Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտքը երեխաների վզին չի մնա

Հունիս 24,2010 00:00

Միջազգային կազմակերպությունների՝ մեր երկրին տրամադրած ցանկացած նոր վարկ հասարակությունը դժգոհությամբ է ընդունում, քանի որ մտավախություն կա, որ մեր աղքատ տնտեսություն ունեցող երկիրը չի կարող այդքան պարտքերի տակից դուրս գալ, եւ այդ ողջ բեռը ծանրանալու է մեր երեխաների ուսերին: Երեկ կառավարությունում լրագրողների հետ հանդիպման եկած ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը վստահ էր, որ Հայաստանը արտաքին պարտքի առումով, զարգացած երկրների համեմատությամբ, բավականին լավ վիճակում է, եւ չնայած նախորդ տարվանից սկսած մեր երկրի արտաքին պարտքը 14%-ից հասել է 40-44%-ի, նախարարը գտնում էր, որ Հայաստանը դրա տակից պատվով է դուրս գալիս: Տ. Դավթյանի տվյալներով՝ այժմ մեր երկրի արտաքին պարտքը կազմում է $3 միլիարդ. «Առանց խնդիրների՝ մենք այդ պարտքը սպասարկելու ենք, կարեւորն այն է, որ պարտքը կառավարելի է, եւ մինչեւ 2013-14 թթ. պարտքի սպասարկման գումարները ներառված են բյուջեում: Մտավախությունը, թե այն կմնա մեր երեխաներին, տեղին չէ՝ մեր պարտքը մենք էլ փակելու ենք»:
Անդրադառնալով տնտեսության վերականգնման փուլի արդյունքներին, որն իր մեջ ներառում է նախորդ 5 ամսվա տվյալները, պարոն Դավթյանը, հղում անելով Ազգային վիճակագրական ծառայությանը, վստահեցրեց, որ ընդհանուր առմամբ ՀՆԱ-ն աճել է 8,8%-ով: Սա պայմանավորված է տնտեսության բոլոր ճյուղերում գրանցված տնտեսական աճով.«Եթե նախորդ ամիսներին մտավախություն կար, որ այս դինամիկան կրում է որոշակի անկայուն բնույթ, ապա այսօր կարող ենք վստահ ասել, որ տնտեսական աճը կայուն ուղեկից ունի, եւ մենք լուրջ ակնկալիքներ ունենք՝ տարեվերջին ունենալու նախատեսվածից շատ տնտեսական աճ»:
Լրագրողներից մեկը կասկած հայտնեց, որ ԱՎԾ-ի տվյալներն այնքան էլ հավատ չեն ներշնչում, քանի որ ըստ դրանց՝ մայիսին գյուղատնտեսության ծավալները ապրիլի նկատմամբ շուրջ 54%-ով աճել են: Նախարարն ասաց. «Ես հավատում եմ այն թվերին, որը ԱՎԾ-ն ընդհանրացնում է: Մենք ներկայացնում ենք 5 ամսվա արդյունքները եւ ոչ թե մայիսի: Խոսել տնտեսության զարգացումների մասին՝ կոռեկտ է 5 ամսվա կտրվածքով»: 
«Առավոտը» Տ. Դավթյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ չափանիշներով են ընտրվել այն խոշոր ընկերությունները, որոնք «Հարկերի մասին» օրենքով պարտավոր են հարկային տեսուչներ ունենալ: Նշենք, որ այսօր կառավարության նիստի օրակարգում պարոն Դավթյանը ներկայացնելու է «Հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու ենթակա հարկ վճարողների 2010թ. ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Համաձայն այդ նախագծի, ընտրվել է 24 ընկերություն, եւ դրանց թվում չկան, ասենք, «Արմավիան», «Մուլտի Գրուպը», «Ֆլեշը» եւ այլն: Նախարարն ասաց. «Սա ՊԵԿ-ի տրամադրած ցուցակն է, եւ ընտրվել են այն ընկերությունները, որոնք ռիսկային գոտում են: Դրանք դեղերի արտադրությամբ եւ ներկրումով, ծխախոտի եւ օղու բիզնեսով զբաղվող ընկերություններ են: Բացի այդ, օրենքով տեսուչներ կնշանակվեն 4 միլիարդ դրամից ավելի շրջանառություն ունեցող ընկերություններում: Դրանք այսօր մոտ 100-ն են, եւ առայժմ ընտրվել է 24-ը: Նախագծի հիմնական նպատակը ռիսկի գոտում գտնվող ընկերությունների շրջանառությունը ֆիքսելն է: ՊԵԿ-ի հիմնավորումն է, այսօր կներկայացվի կառավարությանը եւ հաստատվելուց հետո գործընթացը կսկսվի»:
Ֆինանսների նախարարը, ներկայացնելով առաջիկա անելիքները, հայտնեց, որ  լուրջ բարեփոխումներ են իրականացնելու պետական գնումների համակարգում եւ արդեն հուլիս ամսից ծրագրել են անցնել էլեկտրոնային գնումների համակարգին. «Հավատացնում եմ, որ զգալի կրճատվել են մեկ անձից իրականացվող գնումները: Մենք այս համակարգում պարբերաբար խստացումներ ենք կատարում»: 
Նա նշեց, որ 6 օր է մնացել խոշոր ընկերություններին, որպեսզի ներկայացնեն իրենց ֆինանսական աուդիտի արդյունքները, հակառակ դեպքում՝ կպատժվեն օրենքով: Ազգային ժողովի ընդունած օրենքի համաձայն, շուրջ 500 ընկերություն, որոնց շրջանառությունը գերազանցում է 1 միլիարդ դրամը, պարտավոր են մինչեւ հուլիսի 1-ը հաշվետվություն ներկայացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել