Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԿԱՇԱՌՔ ԵՆ ՏՎԵԼ ԹԱԼԻԲՆԵՐԻՆ

Հունիս 23,2010 00:00

Ամերիկացի զինվորականները տասնյակ միլիոնավոր դոլարներ են վճարել աֆղանական պահակային ընկերություններին, որոնք իրենց հերթին այդ գումարները փոխանցել են դաշտային հրամանատարներին: BBC-ի մատուցմամբ, այդ մասին ասված է Միացյալ Նահանգների կողմից իրականացված հետաքննության արդյունքների մասին զեկույցում: Ենթադրվում է, որ աֆղանական ընկերություններն այդ գումարները ստացել են ամերիկյան ռազմական ստորաբաժանումների համար նախատեսված բեռները Աֆղանստանի վտանգավոր շրջաններով անվնաս անցկացնելու համար: Համաձայն ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովներից մեկի հրապարակած զեկույցի, այդպիսի վճարումներ չստանալու դեպքում ռազմական բեռներ տեղափոխող ավտոշարասյուները հարձակման են ենթարկվել: Փաստաթղթում ասված է նաեւ, թե բեռնատարների վարորդները, որոնք ջուր, վառելիք եւ այլ բեռներ են տեղափոխել, աֆղանական անվտանգության ընկերություններին վճարել են շաբաթական մինչեւ 4 մլն դոլար: Ընդսմին, գները, ինչպես պնդում են զեկույցի հեղինակները, թելադրել են աֆղանական ընկերությունների ներկայացուցիչները: Սպասվում է, որ այս շաբաթ կոնգրեսականներին այս գործով ցուցմունքներ կտան Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հետաքննության արդյունքում նաեւ պարզվել է, որ ամերիկացիներից ստացված կաշառքը փոխանցվել է բոլոր այն երեք շրջաններում գործող «Թալիբան» շարժման անդամներին, նաեւ գործնականում բոլոր երեք նահանգապետերին, ոստիկանապետերին եւ տեղի դաշտային հրամանատարներին, որոնց տարածքով անցել են ամերիկյան զորքերի համար նախատեսված բեռները: Ավելին, հայտնի է դարձել, որ կաշառք ստացող ընկերություններից մեկը պատկանում է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի զարմիկներին: Զեկույցում շեշտվել է, որ անվտանգության ընկերությունների հետ նման համաձայնությունները կնքվել են օրենսդրության, նաեւ պաշտպանության նախարարության սահմանած կանոնների խախտմամբ: Պենտագոնն արդեն խոստացել է այս առնչությամբ սեփական հետաքննություն իրականացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել