Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁ ՄԻ ԴՐԵՔ»

Հունիս 24,2010 00:00

\"\"Հանուն ազգային շահի՝ Կոմկուսը չի վախենում նժդեհական-հանրապետականներից ու դաշնակցականներից ազգայնամոլ երեւալ:

Այն, որ Հայաստանի պետական քարոզչությունը հունիսի 18-19-ի գիշերը տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնց զոհ գնացին չորս հայ զինվորներ, չորսն էլ վիրավոր են, ներկայացնում է իբրեւ ադրբեջանական կողմի հիստերիայի արդյունք, բնավ դուր չի եկել ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանին: Հիշեցնենք, որ խոսելով այդ միջադեպի մասին՝ բոլոր «իշխանականները» միաբերան հայտարարում են, թե Սանկտ Պետերբուրգում Հայաստանի համար այնպիսի բարենպաստ իրավիճակ ստեղծվեց, որ Ալիեւը պարզապես փախավ այնտեղից ու վախից նման քայլեր ձեռնարկեց: Ասվում է նաեւ, որ դա միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու ձեւ է: «Առավոտի» դիտարկմանը, որ մեր նորագույն պատմության 20-ամյակն, այնուհանդերձ, ցույց տվեց, որ միջազգային հանրությանը ապատեղեկացնելու եւ շանտաժի ենթարկելու ադրբեջանական բոլոր քայլերը դրական արդյունք տվել են, ընդհուպ մինչեւ այն, որ այժմ Հայաստանն ընկալվում է ագրեսոր երկիր, ընկեր Թովմասյանը լրացրեց. «ՀԿԿ-ն միշտ էլ հայտարարել է, որ եւ Թուրքիայի, եւ Ադրբեջանի նկատմամբ չափից ավելի զգոնություն է պետք դրսեւորել: Այսօր ամեն ինչ բացատրել նրանով, որ Ալիեւը փախավ, եւ այդ դեպքը դրա պատասխանն էր՝ ճիշտ չէ: Մենք պատերազմական վիճակում ենք, եւ այդ դեպքն ուզում եք՝ սադրանք, ուզում եք՝ պատերազմ հրահրել անվանեք, բայց փաստը մնում է փաստ, որ նրանք մտել են հայկական բանակի դիրքեր, եւ, փաստորեն, չորս զոհ ենք տվել: Առաջին անգա՞մն էր, որ զգալու էինք, թե ինչպիսինն է Ադրբեջանը. ինչպե՞ս քնած զինվորի վիզը Բուդապեշտում կտրեցին: Այնպես որ, սա Ադրբեջանի ձեռագիրն է, որի վայելչագրությունը Թուրքիայինն է»: Ցավակցելով զոհերի հարազատներին՝ ընկեր Թովմասյանն իշխանություններին էլ կոչ է անում վերջապես վերանայել «փափուկ բարձ դնելու» քաղաքականությունը, զգոն լինել եւ զգոն պահել հանրությանը, քանզի բացառված չէ, որ այս ամենը լայնածավալ ընդգրկում ստանա: Նա կարծում է, որ այս ամենը նաեւ արդյունք է հայ-թուրքական վերջին տարիների սիրախաղի, եւ որ ինքներս ենք Թուրքիային տվել հայկական հարցերին միջամտելու հնարավորությունները. «Ժողովրդական խոսքն ասում է՝ շան հետ (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի- Ն. Գ.) ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցի, իսկ մենք ինքնահանգստացնող կեցվածք ենք ընդունել, ու էլ ի՜նչ փայտ, ի՜նչ բան»: Ի դեպ, ընկեր Թովմասյանը նույնպես վստահ է, որ Հայաստանի նկատմամբ դիվերսիա իրագործած ադրբեջանական խմբում նաեւ թուրք մասնագետներ, անգամ թուրքական զինված խմբերի՝ «գորշ գայլերի» ներկայացուցիչներ են եղել:
Ի հեճուկս ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն տեսակետին էլ, որ Սանկտ Պետերբուրգում նաեւ Թուրքիայի «քթին հասցրեցինք» ու վերջնականապես բացառեցինք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նրա որեւէ մասնակցությունը, ընկեր Թովմասյանը նկատում է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնական բանալին ՌԴ-ի ձեռքում է, եւ այդ երկիրն է, որ պետք է կարողանա հարցը կարգավորել այնպես, ինչպես Հայաստանն է մտածում, ուստի խորհուրդ է տալիս ոչ միայն պարոն Շարմազանովին, այլ նաեւ իշխանության այլ ներկայացուցիչների զերծ մնալ ինքնահանգստացնող հայտարարություններից, ճիշտ հաշվարկել միջազգային մակարդակում արտահայտվող կարծիքները: Այնուհանդերձ, չնայած ռուս-թուրքական վերջին շրջանի մերձեցումներին, Կոմկուսում ասում են, որ հավատում են ՌԴ-ին, հայ-ռուսական բարձր մակարդակի վրա գտնվող բարեկամությանը, գտնում են, որ էլ ավելի պետք է լավացնենք մեր հարաբերությունները:
Ընդհանրապես գնահատելով ղարաբաղյան խնդրի շուրջ ստեղծված այս իրավիճակը, անդրադառնալով նաեւ ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերստեղծման հնարավորությանը, որը ղեկավարելու է ԵԽԽՎ նախագահ, ազգությամբ թուրք Մեւլութ Չավուշօղլուն, ում կողմնակալ լինելու մեջ համոզվելու առիթներ ունեցել ենք, մեր զրուցակիցն ասում է. «Մենք մեր մեղավորությունը պետք է խոստովանենք: Հիմա նույնիսկ ծիծաղելի են հնչում Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մեր պաշտոնյաների հայտարարությունները՝ այն դեպքում, երբ ինքներս Ղարաբաղին մի կողմ դրեցինք իր իսկ մասին տարվող բանակցություններից: Ինչ վերաբերում է Չավուշօղլուին՝ ես արդեն ասել եմ, որ նա վարում է իր նախնիների քաղաքականությունը: Եթե ինձ մեղադրեն ազգայնամոլության մեջ, ոչինչ, այստեղ ես ուզում եմ ազգայնամոլ լինել հանուն մեր ժողովրդի. այո, ես տանել չեմ կարող Էնվերին, Թալեաթին, Չավուշօղլուն, Հիտլերին եւ որեւիցե մի թուրքի՝ անկախ նրանից՝ նրա ճակատին գրված է Եվրոպա՞, Ամերիկա՞, թե՞ գնացել Լուսին՝ ետ է եկել ու այլմոլորակային է: Եթե ազգությամբ թուրք է՝ նա իրավունք չունի զբաղվել Հայաստանին վերաբերող հարցով, քանի որ հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը նրա կաթի հետ է մտել եւ արյան հետ էլ դուրս է գալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել