Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈ՞ՐՆ Է ԺԼԱՏ, ԹԵ՞ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ` «ՇՈՒՍՏՐԻ»

Հունիս 24,2010 00:00

Շիրակցիները հրաժարվում են Սամվել Ալեքսանյանի հետ գործ բռնել

\"\"

Մեկ շաբաթից պաշտոնապես կբացվի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի նորակառույց շաքարի գործարանը: Չնայած այն խոստումներին, որ կառույցը կմեղմացնի գործազրկությունը մարզում, շիրակցիներին ճակնդեղ ցանելու ու մեծ եկամուտ ստանալու հնարավորություն կընձեռի, գյուղացիները ամենեւին էլ չեն ոգեւորվում, քանի որ կարծում են, թե պատգամավորը «ժլատություն» է անում՝ ճակնդեղ ցանելու համար իրենց չնչին գումարներ առաջարկելով՝ 1կգ-ի դիմաց՝ 25-30 դրամ: Ըստ Ազատանի եւ Ախուրյանի բնակիչների՝ իրենց խոսակցություններ են հասնում, թե շաքարի գործարանի սեփականատերը «հեռվից-հեռու» սպառնում է ջրազրկել իրենց, եթե չհամաձայնեն գործարանի համար ճակնդեղ մշակել իր թելադրած պայմաններով ու գնով:
 «Առավոտը» նախ դիմեց Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանին՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ կապ ունի պատգամավորը շիրակցիներին ոռոգման ջուր մատակարարող ջրամբարի հետ, չլինի՞ այս կառույցն էլ գաղտնի սեփականաշնորհել են: Գյուղվարչության պետն ասաց. «Նման բան բացառվում է, ջրամբարը ստրատեգիական նշանակության կառույց է, այն գտնվում է «Շիրակ ոռոգման ընկերության» հաշվեկշռում, ոռոգման ջուր է մատակարարում մեր մարզի բոլոր գյուղերին, եւ վերջինի հաշվեկշռում են գտնվում նաեւ գլխավոր ջրատարներն ու ջրանցքները»: Պարոն Մանուկյանը նաեւ փոխանցեց, որ Շիրակի մարզի գյուղացիներից եւ ոչ մեկը պայմանագիր չի կնքել շաքարի գործարանի տնօրինության հետ, նրանք այս տարի փորձնական ցանք են արել, արդյունքը կտեսնեն, հետո նոր շիրակցիները ճակնդեղ կմշակեն գործարանի համար: Իսկ ինչո՞ւ են գյուղացիները հրաժարվում գործ բռնել օլիգարխ պատգամավորի հետ. այս հարցը փորձեցինք ճշտել ամենաբերրի հողատարածքներ ունեցող համայնքների՝ Ազատանի ու Ախուրյանի գյուղապետերի հետ:
Ըստ Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանի՝ «Մեր գյուղից ոչ մեկը պայմանագիր չի կնքել, որովհետեւ փոխշահավետ պայմաններ չեն առաջարկում, նրանք գյուղացուն 1կգ ճակնդեղի համար առաջարկում են 25 դրամ, իսկ դա բացարձակապես ձեռք չի տալիս, առնվազն 45-50 դրամ պետք է առաջարկեն: Գյուղացիները հաշվարկում են, որ տարեկան կտրվածքով իրենց 200 հազար դրամ գումար է մնում, եթե, իհարկե, այդքան մնա, իսկ դա բնականաբար ձեռնտու չէ: Հիմա շաքարի գործարանի տնօրինությունը մեր մարզում 40 հեկտար ճակնդեղ է ցանել, եթե կկարողանան գյուղացուն ապացուցել, որ իրենց առաջարկած գումարով հնարավոր է եկամուտ ստանալ, գյուղացին կցանի, եթե չէ՝ ժողովուրդը իր փողը լավ հաշվել գիտի»: Նա զարմացավ՝ լսելով, որ ազատանցիները եւս անհանգստացած են ջրամատակարարման շուրջ պտտվող խոսակցություններից: «Ո՞վ կարող է գյուղացուն սպառնալ, դա տրամաբանական էլ չէ, ջրային տնտեսությունը ջուրը բերել է շահույթ ստանալու, փող աշխատելու համար, ով փող է վճարում, նա էլ ջուր է ստանում, ջրային տնտեսության համար ի՞նչ տարբերություն՝ ջուրը բաց է թողել ճակնդեղի՞, թե՞ կարտոֆիլի համար, դրանք հաստատ հերյուրանքներ են»,- պարզաբանեց գյուղապետը:
Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանն էլ գրեթե նույնն ասաց: Ըստ նրա՝ շաքարի գործարանի տնօրինությունը իր օրինակով պիտի գյուղացուն համոզի, որ դա եկամտաբեր գործ է: «Եթե նախապես պահանջված 60 տոննան հիմա անհրաժեշտ չէ, ուրեմն գյուղացին դժվար թե համաձայնի 25 դրամով ճակնդեղ ցանել: Ինչքան տեղյակ եմ, հիմա շաքարի գործարանի պատասխանատուներն են ցանել, թող ապացուցեն, որ եկամտաբեր է, գյուղացին էլ գործարքի մեջ մտնի, եթե՝ ոչ, մենք պատրաստ ենք իրենց այս նպատակի համար վարձակալությամբ հողեր տրամադրել, թող անձամբ ցանեն»,- առաջարկեց Ախուրյանի գյուղապետը:
Ինչո՞ւ են այդքան չնչին վճարում գյուղացուն եւ առհասարակ՝ ինչպե՞ս են պատկերացնում գյուղացի-շաքարի գործարան հետագա համագործակցությունը՝ այս հարցով դիմեցինք գործարանի գործադիր տնօրեն Էդիկ Սարգսյանին: Վերջինս չշտապեց մեղադրել շիրակցիներին իրենց հետ չհամագործակցելու ու թերահավատ լինելու համար: Ըստ պարոն Սարգսյանի՝ գյուղացուն էլ կարելի է հասկանալ. նա վերջին անգամ ճակնդեղ մշակել է կոլխոզի տարիներին ու ամենաշատը ստացել է 35 տոննա բերք, այսինքն՝ չարչարանքը շատ է եղել, բերքատվությունն էլ՝ ցածր, եւ վերջինս չի էլ պատկերացնում, որ արտերկրից՝ Գերմանիայից, Շվեյցարիայից ներկրվող նոր սերմերով բերքատվությունը բարձր է, միջինը կարելի է 50-60 տոննա ստանալ, ձեռքի աշխատանքն էլ պակասել է: «Ֆերմերներից մեկը նոր սերմը օգտագործեց ու 80 տոննա բերք հավաքեց, ես երկար ժամանակ այս գործերով եղա Չեխիայում, նոր սերմերով Չեխիայի անջրդի հողատարածքներում կարելի է միջինը 60 տոննա բերք ստանալ, պատկերացրեք, եթե ջրովի հողատարածքներում ցանենք՝ ինչ կլինի, ճակնդեղը ջուր սիրող կուլտուրա է: Այսինքն՝ գյուղացին սխալ թվաբանություն է անում, մենք հիմա հողատարածք ենք վարձել, գյուղացին կգա մեզ մոտ կաշխատի, կտեսնի, որ այս տարի 57 տոննա բերք կստանանք, կհամոզվի, ու մյուս տարիների համար թող ինքն իր անելիքը որոշի: Եթե հարցին խելացի մոտենան, թվաբանություն իմանան, ապա դաշտերը չեն լցնի կարտոֆիլով, կեսը ճակնդեղ կցանեն, կեսն էլ՝ կարտոֆիլ, կարտոֆիլի գինն էլ կբարձրանա: ԱՊՀ տարածքում ճակնդեղ արտադրող երկրներում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Բելառուսում ճակնդեղն ընդունում են 50 դոլարով, մենք՝ 64-ով, վա՞տ ենք անում»,- ասաց գործարանի գործադիր տնօրենը: Իսկ թե ինչպես կմեկնաբանի տարածված խոսակցությունները, թե պատգամավորը գյուղացիներին սպառնում է ջրազրկել, Է. Սարգսյանն ասաց. «Ջրային տնտեսությունն առանձին կառույց է, մենք դրա հետ ի՞նչ կապ ունենք, ու ընդհանրապես՝ մենք գյուղացիներին չենք կարող ստիպել, որ մեզ համար աշխատեն, իրենք պետք է որոշեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել