Կրթության «պատասխանատուները» իրե՞նց են ապահովագրում
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումը 2009թ. մի շարք փոփոխություններ մտցրեց: Նորամուծություն էր հատկապես դպրոցի տնօրենների ընտրության նոր կարգը՝ հավաստագրի ձեռքբերման միջոցով, եւ ուսուցիչների ատեստավորման մեխանիզմների ներդրումը: Առաջին հայացքից սրանք հանրակրթության ոլորտում օբյեկտիվության եւ կրթության որակի բարձրացման առումով առաջընթացային քայլեր էին, բայց արիուտես, որ դրանց կիրառման մեխանիզմներն արդեն մտահոգություններ են առաջացրել:
«Առավոտը» ՀՀ տարբեր մարզերի եւ Երեւանի դպրոցների մի շարք ուսուցիչներից դժգոհություններ է ստացել, թե իրենք ծանոթ չեն ատեստավորման մեխանիզմներին, մինչդեռ իրենց պարտադրում են անցնել ատեստավորում: Նրանցից մեկը, որը հարգելի պատճառներով չցանկացավ իր անունը հրապարակվի, ասաց. «Երբ տնօրենս ինձ կանչեց, ասաց, որ պետք է ատեստավորվեմ, քանի որ մեր դպրոցն ավագ է դառնում, շատ ոգեւորվեցի, մանավանդ՝ նա ասաց, թե կարգի համաձայն, ինձ ուղարկելու է վերապատրաստման: Երբ այլ դպրոցների կոլեգաներիս հետ զրուցում էինք, ինձ խորհուրդ տվեցին իզուր չչարչարվել, այլ լավ ծանոթ գտնել, որ ատեստավորումից հետո ինձ լավ «կարգ» տան, թե չէ՝ գիտելիքին ոչ ոք ուշադրություն չի դարձնելու: Այ, սա ինձ սկսեց մտահոգել»: Մարզերից եկած ուսուցիչներն էլ դժգոհում էին, թե իրենց վերապատրաստումների մասին չեն տեղեկացրել, ընդամենն «օդի մեջ» են ասել:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ՝ «Ուսուցիչը եւ նրա ատեստավորումը» հոդվածի ենթակետերով սահմանված է, որ ուսուցչի հերթական ատեստավորումն անցկացվում է 5 տարին մեկ, արտահերթը՝ ատեստավորումից առնվազն 2 տարի հետո: Ատեստավորումն անցնելու է պարզ եւ բարդ ընթացակարգերով: Պարզը փաստաթղթային ատեստավորումն է, բարդը՝ թեստավորման եւ հարցազրույցի եղանակը: Ուսուցչի ատեստավորման հանրապետական եւ տարածքային հանձնաժողովների ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանելու է ՀՀ կառավարությունը: Հենց այս հարցն էլ մտահոգում է ուսուցիչներին, քանի որ նրանց դառը փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում, որպես կանոն, հանձնաժողովները կամ շարժվում են «չոր փողով», կամ «ծանոթ-բարեկամով», իսկ գիտելիքը միայն վերջին տեղում է: Ըստ օրենքի՝ ատեստավորման ենթակա ուսուցիչներին ընտրում է դպրոցի տնօրենը եւ ոչ ուշ, քան 3 ամիս առաջ տեղեկացնում: Ատեստավորման տարածքային հանձնաժողովն իր ընդունած որոշումները հրապարակում է նույն օրը եւ երկօրյա ժամկետում ներկայացնում հանրապետական ատեստավորման հանձնաժողով: Այս գործընթացներից հետո որոշվում է՝ արդյո՞ք ուսուցիչը համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, արդյո՞ք ենթակա է որակավորման տարակարգի շնորհման կամ տարակարգի իջեցման, համապատասխանո՞ւմ է զբաղեցրած պաշտոնին, թե՝ ոչ: «Կարգի» իջեցումն էլ անմիջականորեն «խփելու» է ուսուցչի «գրպանին»:
Մեր տեղեկություններով, Արարատի մարզի բոլոր եւ Երեւանի որոշ դպրոցների ուսուցիչների ծանուցագրեր են ուղարկվել, որով ուսուցիչներին նախապես տեղեկացվում է, թե սեպտեմբերին կրճատումներ են լինելու՝ կապված դասաժամերի կրճատման հետ, նաեւ կոչ է արվում ստորագրել ծանուցագրերի տակ, որ նախապես են տեղեկացվել: Փաստորեն, դպրոցի տնօրեններն ու կրթության մարզային պատասխանատուները իրենց ապահովագրում են, որ հետո ոչ ցանկալի ուսուցիչներին կրճատեն ու արդարանան, թե վաղօրոք բոլորին էլ տեղեկացրել են այդ մասին:
Նշված դժգոհությունների մասին ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասաց. «Աշխատանքային օրենսգրքի համաձայն, եթե գործատուն զգում է հավանական կրճատումներ, երկու ամիս առաջ ծանուցում է այդ մասին: Սա անկախ է ավագ դպրոցների ծրագրից»: Մեր այն հարցին, այդ դեպքում երեւույթն ինչո՞ւ է համատարած բնույթ կրում, տիկին Հովհաննիսյանը պատասխանեց. «Համատարած չպիտի լինի: Ավագ դպրոցները առաջին դասարան չեն ընդունելու եւ դասվարներին ինչ-որ ձեւով հարակից դպրոցներում պիտի տեղավորեն: Քանի որ հիմնական դպրոցը 11-րդ դասարան չի ունենալու, միայն որոշ ուսուցիչներ պիտի ծանուցագիր ստացած լինեին, ոչ թե հարձակվողական դնեին ու ծանուցագրեր ուղարկեին բոլորին: Ես կճշտեմ, թե ինչ համատարածի մասին է խոսքը»: Իսկ ատեստավորման մտահոգությունների մասին ասաց. «Կարգը դեռ չկա, ուստի խոսելը վաղ է»: Մեր այն հարցին, այդ դեպքում ինչո՞ւ են տնօրեններն արդեն խոսում այդ մասին, գուցե ուզում են ատեստացիայի քողի տակ ոչ ցանկալի ուսուցիչներից ազատվե՞լ: Ն. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ի՞նչ իրավունքով են նման խոսակցություն տանում: Դեռ կարգ չկա… Մյուս կողմից էլ հո միանգամից 45 հազար ուսուցչի ատեստացիան չի՞ լինելու, գուցե այդ դպրոցի ուսուցչի ատեստացիան հասնի մի քանի տարի հետո: Չգիտեմ, գուցե ձեր նշած հանգամանքն էլ է գործում, կամ կան մարդիկ, որ ուզում են իրենց կողքին մարդկանց լարված պահել»: Իսկ ատեստավորման կարգը, ըստ տիկին Հովհաննիսյանի, հավանաբար կհաստատվի մինչեւ սեպտեմբեր: