Երեւանի թիվ 7 մանկապարտեզում ջրծաղիկ ինֆեկցիայի տարածման համար կարանտին է հայտարարված. նոր երեխաներ այնտեղ չեն ընդունում: Panorama.am-ի հաղորդմամբ, մանկապարտեզի տնօրենը պարզաբանել է, որ «Մանկական հիմնարկ է, որտեղ կարանտին լինելը բնական է, արտառոց դեպք չէ: Ջրծաղիկ է, որը հերթականությամբ գնում է, մի երեխա հիվանդանում է՝ մյուսն է վարակվում»:
Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը վստահեցրել է, որ այդ մանկապարտեզի կարանտինի մասին իրեն տեղյակ չեն պահել, չեն ասել նաեւ, որ ջրծաղիկի պատճառով ընդունելությունը դադարեցրել են. «Առաջին անգամ իմացա այդ դեպքի մասին, պարզվում է՝ վարակը սկսվել է ապրիլից: «Առողջ մանուկ» բուժհիմնարկն այստեղ ապրիլից հայտարարել է կարանտին եւ այն խմբում, որտեղ այն հայտարարվել է՝ արգելել են երեխաներին հաճախել, իսկ այն երեխաները, ովքեր կապ չեն ունեցել այդ խմբի հետ, հաճախում են մանկապարտեզ»: Գ. Սողոմոնյանը վստահեցրել է, որ հետեւողական կլինի ու անձամբ կվերահսկի իրավիճակը: Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության համաճարակաբան Լուսինե Տոնոյանն էլ հայտնել է, որ ջրծաղիկը օդակաթիլային, ոչ կառավարելի վարակ է, որը միշտ էլ տարածված է եղել եւ դրա դեմն առնելու միջոց չկա՝ ուղղակի պետք է ջրծաղիկով վարակվածը մեկուսացվի: