Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ ԴԻՄՈՐԴՆԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ

Հունիս 24,2010 00:00

\"\"Մոտավորապես նման ենթատեքստ ունեն ԳԹԿ տնօրենի «քննական» մեկնաբանությունները

Երեկ ռուսաց լեզու առարկայի միասնական քննության օրն էր: Երեւանում պետական տնտեսագիտական համալսարանում ձեւավորված քննական կենտրոնի ղեկավար Նարինե Բայաթյանի խոսքով, քննությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 1048 դիմորդ: Երեւանյան քննական կենտրոնում 154 դիմորդ պիտի լիներ, սակայն քննությանը մասնակցում էր 138-ը: «Կենտրոնի հանձնախումբը բարյացակամ է տրամադրված: Դիմորդները վերջին քննությունն են հանձնում եւ քննություն հանձնելու համապատասխան փորձ ունեն: Ակնկալում ենք, որ ավելի կենտրոնացած կլինեն, լավ կգրեն, բարձր միավորներ կստանան»,- ասաց նա:
ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը, չնայած քննական աժիոտաժին եւ հատկապես հայերենի թեստերի հետ կապված աղմուկին, ծնողների՝ քննասենյակ խուժելու հայտնի փաստին, երեխաների ձեռքից աշխատանքները 15 րոպե շուտ վերցնելուն, այս տարի միասնական քննությունների կազմակերպումը եւ մթնոլորտը ընդհանուր առմամբ նորմալ գնահատեց: «Դահլիճները ավելի հանգիստ էին: Առաջ մեզ մեղադրում էին, որ աղմուկ է, եւ վատ առաջադիմությամբ երեխաները բարձր միավորներ են հավաքում՝ արտագրելու միջոցով: Այս տարի բացառվել է արտագրելու հնարավորությունը, չնայած արտագրողներ, այնուամենայնիվ, եղել են: Քանի որ հսկողությունը խիստ էր, շատերը չեն կարողացել արտագրել, եւ գուցե դա է եղել պատճառներից մեկը, որ միջին միավորներն ավելի ցածր են»,- կարծիք հայտնեց ԳԹԿ տնօրենը:
Անդրադարձ եղավ այն հարցին, որ հայոց պատմություն առարկայի միասնական քննությունից հետո ԳԹԿ կայքում 16 հարցի պատասխան սխալ է տեղադրված եղել, ինչը խուճապ է առաջացրել դիմորդների շրջանում: Բազմաթիվ ահազանգերի արդյունքում 2 ժամ հետո պատասխանները ուղղվել են: Զարմանալի էր, բայց Գ. Խաչատրյանը լրագրողներին ասաց, որ իրեն այդ տեղեկությունը հայտնի չէ: Նորից ճշտեց՝ ասում եք՝ որ առարկանե՞րն են: Հետո էլ, թե. «Ինձ ոչ ոք այդ մասին ոչինչ չի ասել, բայց ամեն դեպքում, հիմք չկա մտածելու, թե սխալ պատասխանների տեղադրումը միտումնավոր է կատարվել»:
Խոսելով բողոքարկումների մասին՝ պարոն Խաչատրյանը նշեց, որ գործընթացի մասնագիտական փուլը գրեթե ավարտվել է. «Եզրակացությունները շուտով կտրվեն բողոքարկման հանձնաժողովին: Մեկ օրից արդեն կունենանք արդյունքները, սակայն՝ ոչ բոլոր առարկաներից: Ընդհանուր բողոքարկման արդյունքները կհայտարարենք վերջին քննությունից հետո՝ երեք օրվա ընթացքում: Օրինակ, օտար լեզուներից, աշխարհագրությունից բողոքները մեկ տասնյակից չեն անցնում, հայոց լեզվի բողոքները շատ են, սակայն հիմնականում՝ կրկնվող, եւ այդ ամենը հանձնաժողովը հաշվի կառնի»:
Գ. Խաչատրյանը նաեւ դժգոհեց, որ մաթեմատիկայի միավորներ հաշվելու կարգը դիմորդները լավ չեն հասկացել. «Որպես կանոն, բողոքողների մեծ մասը տանը սխալ հաշվարկ է անում, սակայն ԳԹԿ աշխատակիցները չեն զլանում՝ տպում եւ ցույց են տալիս աշխատանքը: Մաթեմատիկայի թեստում մեկ խնդիր կար, որ մենք համարել ենք ոչ կոռեկտ ձեւակերպված առաջադրանք: Դրա պատճառով բոլոր դիմորդների գնահատականները մեկ միավորով կբարձրացվեն, անկախ նրանից՝ բողոքարկել են, թե՝ ոչ»,- ասաց նա:
ԳԹԿ տնօրենը հայտնեց, որ այս տարի փոխվել է ձեւաթղթերի հավաքելու ձեւը. «Ի տարբերություն նախորդ տարվա, դիմորդներն այս տարի վերջին պահին միասին դուրս չեն եկել քննասենյակից: Նախորդ տարիներին նրանք հնարավորություն էին ունենում հարցուփորձ անելով՝ պատասխանների չլրացված կետերում նշումներ կատարել ու բարձր գնահատական ստանալ: Իսկ այս տարի ձեւաթղթերը դիմորդներից հավաքվել, պատճենահանվել են հերթականությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել