Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կանաչ» ճանապարհին սպասելիս

Հունիս 23,2010 00:00

Վերջերս ռուսական հեռուստաալիքներից մեկով ներկայացվում էր երկրում ամեն տարի կազմակերպվող տարվա գյուտերի ցուցահանդեսը: Այն շատ հետաքրքիր էր եւ ճանաչողական, գյուտարարները ցուցահանդեսում ներկայացնում էին գիտության եւ տեխնիկայի բազում ճյուղեր, հայտնագործություններ։ Ցուցահանդեսի այցելուների թվում էին թե հետաքրքրասեր քաղաքացիներ եւ թե ձեռներեցներ՝ հետագա համագործակցության նպատակներով։ Ցուցահանդեսը ակամա մտորելու տեղիք է տալիս. ինչո՞ւ նման ցուցահանդեսներ չկազմակերպել նաեւ Հայաստանում՝ եթե ոչ ամեն տարի, ապա 2-3 տարին մեկ։ Գաղտնիք չէ, որ շուկայական հարաբերությունների զարգացման գրավականը առաջավոր տեխնոլոգիաների լայնորեն կիրառումն է արտադրության մեջ։ ԱՄՆ-ի տնտեսական գերտերություն դառնալը, չմոռանանք, սերտորեն կապված է եղել հայտնագործությունների արագ արտոնագրման եւ արտադրությունում կիրառման հետ (միայն 19-րդ դարի վերջին երկրում արտոնագրվել է ավելի քան 600 000 հայտնագործություն)։ Այսօր էլ բազմաթիվ զարգացած եւ զարգացող երկրներ շատ լրջորեն են մոտենում գյուտարարությանը։ Հայաստանը նույնպես իր մտավոր կարողություններով, գյուտերով պետք է ներկայանա միջազգային հանրությանը։ Նախընտրելի կլինի մեզ մոտ նման ցուցահանդեսներ կազմակերպել ամռանը կամ աշնանը, երբ զբոսաշրջիկներից բացի՝ Հայաստան կարող են այցելել օտարերկրյա ձեռնարկատերեր, որոնք տեղում գյուտարարներին աջակցելու, սատարելու ծրագրեր կարող են մշակել, ինչու չէ՝ նաեւ պայմանագրեր կնքել։ Դրա հետ մեկտեղ, նման ցուցահանդեսները կարող են դառնալ հրաշալի առիթ ներկայացնելու մեր ժողովրդի մտավոր կարողությունների ներուժը։ Բացի ցուցահանդեսներից, գյուտարարներին «կանաչ» ճանապարհ կարող է հանդիսանալ համապատասխան թանգարանի ստեղծումը։ Թվում է, թե մեծ տեղ է հարկավոր նման թանգարանի համար, սակայն 21-րդ դարում այն կարելի է կազմակերպել համակարգչի օգնությամբ, ուր կարելի է պահել մեծ ծավալի տեղեկատվություն։ Համակարգիչներից զատ, թանգարանը կարող է ծառայել գյուտերի ցուցադրումների համար։ Այսօր փաստ է, որ հազարավոր մեր հայրենակիցներ, առավել եւս օտարներ, չգիտեն, որ, օրինակ, գունավոր հեռուստացույցի գյուտի հեղինակը Հովհաննես Ադամյանն է: Նման շատ օրինակներ կարելի է բերել եւ այս առումով առավել քան կարեւորվում է մեր ժողովրդի մտավոր ներուժի, այսօրվա եւ անցյալի հաջողությունների պատշաճ ներկայացումը միջազգային հանրությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել