Լրահոս
Օրվա լրահոսը

Կարկուտը պաշտոն չի ճանաչում

Հունիս 24,2010 00:00

\"\"Մինչ հունիսի 11-18-ը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ուսումնա-ճանաչողական այցով Տանզանիայում էր, հունիսի 12-ի երեկոյան տեղացած ուժեղ կարկուտը վնասներ է պատճառել նրա մեքենաներին: Մարզպետարանի մեր աղբյուրը հայտնեց, որ կարկուտից ամենաշատը տուժել է մարզպետարանի դիմաց կայանած «Volkswagen Touareg»-ը: Տարերքից տուժել են նաեւ մարզի ղեկավարի անձնական մյուս «ջիփը» եւ ծառայողական «Nissan»-ը, որի մակերեւույթը կարկուտն ամբողջությամբ «գնդակահարել» է: Այս տեղեկությունը հաստատում են նաեւ մարզպետի մտերիմները:
Դեռեւս հաշվարկվում են հունիսի 12-ին Տավուշի մարզի 16 բնակավայրերում (Իջեւան, Գետահովիտ, Լուսաձոր, Ակնաղբյուր, Այգեհովիտ, Վազաշեն, Խաշթառակ, Դիտավան, Աչաջուր, Իծաքար, Նավուր, Չինչին, Տավուշ, Մովսես, Բերդ, Նորաշեն) ուժեղ քամու եւ կարկուտի պատճառած վնասները: Արդյո՞ք մարզպետի մեքենաներին պատճառված վնասը հաշվարկվելու է՝ հարցրինք Տավուշի մարզպետարանի մի պաշտոնյայի: Վերջինս ասաց, որ անձնական գույքին եւ առանձնատներին տարերքի պատճառած վնասները չեն հաշվարկվում, միայն՝ ցանքատարածությունների ու այգիների վնասները:
Հունիսի 12-ին մարզկենտրոն Իջեւանում ոչ միայն մարզպետի, նաեւ այլ քաղաքացիների տների տանիքներ, պատուհանների ապակիներ են վնասվել ու կոտրվել, ավտոմեքենաներ տուժել: Մարզպետն իր մեքենաները հաստատ կնորոգի, մյուսներն են դժվարանալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել