Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքական քրոնիկոն

Հունիս 23,2010 00:00

\"\"Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի ղեկավար Մեսուդ Բարզանին (նկարում) քննադատել է PKK-ի կողմից Թուրքիայիում վերջին շրջանում իրականացվող արյունոտ գործողությունները։ Այդ մասին տեղեկացնում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական «Haberturk»-ը: Մեսուդ Բարզանին նշել է, որ իրենք խստորեն քննադատում են օրեր առաջ PKK-ի կողմից Թուրքիայի Շեմդինլիի շրջանի զորամասերից մեկի վրա կատարած հարձակումը, որի ընթացքում սպանվել է 11 թուրք զինվորական։ «Հստակ ասում ենք, որ դա չի նպաստում քրդական դատին եւ փակում է խնդրի կարգավորման համար անհրաժեշտ խաղաղ ճանապարհները»,- նշել է Բարզանին, միաժամանակ կոչ անելով Թուրքիային՝ չռմբակոծել Իրաքի սահմանամերձ շրջանները, քանի որ դրա արդյունքում զոհվում են քաղաքացիական անձինք։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեսուդ Բարզանին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հրավերով Թուրքիա էր այցելել, որի ընթացքում քննարկվել էր նաեւ PKK-ի խնդիրը։ Բարզանին թուրքական իշխանությունների հետ հանդիպման ընթացքում պաշտպանել է այն տեսակետը, որը PKK-ի խնդիրը պետք է առանց զենքի լուծել։

Իսկ ահա երեկ՝ հունիսի 22-ի առավոտյան, Ստամբուլի Հալքալը թաղամասի զորանոցներից դուրս եկած եւ զինվորներ տեղափոխող ավտոբուսը որոշ ժամանակ անց պայթեցվել է բջջային հեռախոսի միջոցով: Տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 3 զինվորական եւ 17-ամյա մի աղջիկ, որը, ամենայն հավանականությամբ, զինվորականի երեխա է եղել։ Ենթադրվում է, որ սա եւս քուրդ գրոհայինների ձեռքի գործն է, քանի որ արդեն մի քանի օր է, ինչ Թուրքիայի տարբեր նահանգներում քուրդ զինյալների կողմից իրականացվել են համաժամանակյա հարձակումներ զինվորական հենակետերի դեմ, որի ընթացքում սպանվել են թե՛ քուրդ զինյալներ, թե՛ թուրք զինվորականներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել