Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾԻՑ ԱՎԵԼԻ ԷԻՆ

Հունիս 24,2010 00:00

«Հեքիաթ» մանկապարտեզում կան խմբեր, որտեղ երեխաների թվաքանակը գերազանցում է 30-ը, ինչը մանկապարտեզների չափորոշիչների խախտում է համարվում:

\"\"
Հանդեսների ժամանակ հնարավոր չէր երեխաների քանակը թաքցնել:

\"\"
Ննջարաններում նույնիսկ ոտք դնելու տեղ չկա:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հեքիաթ» մանկապարտեզն արդեն մի քանի տարի գերծանրաբեռնված է աշխատում: Մանկապարտեզի յուրաքանչյուր խմբում երեխաների քանակը գերազանցում է չափորոշիչներով հաստատված թույլատրելի քանակը: Ըստ մանկապարտեզների ուղեցույցի, այս հաստատություններն իրավունք ունենք ընդունել սահմանափակ թվով երեխաներ, ամենաշատը՝ 30, սա, իհարկե, կախված է նաեւ մանկապարտեզների շենքային պայմաններից, մահճակալների քանակից եւ այլնից: Սակայն քանի որ յուրաքանչյուր չգրանցած՝ «ստվերային» երեխայի վարձից է կախված մանկապարտեզի տնօրինության ստվերային եկամուտը, մանկապարտեզներում ուղեցույցի չափանիշը շատ դեպքերում չի պահպանվում, որի արդյունքում էլ վտանգվում է գերծանրաբեռված խմբերի երեխաների անվտանգությունն ու առողջությունը: Դաստիարակն ու դայակը, որքան էլ ուշադիր, հոգատար լինեն, ֆիզիկապես ի վիճակի չեն միաժամանակ հետեւել 30-40 երեխայի ուտելու, քնելու, միզելու, խաղալու գործընթացին, հետեւաբար՝ տարբեր պատահարներից խուսափելն անհնարին է: Այս մասին «Առավոտն» (05.06.2007թ., 15.06.2010թ.) արդեն մի քանի հրապարակում է ունեցել: Մասնավորապես անդրադարձել էինք, թե ծանրաբեռնված աշխատելու պատճառով նշյալ մանկապարտեզում ինչպիսի միջադեպեր էին տեղի ունեցել, որի հետեւանքով երեխաները տուժել էին:
Այս հրապարակումներին արձագանքելով, մանկապարտեզի տնօրինությունը օրերս որոշ պարզաբանումներ էր տվել, հայտնելով, որ իրենց մոտ հաճախող երեխաների քանակը չի գերազանցում թույլատրելի չափը: Բացի այդ, «Հեքիաթի» տնօրեն Նունե Եղոյանը ցանկացած օր, ցանկացած ժամի «Առավոտին» հրավիրել էր մանկապարտեզում շրջելու, իրենց պայմաններին եւ առօրյային ծանոթանալու:
Օգտվելով այս հրավերից եւ հաշվի առնելով, որ երեկ այդ մանկապարտեզում պետք է տեղի ունենար մանուկների ավարտական հանդեսը եւ դժվար կլիներ «ստվերային» երեխաներին թաքցնել, «Առավոտը» որոշեց այցելել «Հեքիաթ» մանկապարտեզ:
Ավարտական հանդեսին ելույթ էր ունենում ավագ խմբի 35 երեխա: Չնայած հանդեսին ե՛ւ տնօրինությունը, ե՛ւ մանկապարտեզի սաները իսկապես շատ լավ էին նախապատրաստվել, սակայն օրենքը մնում է օրենք՝ մանկապարտեզի խմբերում երեխաների քանակը չպետք է գերազանցի 30-ը: Հանդեսից հետո «Հեքիաթի» տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ էր նա վստահեցնում, որ իրենք որեւէ նորմ չեն խախտում, երբ ավարտեցնում են 35 հոգանոց խումբ: Ըստ Ն. Եղոյանի, իրենք ունեն 7 հոգանոց խորացված ռուսերեն ուսումնասիրող խումբ, որի անդամներին բաժանել են այլ խմբերի մեջ. «Այստեղ ելույթ են ունենում այդ խմբից 3 հոգի: Դա արել ենք նրա համար, որ 7 հոգի առանձին ավարտական հանդես չանեն»: Մեր այն պնդմանը, որ այդ դեպքում էլ է տվյալ խմբում 30-ից ավելի երեխա ստացվում, նա պատասխանեց. «Մեծերի խմբում լինում է այնպես, երբ 30-ից ավելի երեխաներ են ընդգրկված լինում, մանավանդ ծանրաբեռնված ամիսներին՝ ապրիլ-մայիսին եւ հոկտեմբեր-նոյեմբերին: Երբ նախատեսվածից ավելի երեխաներ են լինում խմբում, մենք դրա համար բացատրագիր ենք գրում եւ ուղարկում Երեւանի քաղաքապետարան: Այդ ծանրաբեռնվածությունը մենք փորձում ենք թուլացնել ավելի աշխատողներով՝ ունենք դաստիարակի օգնական եւ տարբեր արհեստների մասնագետներ: Երեխաների ավելի լինելն էլ հիմնականում պայմանավորված է նրանով, որ հաճախ մեզ մոտ են հաճախում 1 ընտանիքի 2 զավակ՝ եղբայր ու քույր, որոնք չեն ցանկանում տարբեր խմբերում լինել»:
Մենք շրջեցինք մանկապարտեզի այլ խմբերում եւս: Ընդհանուր առմամբ մանկապարտեզում կար 12 խումբ: Միջին խմբերից մեկում կար 34, մյուսում՝ 33 երեխա: Մի քանի խմբերում էլ նկատեցինք ավելորդ մահճակալներ, որոնք չէին օգտագործվում, ընդհանուր առմամբ մահճակալները գերազանցում էին 30-ը: Այս առնչությամբ էլ Ն. Եղոյանն ասաց, որ իրենք պահեստային մաս չունեն, ուստի մեծ սենյակներում են տեղադրում ավել մահճակալները եւ դրանք ծածկում հաստ ծածկոցներով: Մանկապարտեզի տնօրենի ներկայացմամբ, իրենց մոտ այցելում են նաեւ մինչեւ օրվա կեսը մնացող երեխաներ, որոնք չեն օգտվում անկողիններից, ուստի հնարավոր է, որ 1-2 հոգի էլ ավելի լինեն խմբերում:
Ինչ վերաբերում է «ստվերային» կարգով այս մանկապարտեզ ընդունված ու պահվող երեխաներին, ապա, ըստ տիկին Եղոյանի, ինքն այդպիսի բան չի կարող անել. «Ումի՞ց պետք է պահեմ այդ երեխաներին, ինձնի՞ց: Ո՞վ հիմա կարող է նման բան անել: 54 հոգի աշխատանքային կոլեկտիվ ունեմ, ո՞ր մեկին կկարողանամ համոզել, որ ձայն չհանի կամ տանի երեխաներին պահի»: Ավելացրեց նաեւ, որ իրենք միշտ էլ ծանրաբեռնված են աշխատել, չնայած իրենց վարչական շրջանում կան 20-ից ավելի մանկապարտեզներ, սակայն շատերը նախընտրում են իրենց երեխային բերել «Հեքիաթ», քանի որ այստեղ կարողանում են որակ ապահովել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել