Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գազային նոր պատերազմ

Հունիս 23,2010 00:00

\"\"Երեքշաբթի օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարգադրել է փակել դեպի Եվրոպա արտահանվող ռուսական գազի՝ Բելառուսով անցնող տարանցիկ խողովակներն այնքան ժամանակ, քանի դեռ «Գազպրոմը» չի մարել այդ երկրի տարածքով գազի տարանցման դիմաց կուտակած պարտքը: Ընդ որում, «Reuters»-ի մատուցմամբ, Լուկաշենկոն այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ: «Գազպրոմն» արդեն մեկ երրորդով կրճատել է Բելառուսի կարիքների համար մատակարարվող գազի ծավալը՝ հայտարարելով, թե այդ երկիրը սպառած գազի դիմաց ընկերությանը 192 մլն դոլարի պարտք ունի: Մինսկը, որը հույս ունի ռուսական գազը ստանալ իջեցված գներով, պահանջում է «Գազպրոմից» մարել պարտքերը: Լուկաշենկոն նաեւ հավելել է, թե Բելառուսը, որ արտաքին ֆինանսավորման դեֆիցիտ ունի, «Գազպրոմին» ունեցած պարտքը մարելու համար գումար է գտել: «Ես այդ փողերը պարտք եմ արել իմ բարեկամներից, եւ մենք մոտ ժամանակներս դրանք կտանք ձեզ: Մեր բարեկամները մեզ օգնել են ընդամենը մեկ օրվա ընթացքում»,- հայտարարել է Բելառուսի նախագահը՝ չբացահայտելով վարկատուին: Նախօրեին ընկերության ներկայացուցիչը առանց կոնկրետ թիվ շեշտելու հավաստիացրել էր, թե «Գազպրոմի» պարտքը Մինսկին նույնքան է, որքան՝ Բելառուսի պարտքն ընկերության հանդեպ: Լուկաշենկոն հայտարարել է, թե «Գազպրոմը», որը ռուսական գազի մոտ հինգերորդ մասն արտահանում է Բելառուսի տարածքով, Մինսկին տարանցման համար պարտք է 260 մլն դոլար: Բելառուսի նախագահը ստեղծված իրավիճակը որակել է որպես «գազային պատերազմ»: «Ես ուզում եմ տեղեկացնել, որ հակամարտությունը վերաճում է գազային պատերազմի, եւ դա արդեն տնտեսվարող սուբյեկտների վեճ չէ»,- հայտարարել է Լուկաշենկոն ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ:

Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ տարաձայնությունները անհանգստացրել են նաեւ Եվրոպային: Եվրահանձնաժողովի էներգետիկ հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ Մարլին Խոլցները հայտարարել է, որ չորեքշաբթի օրը Ռուսաստանի հետ գազային հակամարտության հարցով արտակարգ խորհրդակցություն կունենա բելառուսական կողմի հետ: «Մենք ակնկալում ենք, որ գազի տարանցիկ հոսքին ձեռք չի տրվի, եւ Ռուսաստանն ու Բելառուսը կկատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել