Նման տպավորություն ստացա թեստ կազմողների եւ հայերենի մասնագետների «քննարկումից»
Ես՝ հայոց լեզվի եւ գրականության նախկին ուսուցիչս, ելնելով հասարակության մեջ հայոց լեզվի եւ հայ գրականության միասնական քննության թեստերի շուրջ հեռուստատեսային ալիքներով աղմուկ բարձրացրած մեծ իրարանցումից, որոշեցի մասնակցել ԳԹԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված տարբեր տարիներին թեստեր կազմած հայագետների, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչների համատեղ քննարկմանը… Ինձ թվաց, որ ոչ թե գիտական բանավեճի եմ մասնակցում, այլ անձնական հաշիվներ մաքրելու եկած մի (թող ինձ ներեն բոլոր քաղաքակիրթ մարդիկ) խաժամուժային իրարանցումի… Չգիտեի՝ խնդա՞մ, թե՞ լամ…
Մեկը միայն քննադատում է, պիտակավորում, մյուսը՝ պաշտպանվում, մի երրորդը՝ անհարկի միջամտում թե մեկի, թե մյուսի խոսելու ընթացքում, եւ այս ամենը՝ առանց միմյանց հերթ տալու… Փոխադարձ վիրավորանքների մի ողջ տարափ… «Դե եկ, վարդապետ, մի՛ խելագարվի»: Ակամա հիշեցի Խ. Աբովյանի «Էս գրքի ճամփի խրատը»՝ «ամենքին որ լսես, իշուկին պիտի շալակես»:
Հայոց լեզու տիրապետել՝ չի նշանակում քերականական հասկացությունների սոսկ սերտում: Տիրապետելը մտածել կարողանալն է… Իսկ դրան ծառայում են ոչ միայն հայոց լեզուն եւ գրականությունը, այլեւ դպրոցում դասավանդող ցանկացած ուսուցիչը, ծնողն ու հասարակությունը:
Ահա թե ինչ է ասում աշխարհահռչակ աստղագետ, ֆիզիկոս, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը. «Եթե լեզուն մտածողության միջոց է, ապա անկարգ-անկանոն մարդու մտածողությունն էլ կլինի անկարգ-անկանոն»:
Ո՞վ է մեղավոր: Առաջին հերթին դպրոցը: Նաեւ ընտանիքը: Մեր կյանքում տեղ գտած մտայնությունը: Պարզ է արդեն, որ լեզվի հարցում որոշ դպրոցներում չկա պահանջկոտություն: Ընդ որում, մեղադրել պետք է ոչ միայն հայոց լեզվի ուսուցիչներին: Մեղադրել պետք է բոլոր առարկաների ուսուցիչներին: Չէ՞ որ աշակերտը հայերեն է պատասխանում բոլոր ժամերին: Բայց լինո՞ւմ է, որ, ասենք, աշխարհագրության ուսուցիչը ուղղի աշակերտի ոչ ճիշտ հայերենը (ես կասեի՝ գոնե բացատրի իր առարկայի ամեն մի հասկացության բառային էությունը, ուղղագրությունը): Իսկ ընտանի՞քը: Ինչ գնով լինի՝ երեխային տեղավորել ոչ հայկական դպրոց: Ու խամրում է սկզբից եւեթ երեխայի՝ հանդեպ հայերենն ունեցած վերաբերմունքն ու հետաքրքրությունը: Նա ավարտում է դպրոցը՝ շուրթերին ունենալով ժարգոնային հայերենը: Ընդամենը:
Այսօր արդյոք բոլո՞րս ենք հասկանում, որ հայոց լեզվի եւ գրականության թեստերը ոչ միայն լեզվի քերականության եւ գրականության սոսկական իմացության, այլեւ Հայաստան աշխարհի բնագիտական, պատմագիտական գիտելիքների, տրամաբանելու, կարդացածը հասկանալ կարողանալու հմտությունների ստուգման միջոց են: Թեստերում կան այդպիսի պահանջներ. նախադասությունների (պարզ, բարդ, ուղղակի, անուղղակի խոսք) փոխակերպումներ, բառի ճիշտ կամ սխալ գործածություն, շարադրանքի նախադասությունների ճիշտ դասավորություն, շարադրանքի մտքին հակասող կամ չհակասող նախադասություն, հոմանիշների, հականիշների, համանունների իմացություն, դարձվածքների իմաստի բացատրություն, կետադրություն եւ այլն:
Իսկ այսօր (ես եկա այսպիսի եզրակացության) մեր լեզվաբաններին, ուսուցիչներին ավելի շատ հետաքրքրում են սեփական շահերը, անձնական հաշիվները, քան մեր սերունդների՝ հայերենին իրապես տեր կանգնելու ձգտում ներարկելը: Դա էլ քիչ է, թեստերը տպագրվում են օտար երկրում: