Լրահոս
Օրվա լրահոսը

Իրերն իրենց անունով կոչել

Հունիս 24,2010 00:00

\"\"Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ հրադադարի խախտումներից: Այդ մասին ասված է Եվրոպական Միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսնակի տարածած հաղորդագրության մեջ: «Գերագույն հանձնակատարն ափսոսանք է հայտնում հունիսի 18-19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցած զինված միջադեպի համար, որի արդյունքում մարդկային կյանքի կորուստ է գրանցվել»,- ասված է հայտարարության մեջ: «News. am»-ի մատուցմամբ, եվրոպացի պաշտոնյան ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել հարգել զինադադարի պայմանները, զերծ մնալ զենքի եւ ցանկացած սպառնալիքի կիրառումից եւ շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց ջանքերը: «ԵՄ-ն վերստին հաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ու երեք համանախագահների աշխատանքին»,- ասված է հայտարարության մեջ:
Արձագանքելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա տիկին Էշթոնի հայտարարությանը՝ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «ԵՄ մեր գործընկերներին եւ ընդհանրապես բոլոր այն մարդկանց, ովքեր շահագրգիռ են, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն ունենա արդար, քաղաքական բանակցությունների արդյունքում ձեռք բերված լուծում, տեղեկացնեմ, որ ի տարբերություն ադրբեջանական սուլթանատի եւ նրա փոքրիկ սուլթան Իլհամ Ալիեւի, հայկական կողմը բացառապես խաղաղ եւ քաղաքական բանակցությունների արդյունքում խնդրի կարգավորման կողմնակից է: Կոնկրետ հունիսի 18-ի միջադեպը ղարաբաղյան կողմի նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության կողմից ծրագրավորված դիվերսիա էր, եւ կարծում եմ, որ ԵՄ ներկայացուցիչը պարտավոր էր այստեղ իրերն իրենց անուններով կոչել, որովհետեւ մեր ու նաեւ Եվրոպայի պատմությունը ցույց է տվել, որ ոճրագործություններն ու ահաբեկչությունները չդատապարտելը ծնում է նոր ոճրագործություններ, ահաբեկչություններ ու դիվերսիաներ: Կարծում եմ նաեւ, որ խնդրի խաղաղ, քաղաքական, արդար եւ արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է, որ ժողովրդավարության բնօրրան Եվրոպայից հնչեն արդար ու հստակ եւ ոչ թե լղոզված, ընդհանուր գնահատականներ, որոնք օգուտ չեն տա ու չեն նպաստի նման հակամարտությունների լուծման գործընթացին: Կարծում եմ՝ Եվրոպայի մեր գործընկերները հետեւություններ կանեն: Պետք է հստակ մեղադրանք հնչեցնել Ադրբեջանի հասցեին, այլապես նման գնահատականները հնարավորություն կտան Ադրբեջանին մի կողմ դնել միջազգային իրավունքի նորմերը եւ շարունակել նման դիվերսիաները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել