Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունն էլ հրապարակեց հռչակագիր

Հունիս 24,2010 00:00

Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերաբերյալ Հայաստանի պատվիրակների նախաձեռնության ներքո ստորագրել է 56 հոգի:

ԵԽԽՎ կայքէջում երեկ հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ պատասխանատվությամբ ու նպատակի հստակությամբ գործելու անհրաժեշտության մասին» գրավոր հռչակագիրը, որի ներքո առաջինը ստորագրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Դավիթ Հարությունյանը: Ընդհանուր առմամբ՝ հռչակագրի ներքո ստորագրել են 56 պատվիրակներ (Ժորժ Կոլոմբիեն, Խրիստոս Պուրգուրիդեսը, Հոլգեր Հայբախը եւ այլք), որոնցից 27-ի ստորագրությունն ապահովել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: Համեմատության համար հիշեցնենք, որ ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովի կողմից հունիսի 9-ին շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունն ամրապնդելու անհրաժեշտությունը» գրավոր հռչակագրի ներքո ստորագրել էին ԵԽԽՎ 34 պատվիրակներ: Հետաքրքրականն այն է նաեւ, որ, ասենք, լիտվացի պատվիրակ Էգիդիժուս Վարեյկիսը ստորագրել է ե՛ւ ադրբեջանցիների, ե՛ւ հայերի՝ իրար բավական հակասող հռչակագրերի ներքո:
Մեր պատվիրակության հռչակագիրը հետեւյալն է. «Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը պետք է շարունակի գործել պատասխանատվությամբ եւ ուշադրությամբ, գնահատի իր կարողություններն ու նպատակները, երբ գործ ունի հակամարտությունների հարցերի հետ, այդ թվում եւ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության: Ցանկացած գործողություն, որը զուրկ է նպատակների նման հստակությունից՝ կարող է շատ քիչ նպաստ ունենալ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ընդհակառակը՝ այն կարող է ունենալ հակառակ արդյունք եւ բարդացնել շարունակվող խաղաղարար գործընթացը, որը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ: Վեհաժողովի ջանքերը նման իրավիճակներում պետք է շարունակեն լինել ներառական եւ անմիջականորեն շահագրգիռ բոլոր կողմերի համաձայնության հույսով: ԵԽԽՎ նախագահի ջանքերը՝ լայնորեն խորհրդակցել անմիջականորեն շահագրգիռ կողմերի պատվիրակությունների անդամների հետ՝ պետք է իրականացվեն խնամքով եւ իմաստությամբ: Ինքնին նման խորհրդակցությունները կարող են հանգեցնել շահագրգիռ պատվիրակությունների միջեւ փոխըմբռնման եւ ոչ առճակատման հարաբերությունների բարենպաստ միջավայրի: ԵԽԽՎ գործողությունները պետք է բոլոր դեպքերում հիասթափեցնեն որեւէ կողմի, որը ձգտում է օգտագործել Վեհաժողովն իբրեւ հարթակ՝ քարոզչական եւ փոխադարձ մեղադրանքների համար: Վեհաժողովը պետք է նաեւ հստակ գնահատի իր հնարավորությունները՝ հակամարտության կարգավորման հարցերում: ԵԽԽՎ-ն չունի մեխանիզմներ, գործիքներ կամ փորձառություն՝ անմիջականորեն զբաղվելու հակամարտության կարգավորմամբ: Հապճեպ գործողությունները ԵԽԽՎ կողմից այդ պատճառով անընդունելի են եւ կարող են լրջորեն վտանգել միջազգային հանրության ջանքերը՝ փնտրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը»:
Հավելենք, որ ԵԽԽՎ-ն երեկ քննարկեց «Իսլամը, իսլամիզմը եւ իսլամաֆոբիան Եվրոպայում» զեկույցը, որի ընթացքում Ադրբեջանի պատվիրակ Գանիրա Փաշաեւան դարձյալ Հայաստանին անդրադարձավ, թե էթնիկ զտումներ է իրականացրել ազերիների դեմ եւ այլն: Ելույթ ունեցավ նաեւ Հերմինե Նաղդալյանը եւ հայտարարեց. «Ցինիկ ստի հեղեղները, որոնց տարածման համար օգտագործվում է ցանկացա՛ծ առիթ ու ցանկացա՛ծ թեմա, հանրահայտ փաստերի ակնհայտ նենգափոխումը հաճախ դառնում են պատճառ, որ մարդիկ իսլամի փոխարեն տեսնում են իսլամիզմ: Էթնիկական զտումներ, մարդկանց զանգվածային սպանություններ՝ միայն այն պատճառով, որ նրանք քրիստոնյա են, այրված տներ, տաճարներ, որոնք վերածվել են գոմերի, կործանված խաչքարեր՝ միայն այն պատճառով, որ դրանք քրիստոնեական մշակույթի հուշարձաններ են, կացինը ձեռքին մարդասպաններ, որոնք հռչակվել են ազգային հերոսներ՝ ահա ադրբեջանցիների իրական փաստերը, իրական արարքներն ու դեմքը»:

Հ. Գ. Ուշ երեկոյան քննարկվեց Եվրոպայում ժողովրդավարության վերաբերյալ զեկույցը, որի ընթացքում ելույթ ունեցավ Զարուհի Փոստանջյանը: Մանրամասները՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել