Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի եւ Չեմպիոնների լիգայի 2010/11թթ. խաղարկության որակավորման առաջին երկու փուլերի վիճակահանությունը, որն անցկացրեց ՈՒԵՖԱ-ի մրցումների կազմակերպման ղեկավար Մայքլ Հեսսելշվերդը: Երեւանի «Փյունիկը» պայքարի մեջ կմտնի որակավորման երկրորդ փուլից: Չեմպիոնների լիգայի խաղարկությունում վերջին տարիների մեր անփոփոխ մասնակցի մրցակիցն է լինելու Սերբիայի վերջին երեք տարիների չեմպիոն «Պարտիզանը», որը ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը: Երեւանի «Փյունիկը» այդ ցուցակում միայն 312-րդն է:
Թիմերն առաջին հանդիպումը կանցկացնեն Բելգրադում (մեկնարկը նշանակված է հուլիսի 13/14-ին), իսկ մեկ շաբաթ անց արդեն կմրցեն Երեւանում:
Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Երեւանի «Բանանցը» կմրցի Կիպրոսի փոխչեմպիոն «Անորտոսիսի» հետ: Հիշեցնենք, որ վերջինս Չեմպիոնների լիգայի 2008/09 թվականների խաղարկության պայքարից դուրս թողեց Հայաստանի չեմպիոն «Փյունիկին»: Եվրոպայի լիգայի մեր մյուս մասնակցի՝ «Ուլիսի», մրցակիցը Իսրայելի «Բնեի Յեհուդա» ակումբն է:
Այս հանդիպումները տեղի կունենան հուլիսի 1-ին եւ 8-ին: «Բանանցն» առաջին խաղը կանցկացնի Կիպրոսում, իսկ «Ուլիսը»՝ Երեւանում:
Եվրոպայի լիգայի խաղարկությունում մեր երրորդ մասնակիցը՝ Երեւանի «Միկան», պայքարի մեջ ներգրավվելու է որակավորման երկրորդ փուլից: Հայաստանի փոխչեմպիոնի մրցակիցը կորոշվի անդորա-մակեդոնական «Լուսինաթս»-«Ռաբոտնիչկի» զույգի երկու հանդիպումների արդյունքում: Առաջին խաղը Արմեն Ադամյանի սաները կանցկացնեն հուլիսի 15-ին՝ մրցակցի հարկի տակ, իսկ պատասխան հանդիպումը հուլիսի 22-ին՝ Երեւանում:
Առաջին արգելքը հաղթահարելու դեպքում «Ուլիսն» ու «Բանանցը» կմրցեն, համապատասխանաբար, Իռլանդիայի «Շեմրոկ Ռովերսի» եւ խորվաթա-մալթայական «Շիբենիկ»-«Սլիմա» զույգի հաղթողի հետ:
«Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը մինչ իռլանդական ակումբի մասին մտածելը՝ արդեն մտահոգված է «Բնեի Յեհուդայի» մասին տեղեկություններ հայթայթելով, ինչը ժամանակի խնդիր է: «Անկեղծ ասած, ապագա մրցակցին ծանոթ չենք: Մեզ հարկավոր է ուսումնասիրել նրանց խաղը, որպեսզի կարողանանք այս մրցավեճում հաղթող դուրս գալ: Իսկ դրա համար մենք կանենք ամեն ինչ»,- ասում է Սեւադա Արզումանյանը:
«Բանանցի» գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկուն նույնպես առաջին հերթին մտահոգում է Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում իր թիմին բաժին հասած մրցակիցը, մանավանդ որ, ըստ մակեդոնացի մասնագետի, այն հնարավոր բոլոր տարբերակներից ամենաուժեղն էր. «Անորտոսիսը» հարուստ պատմություն ունեցող փորձառու թիմ է: Բոլորս ենք հիշում Չեմպիոնների լիգայում նրա փայլուն ելույթները»: Ինչ վերաբերում է «Բանանցի» հնարավորություններին այս մրցամարտում, ապա, ըստ մակեդոնացի մարզչի՝ իր թիմը կարող է պայքարել հաջորդ փուլի ուղեգրի համար՝ շնորհիվ կարգապահ, գրագետ եւ նվիրված խաղի:
Բարդ մրցակից է բաժին հասել նաեւ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկին», ինչը չի ուրախացրել գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին. «Բելգրադի «Պարտիզանը» մեզ համար, թերեւս, ամենաանցանկալին էր, թեեւ մնացածներն էլ, բացառությամբ Ղազախստանի «Ակտոբեի», բավական ուժեղ կոլեկտիվներ են»: Ու չնայած այս ամենին, մարզիչը նշում է, որ պետք է անել անհնարինն ու հաղթահարել սերբական թիմի արգելքը: Որպես բարենպաստ գործոններ, Մինասյանն ընդգծում է այն, որ Սերբիայի առաջնությունը դեռ չի մեկնարկել, իսկ առաջին հանդիպումը մեր թիմն անցկացնելու է հյուրընկալվելիս: Այս հանգամանքից դժգոհ է նաեւ «Պարտիզանի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստանոեւիչը: «Ավելի լավ կլիներ, եթե «Պարտիզանը» պատասխան խաղն անցկացներ սեփական հարկի տակ, սակայն, ամեն դեպքում, պետք է որակյալ խաղ ցույց տալ երկու հանդիպումներում էլ»,- ասել է սերբ մասնագետը: Ի դեպ, «Պարտիզանի» ներկայիս գլխավոր խնդիրը չկազմավորված թիմն է, որի առաջատար Դիարան օրեր առաջ տեղափոխվել է ԱՄԷ, իսկ եւս երկու առանցքային ֆուտբոլիստների՝ Մորեյրոյի եւ Պետրովիչի ճակատագիրն էլ դեռ պարզ չէ: