Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՄԱՐՄԻՆ ՉԷ»

Հունիս 24,2010 00:00

ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ ստացել ու ոստիկանությանն է ուղարկել ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հաղորդումը՝ հանցագործության մասին: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, քանի որ դատախազությունը բացահայտող մարմին չէ եւ նախաքննություն չի իրականացնում, այլ հսկողություն՝ նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ, հետեւաբար, «այդ հաղորդման մեջ նշված հանգամանքները դատախազությունը չի ստուգում, այլ ուղարկում է ոստիկանությանը»: Հիշեցնենք, որ Անահիտ Բախշյանի հաղորդումը վերաբերում էր քննություններից առաջ 9-րդ դասարանի ավարտական թեստերի արտահոսքին, երբ աշակերտներից շատերը դրանք նախօրոք ձեռք են բերել ու ստացել կեղծ բարձր գնահատականներ: «Ա1+»-ի հետ զրույցում տիկին Բախշյանը նշեց, որ երբ թեստեր են վաճառվում քննությունից առաջ, խոսել կրթության որակի մասին ու հետո գնահատել դրանք, «դատարկ խոսակցություններ են»: Այս ամենի պատճառն, ըստ նրա՝ այն է, որ անցած տարվա նմանատիպ թերությունները հաշվի առնելով՝ պետք է այս տարի հատուկ հսկողություն լիներ, ինչը չեղավ: Արդյունքում, նրա համոզմամբ՝ քննությունների նկատմամբ վստահությունն ավելի մեծ կլիներ, ԳԹԿ-ն էլ չէր հեղինակազրկվի. «Ես բազմիցս ասել եմ՝ ԳԹԿ-ն պետք է դառնա կրթության աուդիտոր եւ հասարակության մեջ ունենա վստահություն»: ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանն էլ «Ա1 +»-ին ասել է, որ իրենք եւս քայլեր են ձեռնարկել՝ դիմելով ԱԱԾ-ին. «Եթե նման մարդ կա մեր կոլեկտիվում, որ ի վիճակի է նման քայլ անել, նա պետք է պատժվի, որպեսզի հետագայում կանխվեն նման դեպքերը»: Նաեւ հավելել է. «Ես դա դիտարկում եմ միտումնավոր վնաս ԳԹԿ-ին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել