Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐՈՍՈՒՀԻ ՄՈՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ

Հունիս 24,2010 00:00

Որտեղ փնտրեմ Անդրանիկին, որ կրկին փրկի տիկին Անիկին

«Օգնեք, աղաչում եմ, էլ չենք կրնա, մեզի կսպանեն, ձագս մեղք է, մահափորձ են արել, ինքներդ նայեք, թե մեզի ինչպես կծեծեն…»,- լացում էր գյումրեցի Մարգարիտա Մադոյանը եւ պարզում Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկարահանած տեսանյութը: Երբ փորձեցի դիտել այն, ինձ մի պահ թվաց, թե զրուցակիցս շփոթել եւ բերել է Սումգայիթի դեպքերին վերաբերող տեսագրություն, սակայն սարսափով համոզվեցի, որ ԱՆ ԴԱՀԿ-ի Գյումրու ստորաբաժանման աշխատակիցներն էին «սրբորեն» կատարում իրենց մասնագիտական «պարտականությունները»: Իսկ ծեծվողները հերոսուհի մայր Անիկ Մադոյանը եւ նրա ընտանիքի անդամներն էին՝ երկրաշարժից որբացած թոռները, դուստրը՝ զոհված ազատամարտիկի այրի Մարգարիտան, նրա որբուհին, հղի կանայք, որոնցից 2-ն այդ ջարդերի հետեւանքով վիժեցին…
Ներկայացնենք 10 երեխաների մոր՝ տիկին Անիկ Մադոյանի կյանքի ոդիսականը. 1915թ. ջարդերից հետո նրա հոր՝ զորավար Անդրանիկի զինվոր Ասատուր Հովհաննիսյանի ընտանիքը Ղարսից հասավ Բաքու, այնուհետեւ Բաքվի 20-ականների ջարդերից հետո կրկին Անդրանիկի օգնությամբ տեղափոխվեց Ալեքսանդրապոլ եւ քանի որ ընտանիքի անդամները հիմնականում զինվորականներ էին, ուղղակի ծվարեց Ալեքսանդրապոլի զինվորական զորամասի սննդի պահեստների հարեւանությամբ, այժմյան Շարա Տալյան 234/479 հասցեում, որտեղ մինչ ջարդերն ապրեց Հովհաննիսյան-Մադոյան ընտանիքը: Եղեռնի ու պատերազմի թոհուբոհից հետո նրանք ամայի տարածքը վերածեցին ուղղակի եդեմական այգու. «Էրգրում մի դրախտային այգի ենք թողել, փոխարենն էստեղ պիտի ստեղծենք»,- կարոտով պատմում էին ծերերը: 85 մրգատու ծառեր, 30 հազվագյուտ տեսակի դեկորատիվ ծառատեսակներ, եղեւնիներ, թփեր, ծաղիկներ: Գեղեցկության համար պուրակը բազմիցս միջազգային մրցույթներում պատվավոր մրցանակների է արժանացել: Այգում դեռեւս կանգուն է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան -աղբյուրը: Դեռեւս…
 Թվում էր, թե սեփական ազգի ճակատագիրը կիսած ընտանիքը հայրենի հողի վրա վերջապես արյան փոխարեն արյուն-քրտինք թափելով կվերագտնի իր գենետիկորեն կորցրած երջանկությունը եւ 10 երեխա ծնելով-սնելով, սեփական քրտինքով հողը ջրելով՝ նախնիների արյան վրեժը կլուծի արարմամբ: Լինելով հերոսուհի մայր, տիկին Անիկը այդպես էլ պետությունից բնակարան չստացավ:
Երկրաշարժից որբացած թոռներին տիկին Անիկը պահում էր այգուց ստացած բերքով: Որբ է ծնվում նաեւ թոռնուհի Անժելան, որի հայրը՝ արցախյան ազատամարտի զոհ Գեւորգը, այդպես էլ ժամանակ չգտավ զագս գնալու, եւ անհայր ծնված Անժելան այդպես էլ ոչ մի լումա թոշակ չստացավ, չնայած ջոկատի հրամանատար գեներալ Մալյանի եւ զինակիցների վկայություններին, մոր երեսին նետեցին. «Ի՞նչ իմանանք ումից ես բերել երեխադ», չնայած բոլորն էին տեղյակ տարիներ շարունակ նրանց ավանդական ամուսնության մասին:
Տիկին Անիկն այնքան շատ էր սիրում իր ծառերը, որ երբ դուստրը խնդրեց մի ծառ կտրել՝ իր տնակը մոր տնակին մոտ տեղադրելու համար, մայրը մերժեց. «Ծառերն էլ են իմ երեխաները, տնակը հեռու տեղադրեք»: «Եթե տնակս մոտ լիներ, հետագայում կկարողանայի մորս կյանքը փրկել»,- հեկեկում էր դուստրը: Սրբատեղի դարձած այգին ու տնակը տերերն իհարկե չէին վաճառի. «Մի մեծահարուստ՝ 10 տուն եւ 10 շքեղ մեքենա խոստացավ այգու փոխարեն, մայրս մերժեց»: Եղեռնին, պատերազմին ու երկրաշարժին դիմակայած Մադոյանների ընտանիքին ավելի ծանր փորձություն էր սպասվում. եդեմական այգու վրա աչք էր դրել Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը: Քանի որ Մադոյանները կամավոր այգին չէին զիջի, ուստի նախկին մարզպետը գնաց ուժի գործադրման. ձեւակերպեց, թե իբր քաղաքապետ Վարդան Ղուկասյանից նվեր է ստացել եւ ԴԱՀԿ-ի աշխատակիցների միջոցով ծեծ ու ջարդով փորձեց հեռացնել փաստացի տերերին: Սակայն մի բան նվիրելու համար նախ պետք է այն ունենալ, ինչպե՞ս է այգուն տիրացել քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, մեղմ ասած՝ անհասկանալի է: Ինչպե՞ս է հերթական անգամ կադաստրի աշխատակիցների եւ վայ-իրավապահների կողմից արհամարհվել 29.01.1991թ. Հողային օրենսգիրքը, ըստ որի՝ ԽՍՀՄ-ի օրոք քաղաքացիների ստացած ամառանոցները, հողամասերը ենթակա են սեփականաշնորհման եւ առանց փաստացի տիրապետողների համաձայնության ոչ մի գյուղա-քաղաքա-մարզա-պետ իրավունք չունի ինքն իրեն շնորհել, էլ չենք խոսում 60 տարի ապրած լինելու եւ փաստացի բարեխիղճ տիրապետած լինելու մասին: Իսկ ինչպե՞ս է եղել, որ «աճուրդի» ժամանակ նախապատվությունը տրվել է քաղաքապետին, այլ ոչ թե որբեր պահող հերոսուհի մորը, որն այդ ծառերի իրական տերն է: Մեր օրերում մարզպետի արարքն «օրինաչափ» է, իսկ դատարաննե՞րը: «Մածունը սեւ է» որոշումներից բացի, Մադոյանները ճաշակել են նաեւ ծանր ծեծ ու ջարդեր. 7-8 անգամ Գյումրու ոստիկանության քննչական բաժին են դիմել տներում ու աշխատասենյակներում վայրի ծեծի ենթարկվելու մասին հայտարարությամբ, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել: Ավտովթարի է ենթարկվել փոքրիկ Անժելան, իսկ ԴԱՀԿ աշխատակիցների ծեծ ու ջարդից ուշաթափ մորն օգնության հասած շտապօգնության բժշկին, Մարգարիտայի պատմելով, «ոմանք գումար խոստացան կյանքին սպառնացող սրսկում անելու համար, որից բարեբախտաբար բժիշկները հրաժարվեցին»: Հետագայում, երբ տիկին Անիկը պատրաստվում էր փաստաթղթերով դատախազություն գնալ, հանկարծ զավակները նկատեցին, որ մայրն անհետացել է. «3 շաբաթ փնտրելուց հետո մորս գտանք սառած, անզգա՝ այգում ընկած, մարմնի վրա բաց վերքեր էին գոյացել, ոչինչ չէր հասկանում, միայն շնչում էր»:
Ով եւ որտեղ է պահել նրան՝ հայտնի չէ:
Բայց դա դեռ բոլորը չէ. կյանքում տուժած մարդիկ հետագայում հայտնվեցին վայ-փաստաբանների ճիրաններում. նախ նրանց հետ 270 000 դրամի պայմանագիր կնքեց «փաստաբան» Ա. Մ.-ն, որը հետագայում բարեկամանալով պատասխանող կողմի հետ՝ անհետացավ գումարի հետ միասին, այդպես էլ ոչինչ չանելով: Այնուհետեւ խեղճ կինն ընկել է դատարանում դարանակալած մյուս վայ-փաստաբանի՝ Ֆ.Խ.-ի ճանկը, որը խաբեությամբ վերցնելով առանց այդ էլ տուժած կնոջ ոսկեղենն ու փաստաթղթերը՝ զրկել է նրան հետագայում բողոքարկելու բոլոր հնարավորություններից: «Ստիպված եղա գնալ տուժածի հետ եւ օգնել ուժի զոռով խլելու փաստաթղթերը եւ խարդախին «հրավիրել» ոստիկանություն: Խարդախությունը կատարվել է Երեւանում, խարդախը երեւանցի է, սակայն Կենտրոնի ոստիկանությունը գերադասեց գործը թաղել Գյումրիում: Ամիսներ շարունակ գյումրեցի ոստիկաններին ուղղակի զոռով եմ ապացույցներ ներկայացնում, ակնհայտ պատվեր կատարող քննիչն արտահայտված դժկամությամբ է բացատրություն վերցնում նույնիսկ ինձնից, էլ ուր մնաց պաշտպանի խեղճերին: Փաստաբանի հետ ողջ խոսակցությունը ձայնագրել եմ, բայց երբ առաջարկեցի իմ ձայնագրությունից կրկնօրինակ վերցնել, քննիչը «խելամտորեն» պահանջեց ձայնագրության բնօրինակը, որը, իհարկե, նա չստացավ: Եթե քննիչն է նման որակի, մյուսներից ի՞նչ սպասենք: Չեմ կարծում, որ Մարգարիտան այդքան ճանկերից կարող է հետ ստանալ իր ոսկեղենը, բայց գուցե՞ հաջողվի հետ ստանալ ֆինանսական արժեք ներկայացնող փաստաթղթերը, որոնք վախից ոստիկանությունում տակը միզած Ֆ.Խ.-ն փնտրում է, բայց չի գտնում: Ասում են վախից ոչ միայն միզաթուլություն, այլ նաեւ քաղցկեղ է ստացել», -պատմում է զրուցակիցս: Մի քանի օր առաջ կրկին զանգեց Մարգարիտան. «Էլ չենք կրնա, հասեք, մեզի կսպանեն, բոլորիս ծեծել- ջարդել են, Անժելային նորից նույն սեւ «Վոլգան» ավտովթարի է ենթարկել, գլուխը ջարդվել է, հասեք, աղաչում եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել