Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ ՉԿՈՐՑՆԵՆ ՏՈՒՆԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հունիս 24,2010 00:00

\"\"
Բարսեղ վարդապետ Փիլավչյան, Չեխիայի հոգեւոր հովիվ:

\"\"
Դպրոցի ակտիվն է: Ձախից՝ Անժելա Դադայան, Լարիսա Գրիգորյան, Արմեն Քոլոյան, Ծովինար Բեյբության:

Սփյուռքում ապրող հայ ընտանիքները մշտապես կանգնած են իրենց երեխայի մեջ հայությունը փրկելու խնդրի առաջ: Որի ճանապարհին կան չափորոշիչներ, այլ խոսքով՝ պարտադրանքներ, որոնց տառն ու ոգին չպահպանելու դեպքում՝ ուծացումն անխուսափելի է: Չեխիայում այդ չափորոշիչների առկայությունը Հայ առաքելական եկեղեցու, հայկական դպրոցի եւ «Օրեր» հանդեսի գոյությունն է, որոնք, ներքին դաշնության խաղաղ գոյակցությամբ, առաջ են տանում հայապահպանման հոգեշահ գործը: Այս երեք ամրակուռ ու մարգարտաշար սյուների վրա է հենվում նաեւ Պրահայի հայկական համայնքը:
Դժվար է հայրենի ընթերցողի համար ընկալել այն դժվարությունները, որոնց պայմաններում գոյատեւում են այս հաստատությունները, ու հատկապես Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցը: Վստահ եմ, Սփյուռքի բոլոր դպրոցները հավասարապես: Մեր դպրոցի պարագայում՝ դեռ ավելին. դպրոցն ահա 13 տարի գործում է առանց մի կոպեկ դրամաշնորհի, առանց բարեգործ հոգաբարձուի կամ կուսակցության հովանավորության: Սոսկ մանկավարժական փոքրիկ կոլեկտիվի անանձնական նվիրումով: Նրանք բոլորն իսկական պրոֆեսիոնալներ են եւ օտար հանգրվանում՝ հայ երեխային, իր երակներում հոսող հայ արյունին ու տոհմային կրթությանը հավատարիմ պահելու սրբագույն գործն են առաջ տանում: Որ մեր զավակները այս խայտաբղետ, ցոլարձակող կյանքի հրեղեն հնոցի մեջ չկորցնեն դեպի հայություն ու հայրենիք բերող տունդարձի ոսկեհուռ դարպասների ոսկեղենիկ բանալիները:
Անում են լուռ, առանց աղմուկի ու ինքնագովության: Մանկավարժներ Լարիսա Գրիգորյան, Անժելա Դադայան, Ծովինար Բեյբության, Սիրանույշ Մկրտչյան, Ռուզան Աղաջանյան: Եվ դպրոցի պատասխանատու, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության երկարամյա աշխատակից Արմեն Քոլոյան: Միասին, մեկ ընտանիքի պես, հարգանքի, սիրո ու փոխադարձ վստահության դաշինքի մեջ: Ահա քանի՜ տարի:
Ես անձին մեծարող շատ գեղեցիկ բառեր գիտեմ, որ կարող էի այս կոլեկտիվի մասին շարել ու ասել: Մանավանդ որ, իմ երկու զավակներն այստեղ են սովորել մեր մայրենի լեզուն: Ու ես իմ աչքով եմ տեսել, թե ինչպես, անգամ երեք աշակերտի դեպքում, ջանադիր շարունակվել են պարապմունքները դպրոցում: Որ չընդհատվի կապը, չմարի այդ փոքրիկ փարոսը հայի օջախում ու սրտում: Ու լացի աստիճան շատ եմ ուզում աշխարհի ամենալավ բառերով ներբողել նրանց ջանքը: Բայց ամաչում եմ: Նրանց լռության, նրանց տիեզերաչափ սրտի, վաղուց արդեն խրախուսանքի չսպասող տեսակի դիմաց: Միգուցե նրանց սուրբ աշխատանքի հաշվին պաշտոնյա այրերն են իրենց հաշվեմատյաններում գրանցում կատարում: Չգիտեմ: Հայաստանից միակ պաշտոնյան, որ այցելել է դպրոց, կրթության եւ գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանն է եղել: Հոլոքոստի տարեդարձին նվիրված միջոցառման հրավերով Պրահա էր եկել երկու օրով: Հայկական դպրոց եկավ առավոտ վաղ, անսպասելի, դասագրքերի, մեթոդական ուղեցույցների, գրենական պիտույքների ու քարտեզների մի քանի արկղերով: Մտավորական մարդ է, հայոց լեզվի ու մշակույթի արժեքը հասկացող, նվիրումը գնահատող: Դաս լսեց, ելույթ ունեցավ, քաջալերեց աշակերտներին, ուսուցիչներին ոգեւորեց, երախտագիտության խոսքեր ասաց: Մեծ ուրախություն էր: Այդ օրը երկրի ուժը զգացինք մեր թիկունքին:
Դպրոցի հետ սերտ կապ ուներ նաեւ Չեխիայում ՀՀ հյուպատոս Աշոտ Ոսկանյանը, որը, ցավոք, աշխատանքն ավարտեց ու վերադարձավ Երեւան: Նրա հորդորով Պրահայի շաբաթօրյա դպրոցը անցյալ տարեվերջին մասնակցեց ռուսական դեսպանատան կազմակերպած բազմազգ մշակութային փառատոնին:
Չեխիայի ազգային փոքրամասնությունների ընտանիքում հայ համայնքն արդեն ճանաչված է՝ նաեւ հանձին Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցի: Դպրոցը Չեխիայի ամենամյա ազգային պատանեկան ու երիտասարդական մշակութային փառատոների մասնակից է, ուր իրենց ազգային երգն ու պարը ցուցադրելուց զատ, ցուցադրվում է նաեւ ազգային խոհանոցն ու դրանք մատուցելու շնորհքը: Մինչդեռ, դպրոցի ամենամեծ պարգեւն ահա այս է. «Օրերս, իմ ծննդյան օրվա առթիվ, շնորհավորական բացիկներ ստացա Պրահայում ծնված, չեխական դպրոց հաճախող իմ թոռնիկներից: Դրանք գրված էին խնամքով ու գրագետ հայերենով: Մտածեցի՝ ինչ մե՜ծ բան է, որ Պրահայում գործում է մեր դպրոցը, թեկուզ շաբաթօրյա: Եվ ինչքա՜ն հայ երեխաներ են իրենց պապիկ- տատիկներին ուրախացնում ու կշարունակեն ուրախացնել իրենց գեղեցիկ հայերենով»,- խոստովանեց մայրենի լեզվի ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանը, ով երկարամյա մանկավարժական գործունեության համար վերջերս պարգեւատրվեց Սփյուռքի նախարարության պատվոգրով:
Երեխայի մեջ հայությունը փրկելու լուսակառույց տաճարի հիմնաքարերն են դրվել: Ու շատ դժվար: Սփյուռքի հայկական դպրոցների առաջին ու գլխավոր խնդիրը հայ երեխաներին դպրոց բերելն է: Այդ ծանր, նյարդային գործը պիտի անի ծնողը՝ ամեն օր աշխատելով երեխայի հետ: Ոչ մի հայ երեխա ուրախությամբ չի հաճախում դպրոց: Քանի որ շաբաթվա այդ երեք ժամը հազիվ բավարարում է տառաճանաչության, հայրենի պատմության, բնագիտության, եկեղեցու, երգի ու պարի նվազագույն գիտելիքները երեխաներին փոխանցելուն: Ակտիվ, պատանեկան չարաճճի կյանքի համար դասամիջոցը չի հերիքում, քանի որ այն օգտագործվում է թեմատիկ տեսաֆիլմերի ցուցադրման համար: Եթե համոզելու հնար էլ չկա, ծնողը պիտի ուղղակի պարտադրի երեխային դպրոց գնալ: Հետո, վստահ եմ, շնորհակալ կլինի ծնողից: Քանի որ շրջանավարտները, որպես կանոն, կապը չեն խզում դպրոցի հետ, գալիս են միջոցառումներին, օգնում մանկավարժներին:
Պակաս խնդիր չէ, սակայն, նախ ծնողներին համոզելը, որ երեխային դպրոց բերեն:
Չեխիայի հայ համայնքը ստեղծվել է Հայաստանի անկախությունից ու արցախյան պատերազմից հետո: Հոսքը, ցավոք, այսօր էլ շարունակվում է: Հայն իր ծննդավայրից հեռանում է նեղացած, խռոված, տունուտեղը կորցրած: Գալիս, հայտնվում է նոր կյանք սկսելու խնդրի առաջ՝ միայնակ, առանց թիկունքի: Ու շատ դժվար է նրա սիրտը բաց պահել Հայրենիքի առաջ, ընդգրկել հայկական կյանքի մեջ, դպրոց բերել զավակներին: Բեզարած, մշտական աշխատանք չունեցող մարդիկ են, ինչ կարող ես անել: Բայց արի ու տես, որ հենց նրանց զավակներն են ակտիվ հաճախում դպրոց: Նրանք են մասնակցում հայության կյանքի անհրաժեշտ միջոցառումներին, իրենց չեղած միջոցներով օգնում դպրոցին:
Եղեռնի 95-րդ տարելիցի ոգեկոչության օրը, օտար երկրների դեսպաններ ու տարբեր եկեղեցական թեմերի առաջնորդներ էին եկել՝ Հունգարիայի, Սլովակիայի ու Չեխիայի հայության հոգեւոր առաջնորդ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի հետ, էկումենիկ պատարագով հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Ցույցի ու երթի, այնուհետեւ քաղաքային գրադարանում տեղի ունեցած հանդիսության հիմնական մասնակիցների մեջ, չեխ բարձրաստիճան պաշտոնյաներից, մտավորականներից, խորհրդարանի անդամներից ու լրագրողներից բացի, մեծ թիվ էին կազմում Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի նախկին ու ներկա սաները, նրանց հարազատները, ծնողներն ու մտերիմ ընկերները:
Մինչեւ այսօր Չեխիայում հայկական համայնքը, որպես ազգային փոքրամասնություն, գրանցված չէ: Չկա համայնքի պաշտոնական ղեկավար, նաեւ գրասենյակ, ուր հնարավոր լինի հավաքվել՝ հայկական կյանքի կարիքների համար: Փող չկա: Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցը միակն է, որ տեղ ունի. Չեխական իշխանությունների բարեհաճ թույլտվությամբ, պարապմունքների համար դպրոցին հատկացված է չորս լսարան՝ Կառլովի համալսարանի կենտրոնական մասնաշենքում, Ցելետնա 20 հասցեում: Այստեղ երբեմն հավաքվում է համայնքի խնդիրներով մտահոգված կամավորների փոքրիկ մի կորիզ, որը կյանքի այս ռազմադաշտի վրա ինքնաբուխ ստանձնել է Պրահայի հայության ազգային խնդիրներն առաջ տանելու գործը:
Բարսեղ վարդապետ Փիլավչյան: Չեխիայի հայության կյանքում արյուն ներարկելու աստիճան հոգեւոր ու կենսական հարց լուծեց հայոց եկեղեցու սպասավոր հայր Բարսեղի նվիրական ներկայությունը:
«Արմենիա» ակումբի տնօրեն, նկարիչ Տիգրան Աբրահամյան: Չեխական մշակութային ու քաղաքական բարձր շրջանակներում ճանաչված ու հարգված բացառիկ մի արվեստագետ ու մտավորական, ով հաճախ ստիպված է լինում իր վրա վերցնել համայնքի ղեկավարի պարտականությունները: Տիգրանի ակումբը ժամանակին երկրաշարժի աղետյալների համար հումանիտար օգնություն է ապահովել Չեխիայից Հայաստան: 
Չեխիայում տպագրվող եվրոպական «Օրեր» անկախ հանդեսի գլխավոր խմբագիր, լրագրող Հակոբ Ասատրյան, ում անդադրում ջանքերով ու նախանձելի աշխատասիրությամբ, ահա տասը տարի անընդմեջ, եվրոպահայ ընթերցողի սեղանին է հայտնվում հայատառ պարբերականը:
Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի պատասխանատու, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության աշխատակից Արմեն Քոլոյան: Դպրոցի ակունքներում կանգնած է եղել ստեղծման օրվանից, երբ 1997թ. համայնքի ակտիվիստներից վաղամեռիկ Արարատ Նիկողոսյանը ձեռնարկեց դպրոցի կազմակերպման գործը:
Եվ նրանց շուրջ համախմբված նկարիչ մտավորականների, գործարար մարդկանց, ծնողների մի փոքրիկ խումբ: Պրահայի հայկական մշակութային ու քաղաքական կյանքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները կազմակերպվում ու անցկացվում են այս մարդկանց ջանքերով: Ու անպայման հայկական շաբաթօրյա դպրոցի մանկավարժների ու նրանց սաների, ծնողների ուղղակի մասնակցությամբ:
Դպրոցն ունի նաեւ իր նշանավոր սաները:
 Երեւի ճիշտ կլինի նրանց անունները գրել, քանի որ հպարտություն է հայի համար օտար երկրում, օտարի կողքին, օտարից էլ վեր բարձունք նվաճելը, չեմպիոն կամ երաժշտական մրցույթների հաղթող ճանաչվելը: Արամայիս Թոխյան՝ կարատեի Չեխիայի չեմպիոն, Մոնիկա Հարությունյան՝ ձեւավոր չմշկասահքի Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր, Դավիթ Հունանյան՝ քիք- բոքսինգի Չեխիայի չեմպիոն, Վարինե Մկրտչյան (սոպրանո)՝ Չեխիայի երիտասարդ կատարողների 2009թ. մրցույթի հաղթող, Սոնա Քոլոյան ու Քրիստինե Այվազյան՝ Չեխիայի երաժիշտ կատարողների «Ջունիոր նոթս» ամենամյա պատանեկան մրցույթի 2-րդ մրցանակակիրներ (դաշնամուր):
Ավելացնեմ նաեւ, որ Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցի աշակերտներ Վահե Ասատրյանն ու Սոնա Քոլոյանն անցյալ տարի մասնակցեցին Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արի տուն» ծրագրին, որն, ըստ իրենց, շատ հետաքրքիր էր: «Միակ վատն այն էր, որ մասնակիցներն իրար մեջ խոսում էին ռուսերեն: Գոնե Հայաստանում հայերն իրար հետ խոսեն հայերեն»,-«Օրեր»-ին ասել էր Սոնա Քոլոյանը:
Հենց այդ խնդիրն են փորձում իրականացնել Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցի մանկավարժներն ու ծնողները: Ովքեր լույս ու խավարի կռիվ են տալիս այս հեռավոր կյանքում, մեր ճրագների ոգու փայլատակած կանթեղը բորբոքուն պահելու, նրանց սրտի ու մտքի խոյանքը հայության կարիքներին դարձնելու համար: Հայրենիքի բարեշրջման, ազգային ամբողջականության մեծ իդեալի զինվորը կրթելու գործն են առաջ տանում: Որ պանդխտություն կոչված այս զառանցանքի, այս տեսիլքի, հոգեպես մաշող այս դժնի չարչարանքների մեջ՝ մեր զավակները հանկարծ չմոլորվեն: Նոր բախտ, նոր պատգամ, նոր խորհուրդ կռելու հիացումի մեջ՝ հայ ցեղային արյունին ու հայկականությանը կառչած մնան:  
 Ահա այսքանը:
 Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցի ուսուցիչների ու ծնողների այս ջանքը ԱՀԱԶԱՆԳ է մեր երկրի պաշտոնյաների համար, ովքեր Հայաստանում օտար դպրոցներ բացելու եռանդուն ելքեր են մշակում այսօր: Սփյուռքն իր մաշկի վրա ամեն օր է զգում օտար կրթության սարսափելի վնասներն ու անդառնալի կորուստները: Լսեք Սփյուռքի ձայնը:
Ու մի արեք այդ քայլը:
Դա սեփական հայրենիքում, սեփական ձեռքերով հայ մանուկների կոտորած է նշանակում: Սփյուռքի հայ երեխաները օտար դպրոցներում արդեն սովորում են: Ավելի հեշտ չէ՞ նրանց կրթությունն ու ջանքերն ուղղել հայրենիքի կարիքներին, փրկել նրանց ուծացումից, ինչպես հրեաներն են անում: Այլ ոչ թե նոր դռներ բացել նոր կորուստների համար: Եթե բարոյապես ընկել ենք այնքան, որ հայի հայրենիքում հայոց լեզուն արդեն խանգարում է երկրի առաջընթացին, ուրեմն էլ փրկություն չկա: Ուրեմն առնվազն անմտություն է դրսում հային հայ պահելու Սփյուռքի անշահավետ ու հուսահատ ջանքերը:
Լավ մտածեք: Նախքան քայլ անելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել