Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՍԿԱՆԱ ՕՐԻՆԱԳԾԻ ԻՄԱՍՏԸ…

Հունիս 24,2010 00:00

Տասնյակ օրենքներում փոփոխություններ ենթադրող կենսաթոշակային բարեփոխումների փաթեթով Հայաստանի կառավարությունը մտադիր է սոցիալական եւ աշխատանքային կենսաթոշակները բարձրացնելուն զուգահեռ ներդնել կուտակային կենսաթոշակի համակարգը (2011թ.-ից՝ կամավոր, իսկ 2014-ից՝ պարտադիր սկզբունքով): Փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը: Նրա ասելով. «Նախատեսվում է, որ մինչեւ 40 տարեկան անձինք իրենց անհատական կենսաթոշակային հաշիվներին կվճարեն պարտադիր կերպով իրենց աշխատավարձի 5 տոկոսի չափով, դրան կավելանա եւս 5 տոկոսի չափով՝ պետության կողմից»:
«Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, փոխնախարարը հայտարարել է, թե պարտադիր կուտակային համակարգը ձեռնտու կլինի թե՛ քաղաքացիներին, թե՛ պետությանը. «Դրանք հավաքվելու են քաղաքացիների կենսաթոշակային հաշիվներում, որոնք կառավարելու են ակտիվները կառավարող ընկերություններ: Խնդիրը վերաբերում է այդ գումարների ներդրմանը համապետական ծրագրերում: Առաջին հերթին այդ գումարները պետք է ուղղվեն պետության կողմից իրականացվելիք ծրագրերին»:
Խորհրդարանական խմբակցություններից Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» առարկում են կառավարության ներկայացրած օրինագծերի փաթեթին: «Գումարը, կարծում եմ, հավաքելու են Հայաստանում՝ այս կուտակային ֆոնդերի միջոցով, եւ այդ ֆոնդերի գումարը դրսում դնելով, բնականաբար, եկամուտ են ստանալու»,- եզրակացրել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) նույնպես ընդունելի չի համարել կառավարության առաջարկները: Նա հիշեցրել է, որ «այն մոդելը, որն առաջարկվում է, միջազգային փորձառության մեջ արդեն մերժված է: Մասնավորապես՝ Արգենտինայում, որն անցել էր պարտադիր կուտակային համակարգի, 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո միանգամից հրաժարվեց այս մոդելից եւ անցում կատարեց նախկին մոդելին, ինչը որ մեր երկրում է»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ նկատել է, որ եթե ժողովուրդը հասկանա, թե այս առաջարկվող օրինագծով ի՞նչ է առաջարկվում՝ «այստեղ ոչ թե 400 հոգի, այլ 400 հազար հոգի կհավաքվի ու կսրբի այս շենքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել