Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը պարտավոր է վերադարձնել

Հունիս 24,2010 00:00

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դեռ 2008թ. դեկտեմբերի 15-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Արսեն Սիրադեղյանի դեմ: Ոստիկանությունը պահանջում էր հօգուտ իրեն բռնագանձել 15 000 դրամ: Ըստ հայցվոր կողմի, վարորդը Եղեգնաձոր-Ալավերդի-Երեւան ճանապարհին խախտել է կանոնները («Երթեւեկությունը դեպի աջ» թելադրող նշանի տակ երթեւեկել է ձախ), դրա համար կազմվել է իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Վարորդը ենթարկվել է 3000 դրամ վարչական տույժի: Ըստ ոստիկանության, այդ տուգանքը վարորդը չի մուծել, բնականաբար՝ գումարը հնգապատկվել է: Վարչական դատարանն առանց Արսեն Սիրադեղյանի մասնակցության (նա գտնվում է հանրապետությունից դուրս) որոշում է կայացրել այս տարվա ապրիլի 29-ին՝ բռնագանձել ոչ միայն 15 000 դրամը, այլ 5000 դրամ գումար՝ որպես «կատարողական գործողությունների ծախս»: Կատարողական վարույթի պահանջները կատարվել են, եւ Սիրադեղյանի ընտանիքից բռնագանձել են 20 000 դրամ գումարը:
Արսեն Սիրադեղյանի մասնակցությունը կարեւոր էր այնքանով, որ նա ճանապարհային ոստիկանությանը ցույց կտար 23.08.08թ. «ՎՏԲ-Հայաստան» բանկ մուծած 3000 դրամի թիվ 80823008224045 անդորրագիրը: Այսինքն, այն գումարը, որը ոստիկանները պահանջել են եւ նա էլ բարեխղճորեն տուգանքը մուծել է:
Ոստիկանությունը, փաստորեն, դատարան է դիմել՝ միտումնավոր թաքցնելով նշված անդորրագիրը: Ըստ էության, քաղաքացու վրա չէր դրված մուծման անդորրագիրը ոստիկանություն տանելու պարտականություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305 հոդվածով՝ այդպիսի բան նախատեսված չէ: Օրենքը հստակ սահմանել է, որ «Տուգանքը նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում խախտողը կարող է դիմել ոստիկանություն՝ տուգանքի վճարումը մինչեւ 6 ամիս ժամկետով տարաժամկետելու խնդրանքով: Տուգանքը նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից, իսկ տուգանքը տարաժամկետելու դիմումում սահմանված ժամկետում կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու դեպքում բողոքն առանց բավարարման թողնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է, իսկ 60 օրվա ընթացքում չվճարելու դեպքում՝ հնգապատկվում է, որը ենթակա է դատական կարգով բռնագանձման»:
Ստացվել է, որ վարորդի ընտանիքից, առանց հիմքի, ճանապարհային ոստիկանությունը անօրինական գանձել է 20 000 դրամ: Լուծումն այն է, որ ոստիկանությունը վերադարձնի այդ գումարը, հիմք ընդունելով բանկի անդորրագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել