Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌՈՔ ՊԼՅՈՒՍ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

Հունիս 23,2010 00:00

Կամ նոր նախագիծ՝ «Երկինք եւ երկիր»

\"\"
Ա. Միտինյանը (ձախից) եւ Էդ. Թոփչյանը գոհ են համագործակցությունից:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ «Այաս» ռոք խումբը, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանում առաջին անգամ, հունիսի 25-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնեն «Երկինք եւ երկիր». կոնցերտ ռոք խմբի եւ նվագախմբի համար» ծրագիրը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ռոք երաժշտությունը տարածվել է 1960-ականների կեսերից: Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում գործել են համամիութենական մակարդակի ռոք խմբեր եւ կատարողներ, այդ թվում՝ Արթուր Մեսչյանի «Առաքյալները», «Կոլեյդոսկոպը», «1+2»-ը եւ այլն: Երեւանի «Դինամո» մարզադահլիճում էլ տեղի էին ունենում միջհանրապետական ռոք փառատոներ: Չնայած հետագա պետական ճնշումներին (օրինակ՝ Ստաս Նամինի խումբը 1980-ին արտաքսվեց Հայաստանից), 1980-ականներին հայտնվեցին նոր սերնդի խմբեր, այդ թվում՝ Արթուր Միտինյանի լեգենդար «Այասը», «Ասպարեզը», «Տարերքը», «36,6»-ը, հետագայում ԱՄՆ տեղափոխված «Տեսիլքը» եւ «Մաքսիմումը»: 1986-ին ասպարեզ եկավ հայկական ռոքի թերեւս ամենանշանակալի ու ազդեցիկ խումբը՝ «Ոստան հայոցը», որ ընդմիջումներով ստեղծագործում է մինչ օրս: Սկսած 1980թ., սեփական երգերի կատարումներով բեմ բարձրացավ Վահան Արծրունին, որին հիշում ենք նաեւ որպես երեւանյան «Գաուդեամուս» ռոք փառատոների կազմակերպիչ: Ներկայումս ակտիվորեն գործում են «The King՝s Cross»-ը, «Alter Ego»-ն, «Empyray»-ը, «Բամբիռը», «Որդան կարմիրը» եւ այլ:

«Առավոտը» հանդիպեց դիրիժոր Էդուարդ Թոփչյանին եւ խնդրեց պատմել «Այասի» հետ Ֆիլհարմոնիկի համագործակցության մասին, ակնարկելով, արդյո՞ք այս նախագիծը ռոքի սիրահար ՀՀ վարչապետի մտահղացումն է: «Ինքս ռոքի սիրահար չեմ, բայց ընկերներիս ու համախոհներիս շրջանում ունեմ այս երաժշտության սիրահարներ, որոնց թվում է ճանաչված ռոքեր Ջեֆը (Վահագն Պապայան): Հենց նրա շնորհիվ տարիների ընթացքում երաժշտական այս ուղղությունից որոշ բաներ յուրացրել եմ ու եկել այն եզրահանգման, որ բարձրակարգ ռոքը իսկապես լուրջ արվեստ է: Այս նախագծի շնորհիվ կցանկանայի նվագախումբ հրավիրել նաեւ հայաստանյան այլ ռոք խմբերի: Կայանալիք համերգով ոգեւորված են նաեւ մեր նվագախմբի արտիստները, որոնք հիշում են ապրիլին Ֆիլհարմոնիկի հետ աշխարհահռչակ Յան Գիլանի պատմական համերգը: Ինչ վերաբերում է, թե այս մտահղացումը վարչապետ Տիգրան Սարգսյանինն է, ասեմ, որ այս դեպքում թեեւ դա այդպես չէ, սակայն վարչապետը նաեւ դասական երաժշտության երկրպագու է ու հաճախ ներկա է լինում Ֆիլհարմոնիկի համերգներին: Նա մեկն է կառավարության այն անդամներից, ովքեր Ֆիլհարմոնիկի կողքին են, ծանոթ են մեր հոգսերին, հաճախ էլ աջակցում են: Ի դեպ, կուզեի համերգին վարչապետը ներկա լիներ, որովհետեւ ես էլ գիտեմ, որ նա ռոքի սիրահար է»,- ասաց Թոփչյանը: «Այասի» ղեկավար Արթուր Միտինյանի մասին էլ դիրիժորը այսպես արտահայտվեց. «1986թ. Արթուրը հիմնեց «Այասը», որն էլ դարձավ Հայաստանում ռոք շարժման առաջատարներից: Երկու տարի անց խմբի անունը հայտնվեց գերմանական մամուլում, իսկ 90-ականներին ամերիկյան AIM ամսագիրը գրեց. «Այասը» սինթեզում է եկեղեցական հիմները ռոք երաժշտության հետ»: Չմոռանանք, որ Արթուրը ավարտել է Երեւանի կոնսերվատորիան՝ պրոֆեսորներ Էդվարդ Բաղդասարյանի եւ Էդգար Հովհաննիսյանի դասարանները, այնուհետեւ Մոսկվայի կոնսերվատորիան եւ ասպիրանտուրան՝ կոմպոզիտոր Կարեն Խաչատուրյանի ղեկավարությամբ: Այսինքն՝ հանձին «Այասի» ու նրա ղեկավարի, մենք գործ ունենք պրոֆեսիոնալի հետ»: Հավելեց նաեւ, որ Ա. Միտինյանի գործերից «Բիթլզը՝ ընդմիշտ» ռոք բալետը, որը գրվել է ՌԴ մշակույթի նախարարության պատվերով, համարվել է 2006թ. Ռուսաստանի մշակութային կյանքի իրադարձությունը: Ռոքը ստեղծման օրվանից սկանդալային երաժշտաոճ է, իր կողմը հիմնականում ձգում է երիտասարդների, որոնք լի են կյանքն ու աշխարհը փոխելու մտայնությամբ:

Իսկ ի՞նչ տեքստերով երգեր են հնչելու համերգային ծրագրում: Ա. Միտինյանը հայտնեց. «Երկինք եւ երկիր» ծրագիրը կազմված է 12 մասից եւ ներառում է «Այասի» լավագույն ստեղծագործությունները, որոնք նվագախմբի համար փոխադրել եմ ինքս, ինչպես նաեւ հնագույն հայկական արիական քրմերի հիմները՝ «դեպի ներս ուղղված» երգեցողության եզակի տեխնիկայով (սա Միտինյանի հատուկ ուսումնասիրության նյութն էր, որին նվիրել է 15 տարի- Ս. Դ.): Երկերի վերնագրերից էլ կարելի է եզրակացնել, որ դրանցում սկանդալային եւ ոչ մի տարր չկա, օրինակ՝ «Դարերի սահմանագիծ», «Արեւի շողերի տակ», «Դարերի հետքով գնալ» եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել