Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԿԱՌԱՎԱՐԵԼ ՌԻՍԿԵՐԸ

Հունիս 24,2010 00:00

«Ռիսկային բիզնես. ինչպես տարբերել, գնահատել եւ նվազեցնել ռիսկը ֆինանսներում, բիզնեսում եւ կյանքում». երեկ Հայաստանի Ամերիկյան համալսարանում այս թեմայով դասախոսություն կարդաց «Այբ» ակումբի հիմնադիր-անդամ, ֆինանսիստ Արթուր Բերդը: Ելույթի ընթացքում փորձագետը հիմնվում էր ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի փորձի վրա, որտեղ էլ նա կիրառել է իր գիտելիքները: Երեւանում ծնված Արթուր Բերդը ֆիզիկայի եւ տիեզերագիտության ոլորտներում իր մասնագիտական հմտությունները ձեռք է բերել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական, Լանդաուի ինստիտուտներում, իսկ ԱՄՆ-ի Ստենֆորդի համալսարանում զուգահեռաբար ուսումնասիրել է ֆինանսական շուկաները: ԱՄՆ-ի վարկային ներդրումների ռազմավարության առաջին երեք լավագույն փորձագետներից մեկը ճանաչված Արթուր Բերդը, երեկ խոսելով բիզնես եւ այլ ոլորտներում ռիսկերի կառավարման մեխանիզմներից, փաստեց. «Լավագույն գրավականը կարգապահությունն է»: Զարգացնելով այն թեզը, որ ռիսկը ծնում է զարգացում, ֆինանսիստը նկատեց՝ «չկա ռիսկ, չկա շահում»: Ռիսկ եւ հաջողություն. փորձագետն այս դաշտերում եւս զուգահեռներ տարավ եւ նկատեց. «Հաճախ ավելի լավ բիզնես են ունենում այն մարդիկ, որոնք իրենց գիտելիքներով եւ ստացած կրթությամբ զիջում են: Սրա պատճառը թերեւս այն է, որ նրանք, ունենալով ավելի քիչ գիտելիքներ, ավելի քիչ ռիսկեր են կանխատեսում եւ ավելի հաճախ են ռիսկի դիմում»: Հաջողության «կառավարման» մեխանիզմներին էլ հերթը հասավ: Ա. Բերդը նշեց. «Կառավարել հաջողությունը՝ նշանակում է անել այնպես, որ հաջողության դեպքում հնարավորինս շատ բան շահես, եւ անհաջողության դեպքում, որքան հնարավոր է, քիչ բան կորցնես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել