Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՄ ԵՐԿՐՈՒՄ ԻՆՁ ՄԻ ԿՏՈՐ ՀՈՂ ՉԻ՞ ՀԱՍՆՈՒՄ»

Հունիս 24,2010 00:00

\"\"Նախագահականից ՀՀ  քաղաքացու նամակին պատասխանել են  մի ձեւաթղթի վրա, ուր չկա հանրապետության զինանշանը:

Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի Ռուզաննա Մանվելյանի ընտանիքը՝ երկու անչափահաս երեխաներն ու հաշմանդամ ամուսինը, երկար տարիներ բնակվում էին վարձով ու չէին կարողանում ընտանեկան նպաստով ու ամուսնու հաշմանդամության թոշակով ե՛ւ բնակվարձը մուծել, ե՛ւ ընտանիքի նվազագույն կենսապայմաններն ապահովել: 2008 թվականին Ռուզաննան դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իր ընտանիքին հատկացնել որեւէ բնակարան: Նախագահականից, ըստ տիկին Ռուզաննայի, առանց ուշացման պատասխանում են եւ գյուղապետարանին հրահանգում՝ Ռուզաննայի ընտանիքին հատկացնել 400 քմ տնամերձ հողատարածք եւ տնակ: Դիմումատուին, սակայն, միայն տալիս են որոշ տարածք՝ գյուղի ծայրամասում, որտեղ տեղակայվում է Ռուզաննայի հարազատների օգնությամբ գնված վագոն-տնակը, ու ընտանիքը տեղափոխվում է նոր «բնակարան»: Ըստ տիկին Ռուզաննայի, Այնթապի այն ժամանակվա գյուղապետ Լեւոն Թարվերդյանը իրենց չի տալիս տվյալ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք: «Անընդհատ ասում էր, որ մի բան կանի: Բայց այդպես էլ ոչինչ չարեց, մինչեւ ազատվեց իր պաշտոնից: Իսկ նոր ընտրված գյուղապետն ասում է, որ այս հողատարածքը ոչ թե համայնքային, այլ պետական սեփականություն է, նախատեսված է, որ այստեղ հետագայում դպրոց է կառուցվելու եւ ինքն իրավասու չէ նրա նկատմամբ սեփականաշնորհման իրավունք տալ որեւէ մեկին»,- ասում է Ռուզաննան:
2010 թվականի մայիսի 3-ին Ռուզաննան կրկին դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իրեն հատկացված 400 քմ հողատարածքի նկատմամբ իր սեփականության իրավունքի գրացման հարցը լուծել: Այս անգամ էլ դիմումի պատասխանը չի ուշանում. ընդամենը երկու օր անց Ռուզաննան գրություն է ստանում ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնից, որով տեղեկացվում է, որ դիմումի պատասխանը կարող է ստանալ Արարատի մարզպետարանից: Սակայն մարզպետարանից դիմումի պատասխանն ստանալը դառնում է գլխացավանք: Մարզպետարանը ասում է, թե պատասխանը ուղարկվել է Այնթապի գյուղապետարան, գյուղապետարանն ասում է, թե իրենց ոչինչ չի հասել: Ի վերջո, մարզպետարան-գյուղապետարան ավելի քան մեկ ամիս գնալ-գալուց հետո՝ հունիսի 14-ին նախագահականի պատասխանը հասնում է Ռուզաննա Մանվելյանին: Երկար սպասված պատասխանը, սակայն, բնակչուհուն որեւէ հույս չի ներշնչում: Դրանով Արարատի մարզպետարանին ընդամենը հրահանգված է ուսումնասիրել եւ արդյունքների մասին հայտնել դիմողին: Մարզպետարանն իր հերթին գրություն է ուղարկում Այնթապի գյուղապետ Կարեն Սարգսյանին, որով խնդրվում է. «Ուսումնասիրել դիմումում բարձրացրած հարցը, հնարավորության սահմաններում աջակցել դիմողին եւ արդյունքների մասին 5-օրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան»: Այս ոչ այնքան հստակ գրությունը, բնականաբար, իրավունք չի տալիս նորընտիր գյուղապետին պետական սեփականություն հողը սեփականության իրավունքով տալ բնակչին:
Հետաքրքրական է, որ երկրի պետական կարեւորագույն կառույցներից մեկից՝ ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնից, բնակիչներին ուղարկում են գրություն, որի վրա չկա Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը: Իսկ գրության տակ բաժնի վարիչ Ա. Ասատրյանի անվան դիմաց որպես ստորագրություն գրված է ինչ-որ անհասկանալի Ռ.Հ.:
Տիկին Ռուզաննան այս ամենից հուսահատված եւ հիասթափված է: «Ուղղակի տպավորություն է ստեղծվում, թե մեկը մյուսի վրա գցելով, ուզում են, այսպես ասած, «ցրել» այս հարցը եւ որեւէ լուծում չտալ: Իսկ ես ինչպես կարող եմ այսպես անորոշ, օդում կախված եւ հյուրի կարգավիճակում ապրել: Չենք կարողանում էլեկտրաէներգիայի, խմելու ջրի բաժանորդ դառնալ եւ օգտվել դրանցից: Չեմ կարողանում իմ տնակամերձ հողատարածքը մշակել, որ գոնե ընտանիքի նվազագույն սնունդն ապահովեմ: Անընդհատ ինձ թվում է, թե ուր որ է գալու են եւ ասեն, որ տնակս այստեղից հանեմ: Բայց հանեմ՝ ո՞ւր գնամ: Մի՞թե այս մեծ աշխարհում, իմ հայրենիքում, իմ գյուղում ինձ եւ իմ ընտանիքին մի կտոր հողատարածք չի հասնում»,- ասում է տիկին Ռուզաննան, որը շուտով կունենա իր երրորդ զավակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել