Երկրի մարզական ղեկավարությունը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող՝ գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանին: Հիշեցնենք, որ Բուլղարիայում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 392 կգ արդյունքով հռչակվել է չեմպիոն:
Հիշեցնենք նաեւ, որ Ռուբեն Ալեքսանյանն այս տարվա մեծահասակների Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղն էր գրավել:
Նորընծա չեմպիոնը հենց օդանավակայանում հուզված շեշտել է, որ իր հաղթանակը նվիրում է մայրիկին, քանի որ հունիսի 21-ին նրա ծննդյան օրն է:
Հավելենք նաեւ, որ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանն իր թիմակիցների հետ նախապատրաստվելու է սեպտեմբերին Անթալիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: