատասխանել, քանի միավոր է վաստակել գնահատման 20 բալանոց համակարգում, եւ ինչպես կգնահատվեն այդ միավորները 5 բալանոց համակարգում: «Թեստային ստուգման նպատակը ուսանողի գիտելիքի համեմատաբար ավելի օբյեկտիվ ստուգումն է՝ առանց մարդկային գործոնի: Թեստային ստուգմանը նախորդել է ուսուցանող ծրագրերի կիրառումը, որով ուսանողը կարող էր իր գիտելիքը ստուգել, ինքնաստուգում կազմակերպել, նաեւ սովորել չիմացած հարցերը: Նախորդ կիսամյակում կատարվել է փորձնական ստուգում, որն իրեն արդարացրել է եւ արդյունքներ է տվել»,- պարզաբանում է ՎՊՄԻ-ի ուսումնական վարչության պետ Անուշ Գեւորգյանը:
Թեստային ստուգումը ուսանողներից պահանջում է համակարգչային պարզագույն հմտություններ: «Սեղմում ենք մուտք ստեղնը, թեստավորում, ստուգում: Ուսանողը պետք է ներմուծի իր տվյալները 1-ին դաշտում՝ անուն-ազգանունը, ստուգման գրքույկի համարը եւ այն ժամանակը, որը հարկավոր է ստուգման թեստը լրացնելու համար: Այնուհետեւ ընտրում ենք այն թեստը, որ առարկայից քննություն ենք հանձնելու, օրինակ՝ քաղպաշտպանություն, սեղմում ենք «սկսել թեստը»: Տրվում է հարցը եւ տարբերակները՝ 4 կամ 3 հատ: Ուսանողը նշում է ճիշտ պատասխանը, եթե համոզված է, որ ճիշտ պատասխանն է, սեղմում է՝ հաստատել: Համակարգիչը տալիս է հաջորդ հարցը: Հարցերին հերթականությամբ պատասխանելով՝ թեստը ավտոմատ կերպով ավարտվում է եւ տրվում է գնահատականը»,- ՎՊՄԻ-ի ուսումնական վարչության ծրագրավորող Տաթեւիկ Թորոսյանը բացատրում է, թե ինչպես են համակարգիչները փոխարինում դասախոսներին, իհարկե, միայն քննություն անցկացնելիս:
Ազատուհի Դերմենջյանը «Աշխարհագրություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի է: Նա քննություններ ու ստուգարքներ հանձնել է ե՛ւ գրավոր, ե՛ւ բանավոր, հիմա էլ՝ արդեն համակարգչով: Համոզված է՝ լավ սովորող ուսանողի համար ստուգման ձեւը կարեւոր չէ, թեեւ դրանք բոլորն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները: «Թեստային ստուգումը այնքանով է նպատակահարմար, որ եթե ընդհանուր հարցաշարից որեւէ հարց չես սովորել ու հենց դա է ընկնել, կարող ես չպատասխանել, բայց դա այնքան էլ չի ազդի ընդհանուր գնահատականի վրա: Իսկ բանավորի կամ ոչ թեստային ստուգման ժամանակ դա բավականին վատ է անդրադառնում: Հետո էլ, եթե ճիշտ ես պատասխանել, համակարգիչը չի կարող ասել՝ դու սխալ ես պատասխանել: Այդ առումով համակարգչային ստուգումը լավ է»,- ասում է Ազատուհին:
Թեստային համակարգչային ստուգման արդյունքների մասին ավելի ամփոփ կարելի է խոսել քննաշրջանի ավարտից հետո, երբ թե՛ ոլորտի պատասխանատուները, թե՛ ուսանողները որոշակի եզրակացությունների կհանգեն: «Թեստային ստուգումները ավարտելուց հետո սոցհարցումներ կկազմակերպվեն ուսանողների շրջանում: Անպայման հետադարձ կապը կլինի, ուսանողի կարծիքը մենք կլսենք: Վերլուծության համար հիմք կհամարենք նաեւ առաջադիմության համեմատությունը նախորդ կիսամյակների հետ»,- ասում է Ա. Գեւորգյանը:
Եկող ուսումնական տարվանից համաինստիտուտային առարկաներին կավելանան նաեւ մասնագիտականները, եւ համակարգչային ստուգմամբ կգնահատվեն թե՛ ընթացիկ ստուգումները, թե՛ հանրագումարային քննությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել