Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿԶԲՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻՑ ՄՆԱՑ ՄԻԱՅՆ «ԿԱՄՈՒՖԼՅԱԺԸ»

Հունիս 24,2010 00:00

Սակայն օտարալեզու դպրոցների նախաձեռնության հակառակորդները «Լեզվի մասին» օրենքում թողնված սողանցքն էլի համարում են վտանգավոր:

\"\"

Կանխատեսելի է, որ կոալիցիոն 3 ուժերն էլ այսօր կողմ կքվեարկեն կառավարության նախաձեռնությանը՝ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության» մասին օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: ՕԵԿ-ի դիրքորոշման առումով տարակույսներ չկային էլ: Երեկ արտահերթ նստաշրջանում ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը՝ Հովհաննես Մարգարյանն ասաց, թե բնականաբար կողմ են, որ մեր երեխաներն ունենան հնարավորություն «խորացված ուսուցանել» տարբեր լեզուներ. «Ինչո՞ւ չէ՝ հնարավոր է նաեւ, որ լինեն դեպքեր, եւ օտարերկրյա քաղաքացիները մեզ մոտ գործող դպրոցներում ուսուցանեն»: Նման լավատեսություն արտահայտել էին նաեւ ՀՀ նախագահն ու վարչապետը: Ուստի մնում է սպասել, թե արդյոք, ասենք, ԱՄՆ-ից կամ Անգլիայից գալո՞ւ են մեր Ջերմուկում կամ Դիլիջանում անգլերեն սովորելու: Հայաստանի հենց այդ վայրերում են գործելու ոչ պետական ուսումնական այն հաստատությունները, որոնք կարող են օտար լեզուներով դասավանդում իրականացնել: Սա նաեւ ԲՀԿ-ի առաջարկն էր, որը եզրափակիչ խոսքում ընդունեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը մինչ այդ հայտարարել էր. «Դիլիջանում միջազգային 1 դպրոցի եւ Ջերմուկում 1 դպրոցի մենք համաձայն ենք»:
Քվեարկության դրվելիք արդեն իսկ մեկ անգամ լրամշակված նախագծում երեկ հայտարարվեց նաեւ այլ փոփոխությունների մասին: «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսվող լրացումն այժմ ունի հետեւյալ տեսքը. «Այն ուսումնական հաստատությունները, որոնք կրթությունը կազմակերպում են օտար լեզուներով, կարող են գործել բացառապես ՀՀ կառավարության որոշումով», այսինքն՝ դուրս բերվեց դրա շարունակությունը, թե դրանք կարող են իրականացնել «միջնակարգ կրթության 2-րդ եւ 3-րդ աստիճանի հանրակրթական ծրագրեր»: Նաեւ փոխվեց նման ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը՝ լրամշակված նախագծում 15-ն էր, իսկ քվեարկության դրվելիք տարբերակում՝ 11-ը: Նախկին նախագծի համաձայն՝ դրանցից 8-ը կարող էին լինել Երեւանում: Իսկ ներկա տարբերակը, ըստ Արմեն Աշոտյանի՝ այսպիսին է. «Որից 2-ը՝ ոչ պետական ուսումնական հաստատություններ Դիլիջանում եւ Ջերմուկում, որոնք գործունեություն են իրականացնում 7-րդ դասարանից, երկկողմանի միջպետական կամ միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատություններ, որոնք կարող են իրականացնել ուսուցում միջնակարգ կրթության երրորդ աստիճանով, այն է՝ ավագով»։ Հիշեցնենք, որ կառավարության՝ ապրիլին ներկայացրած նախագծում ոչ մի նման սահմանափակում նախատեսված չէր: Եվ միայն քննադատությունից հետո ԿԳՆ-ն հայտարարեց օտարալեզու դպրոցների թվի 2%-ի, ապա՝ 1%-ի մասին: Ավելին՝ ԱԺ նախագահը երեկ համոզմունք հայտնեց, թե առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրինագծում էլի կլինեն փոփոխություններ:
Ի դեպ, քննարկման ավարտից հետո ցուցարարների հետ զրույցի ընթացքում պատասխանելով ենթադրությանը, թե այս օրինագիծը կհանգեցնի ռուսական դպրոցների բացմանը՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Չկա՛ այդպիսի բան: Չե՞ք հավատում, որ ասում եմ: Դուք կարդացե՞լ եք օրինագիծը: Այնտեղ ի՞նչ է գրված: Գրված է, որ միեւնույն լեզվով դասավանդվող դպրոցների թիվը 4-ից ավելի չի լինելու»: Մեր կողմից նկատենք, որ լրամշակված տարբերակում ձեւակերպումն այլ է. «Նույն օտար լեզվով կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը 5-ն է»: Եվ համենայնդեպս՝ ամփոփիչ ելույթում պրն Աշոտյանը չնշեց, թե նաեւ այս առումով է արվել փոփոխություն: Նշենք նաեւ, որ երկխոսությունն ունեցավ ոչ պակաս հետաքրքիր շարունակություն: Ցուցարարը նկատեց. «Այդ կետը շրջանցելը շատ հեշտ է՝ օրենքում փոփոխություն մտցնելով: Մի նիստով կորոշեք»: Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Օրենսդրական գործունեությունը թույլ չի տալիս»: Եվ լսելով առարկությունը, թե թույլ է տալիս, ասաց. «Ես մազոխի՞ստ եմ, ըստ ձեզ, հա՞: Օրենքը թույլ է տալիս, 2 ամիս է՝ ընկել եմ հասարակական քննարկումների հորձանուտի մեջ, հա՞»:
Այս հարցին անդրադարձ եղավ նաեւ ԱԺ քննարկման ընթացքում: Ե՛վ «Ժառանգությունը», ե՛ւ ՀՅԴ-ն առաջարկեցին հանել «Լեզվի մասին» օրենքի 2-րդ ներկա հոդվածում (ՀՀ-ում դասավանդման լեզուն գրական հայերենն է) առաջարկվող փոփոխությունը՝ «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» նախադասությունը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ընդունեց, որ այս ընթացքում արված առաջարկները «զգալի չափով կերպարանափոխել եւ ավելի ընդունելի տեսքի են բերել օրենքը: Բայց ո՛չ մինչեւ վերջ: Օրինագծի, այնուամենայնիվ, ամենահիմնական բացը, ճեղքը՝ այդ բացառության հնարավորությունը տալիս է: Իսկ մենք չգիտենք, սիրելի իմ Հանրապետական բարեկամներ, թե հաջորդ ընտրություններում ի՞նչ քաղաքական ուժ կհաղթի: Ես կարծում եմ, թե ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի ներկայացուցիչները չեն կարծում, թե միշտ հաղթելու են ընտրություններում»: Վստահություն հայտնեց, թե նրանք հասկանում են, որ իշխանության կարող են գալ նաեւ այլ ուժեր. «Ու դուք չգիտեք, թե այդ բաց ճեղքը, սողանցքը, որ մենք այսօր թողնում ենք այս օրենքում՝ այդ ուրիշ՝ հիպոթետիկ քաղաքական ուժերը ո՞նց կօգտագործեն վաղը կամ վաղը չէ մյուս օրը: Ընդամենն ասում եմ՝ եկեք զգույշ լինենք այս հարցում եւ եկեք ձեռք չտանք նրան, ինչ որ կարելի է ձեռք չտալ»: Հայտնեց, որ եթե «Լեզվի մասին» օրենքում մնան նախատեսվող փոփոխությունները՝ ՀՅԴ-ն դեմ կքվեարկի նախագծին:
Արմեն Աշոտյանն այս կապակցությամբ ասաց. «Շատ է խոսվում, որ օրենքի փոփոխության անհրաժեշտություն չկա, եւ գործող օրենսդրությունը թույլ է տալիս մեզ իրականացնել այն ծրագրերը, որոնց համար մենք եկել ենք ԱԺ այս օրինագծով: Ցավոք սրտի, այս 2,5 ամիսների ընթացքում եւ ոչ մի իրավական լուրջ տեղեկանք, հիմնավորում՝ բացի քաղաքական ելույթներից, մեզ չներկայացվեց: Եվ ձեզ հավաստիացնում եմ, որ իրավական այլ լուծում, քան այն առաջարկը, որ մենք արել ենք՝ գոյություն չունի: Եթե կա այդ լուծումը, եթե դիցուք, 3 ամիսների ընթացքում չենք գտել այդ իրավական համապատասխան ճանապարհը եւ հանկարծ մի օր կգտնենք՝ ես կխնդրեմ նորից, մինչեւ երկրորդ ընթերցում, նման կոնստրուկտիվ առաջարկ անել եւ ցույց տալ մեզ, օգնել այն ճանապարհը հարթելու, որը թույլ կտա «Լեզվի մասին» օրենքին ձեռք չտալ»: Նրա հետ զրույցի ընթացքում «Առավոտը» հետաքրքրվեց, որ եթե այդ օրենքը հնարավորություն չի ընձեռում Հայաստանում հիմնել միջազգային դպրոցներ՝ ինչպե՞ս են մինչ այժմ գործել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ կնքված համաձայնագրով ստեղծված ֆրանսիական դպրոցը եւ ամերիկյան «Որակի միջազգային դպրոցը»: Նախարարի պարզաբանումները շատ ծավալուն էին, եւ առաջիկայում կներկայացնենք առանձին հրապարակմամբ:
ԱԺ քննարկումն ընթանում էր օտարալեզու դպրոցների դեմ հանդես եկող քաղաքացիական նախաձեռնության «Ամոթ», «Հայաստանում՝ հայերեն» բացականչությունների եւ սուլոցների ներքո, ինչի կապակցությամբ ԱԺ ամբիոնից Արմեն Աշոտյանը հայտարարեց. «Պայմանները, որում մենք աշխատում ենք՝ մի քիչ հիշեցնում են ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, վուվուզելայի երգը»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Փողոցում հավաքված 100-120 մարդկանց այսօրվա մեկենասները նույնն են, որոնք փակեցին ատոմակայանը, փակեցին «Նաիրիտը» եւ փորձում են այսօր էլ մեր կարեւորագույն արժեհամակարգը շեղել, իբրեւ թե ազգադավ գործողություններ ենք կատարում»: Նշենք, որ թեեւ նախորդ օրերին ցուցարարների մեջ էր «Նաիրիտի» եւ ատոմակայանի դեմ հանդես եկած Խաչիկ Ստամբոլցյանը, բայց մշտապես էլ ավելի շատ են եղել ՀՅԴ-ի եւ ազգայնական այլեւայլ ուժերի ներկայացուցիչները, որոնց, ինչպես նաեւ ցույցերին ներկա ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին կամ բազմաթիվ այլ գործիչների շա՜տ դժվար է կասկածել նման մեկենասությամբ գործելու մեջ: Սակայն «դավադրության տեսությունը» թերեւս շատ հարգի է մնում, այլապես Արմեն Աշոտյանն էլ եզրափակիչ ելույթում չէր հայտարարի. «Առանձին հետազոտելու եւ հետաքրքրությունների առարկա է այն հասարակական խմբավորումը, որն աշխատում է այս օրենքի դեմ: Կարծում եմ, սա օրենքի հետ կապ չունի եւ ավելի շատ նախընտրական ցանցերի տեխնոլոգիաների կիրարկման փորձարկում է՝ ընդամե՛նը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել