Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ՝ ԿԱՊՎԱԾ ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԵՏ

Հունիս 23,2010 00:00

Բազմաթիվ ուսումնասիրություններից, տեղազննումից ու ճարտարապետական չափումներից հետո, այժմ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցուն սպասվում է մի նոր «փորձություն» եւս:

Պարզվում է, որ այս տարածաշրջանում եղել են բազմաթիվ թռչունների եւ կենդանիների տեսակներ, որոնք, սակայն, ներկայումս պահպանված չեն:

Այս մասին կարդում ենք թուրքական «Ռադիկալ» թերթում, որտեղ Օսման Բեքլեյանի ստորագրությամբ հոդվածում գրված է, որ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու պատերին արված նշանավոր քանդակները վավերագրական աղբյուր են համարվում մի շարք անհետացած կենդանիների տեսակների ուսումնասիրության համար։

Վանի համալսարանի բնագիտական բաժնի դասախոս դոկտոր Յուզդեմիր Ադըզելիի ուսումնասիրության մեջ նշվում է, որ այս քանդակների միջոցով հնարավոր է ստուգել երեսուն տեսակի թռչունների եւ գիշատիչ կենդանիների գոյությունը, որոնք ապրել են այս հողատարածքի վրա եւ անհետացել են: Ինչպես, օրինակ, անատոլիական հովազը, այծերի ու եղնիկների մի շարք տեսակներ: «Տեսակներ կան, որոնք ապրել են այստեղ, եւ նրանց վերջին անգամ հանդիպել ենք 1970-ական թվականներին: Բայց կան նաեւ տեսակներ, որոնց մասին կան 1100 տարվա տեղեկություններ: Նրանք կամ անհետացել են, կամ թվաքանակը խիստ նվազել է, եւ մենք առօրյայում չենք կարողանում հանդիպել նրանց»,- ասել է գիտնականը:

Եկեղեցին որպես ուսումնասիրության աղբյուր ներկայացնող գիտնականը իր տեսակետը հիմնավորել է հետեւյալ կերպ. «Եկեղեցու պատերի վրա կան հինգ տարբեր սերունդների քանդակներ։ Տեղադրված երկու սերունդների քանդակները վերաբերում են հավատքի ու մշակույթի հարցերին։ Հաջորդող սերունդների քանդակները վերաբերում են այդ հողատարածքի վրա ապրած կենդանիներին»։

Ահա այս քանդակներն էլ կարող են լավագույն աղբյուրը հանդիսանալ տեղի կենդանական աշխարհի ուսումնասիրության համար:

Ապա թերթը ավելացնում է, որ եկեղեցին տարիներ շարունակ մնաց ավերակ, իսկ 1915թ. օրակարգ մտավ այն քանդելու առաջարկը: Այս քանդման գործընթացին դեմ դուրս եկան Իլիաս Քիթափչըն՝ «Ջումհուրիյեթ» թերթի Վանի թղթակիցը, ինչպես նաեւ հայտնի գրող Յաշար Քեմալը: Շնորհիվ այս երկու անձանց՝ եկեղեցին մնաց կանգուն, իսկ 2005-2007 թվականներին վերանորոգվեց՝ դառնալով մշակութային ամենափնտրված օջախներից մեկը: Իսկ այսօր, ահա, ի հայտ են գալիս նոր բացահայտումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել