Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՆՊԱՏԱ՞Կ, ԹԵ՞ ԽԱՅԾ

Հունիս 23,2010 00:00

Կրկին օտարալեզու դպրոցների մասին

\"\"

Կառավարության նախաձեռնությունը՝ Հայաստանում օտարալեզու դպրոցների գործունեությունն արտոնելու նպատակով «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, խոցելի է բազմաթիվ առումներով: Սակայն, նենգափոխելով խնդրի էությունը, փորձ է արվում կոծկել դրա վտանգներն ու թվաբանական աճպարարությամբ ամեն գնով ապահովել օրենքի փոփոխությունը: Մինչդեռ դրանով ոչ միայն էապես փոխվում է երկրի պետական լեզվի կարգավիճակը, իմաստազրկվում է Սահմանադրության 12-րդ (Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է) եւ 39-րդ (Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է) հոդվածների հիմնարար տրամաբանական կապը, ըստ որի՝ հիմնական ընդհանուր կրթության (հանրակրթության) լեզուն հայերենն է, այլեւ հիմքեր են ստեղծվում հազարավոր հայ երեխաների ինքնության աղճատման համար:

Խնդրո առարկան՝ կրթության լեզուն եւ միջավայրը

Նրանց համար, ովքեր ունեն տարրական գիտելիքներ եւ պարկեշտություն՝ քննարկումը տարատեսակ երեսպաշտական հարցադրումներով այլասերման չտանելու համար, ակնհայտ է, որ խնդիրն ունի հիմնարար նշանակություն եւ ուղղակիորեն վերաբերում է հայ ինքնության ձեւավորմանն ու պահպանմանը: Յուրաքանչյուր անհատի կամ ազգի համար լեզուները բաժանվում են երկու մասի՝ մայրենի եւ օտար: Օտար լեզուները տարատեսակ (օտարների հետ՝ միջանձնային, մասնագիտական, գիտական եւ այլն) հաղորդակցությունների միջոց են, մեր օրերում լավ մասնագետի համար անհրաժեշտ գործիք: Մայրենի լեզուն ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլեւ ինքնության անփոխարինելի բաղադրիչ: Անհատի ինքնության ձեւավորման հարցում կարեւոր է նաեւ միջավայրը՝ ընտանեկան եւ կրթական: Ակնհայտ է եւ բնական, որ կրթական միջավայրի հաղորդակցության սահմանները շատ ավելի լայն են, քան ընտանեկան հաղորդակցության սահմանները: Իհարկե, առանձին դեպքերում ընտանեկան հաղորդակցության սահմանները կարող են համեմատելի լինել կրթականի հետ, սակայն, բնականաբար, դրանք սոսկ եզակի բացառություններ են: Դժվար չէ պարզել, որ դրանք հենց այն քիչ դեպքերն են, որոնք երբեմն մատնանշվում են՝ ցույց տալու համար, որ իբր օտար լեզվով կրթված անձանց ինքնության վրա կրթությունը բացասական ազդեցություն չի ունենում: Քանի որ հանրակրթական համակարգը այն միջավայրն է եւ կրթության լեզուն՝ այն միջոցը, որոնք ունեն բացառիկ նշանակություն անհատի ինքնության ձեւավորման տեսակետից, հետեւաբար, առաջարկելով օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ են տալիս ստեղծել «ուսումնական հաստատություններ, որոնք հանրակրթությունը կազմակերպում են օտար լեզուներով» («Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծի լրամշակված տարբերակ, www.parliament. am), կառավարությունը կամա թե ակամա հիմքեր է ստեղծում օտարալեզու միջավայրում հայ երեխաների կրթության, հետեւաբար՝ ինքնության աղճատման համար:

Իշխանությունը գոնե բնազդաբար զգում է, որ գոյություն չունի առաջարկվող փոփոխությունների ողջամիտ հիմնավորում եւ փորձում է նենգափոխել հարցը: Երկրի նախագահի անունից հայտարարվում է, որ «քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխանող մի քանի դպրոց Հայաստանում հիմնելու խնդիրը: ՀՀ նախագահը դրան դրական է վերաբերվում»: Կառավարության ղեկավարը հայտարարում է. «Մեր օրենսդրությունն արգելում է, որ լինեն միջնակարգ կրթական հաստատություններ, որտեղ թույլատրվում է որոշ առարկաներ դասավանդել օտար լեզուներով»: Մինչդեռ «Լեզվի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ոչ թե «միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոցներին» կամ «որոշ առարկաների», այլ «այն ուսումնական հաստատություններին, որոնք հանրակրթությունը կազմակերպում են օտար լեզուներով»: Դա է սահմանում Ազգային ժողովում քննարկվող նախագծի առաջին հոդվածի երկրորդ կետը: Հետեւաբար երկրի ղեկավարները փորձում են հասարակությունից քողարկել փոփոխությունների նպատակը: Հանրահայտ է, որ ոչ մի իշխանություն երբեք չի թաքցրել իր լավ նպատակները:

Իշխանության հիմնավորումն ու գործելաոճը

Ազգային ժողով ներկայացված նախագծին կից տեղեկանքում կառավարությունը միայն մեկ հիմնավորում է բերել դրա անհրաժեշտության վերաբերյալ՝ Հայաստանում հանրակրթության մակարդակը բարձրացնեու նպատակով պետք է թույլ տալ միջազգային բարձրակարգ դպրոցների մուտքը: Իհարկե, Հայաստանում հանրակրթության մակարդակը ցածր է, սակայն մի՞թե օտարալեզու կրթություն առաջարկող թեկուզ եւ բարձրակարգ դպրոցների մուտքով հնարավոր է լուծել երկրի համար կենսական նշանակություն ունեցող այդ խնդիրը: Կառավարության կարծիքը, որ պետական լեզվով կրթություն տվող դպրոցները կփորձեն հասնել նորաստեղծ օտարալեզու կրթություն առաջարկող դպրոցների մակարդակին, պարզունակ է ու անհիմն: Գոնե կարող էին պարզել, թե երբ, ինչ նպատակով է ստեղծվել Թաիլանդի այն դպրոցը, որը ցանկանում են տեղափոխել Հայաստան, որոնք են արդյունքները: Այդ դեպքում կիմանային, որ այդ դպրոցի առկայությունը Թաիլանդում որեւէ ազդեցություն չի ունեցել ոչ այդ երկրի կրթական համակարգի բարելավման եւ ոչ էլ այնտեղ որեւէ հիմնախնդրի լուծման վրա: Ավելին, այդ երկիրն աշխարհում հայտնի է բոլորովին էլ ոչ բարձրակարգ կրթական համակարգով:

Եթե իշխանությունը մտահոգ լիներ Հայաստանում բարձրակարգ կրթություն ունենալու խնդրով, ապա դա ակնհայտորեն պետք է դրսեւորվեր նման կրթություն եւ գիտելիքներ ունեցողների նկատմամբ ուշադրությամբ: Հայաստանից ամեն տարի սեփական նախաձեռնությամբ մի քանի տասնյակ երիտասարդներ ընդունվում են աշխարհի բարձրակարգ համալսարաններ՝ բուհական կամ հետբուհական կրթություն ստանալու համար, եւ ավարտելուց հետո վերադառնում են հայրենիք: Արդյո՞ք կառավարությունը փորձում է նրանց ներգրավել պետական ծառայության ոլորտ: Իհարկե՝ ոչ: Ավելին, մի՞թե բարձրակարգ կրթության մասին մտահոգ երկրի կառավարությունը պետական ակադեմիական գիտական ինստիտուտներում աշխատող գիտությունների դոկտորներին, ովքեր ղեկավարում են գիտական ուղղություններ, կվճարի ընդամենը 50 հազար դրամ աշխատավարձ, ավելի ցածր, քան կառավարության, Ազգային ժողովի ու նախագահի աշխատակազմի վարորդներին: Եթե իշխանությունն իսկապես մտահոգ լիներ Հայաստանում կրթության որակով, ապա կաներ այն, ինչ վաղուց ի վեր անում է մարդկության ցանկացած ողջամիտ հատված որեւէ հիմնախնդրի առկայության դեպքում. կձեւակերպեր հիմնախնդիրը, կդիմեր մասնագետների՝ այն ուսումնասիրելու, պատճառները բացահայտելու եւ դրանից հետո՝ լուծումներ առաջարկելու համար: Կրթության ու գիտության մասին տարրական գիտելիքներ ունեցող ցանկացած իշխանություն հասկանում է, որ որեւէ լուրջ հարցի վերաբերյալ մասնագետներն են առաջարկում լուծումներ, իսկ քաղաքական պաշտոններ զբաղեցնողներն ընտրում են առաջարկվող տարբերակներից որեւէ մեկը:

Իսկ թե ինչու է իրականում կառավարությունը Ազգային ժողով ներկայացրել օրենքի փոփոխությունները, պարզ ու հասկանալի բացատրել է կառավարության ղեկավարը. «Երկու նախաձեռնող խումբ եկավ: Մեկը Ռուբեն Վարդանյանն էր, որը Դիլիջանում միջազգային դպրոց է կառուցում, որի հիմնադրումն արդեն եղել է: Եվ պարզվեց, որ մեր օրենքը թույլ չի տալիս, որ նա այդ միջազգային դպրոցը ստեղծի: …Մյուսը Թաիլանդի մի քոլեջի տնօրեն էր: Նա ասաց, որ Հայաստանից 15 հոգի կրթություն է ստանում անգլերեն եւ այդ դպրոցում չկա ոչ հայոց լեզու, ոչ հայ ժողովրդի պատմություն: Եվ ինքն ասաց՝ ավելի նպատակահարմար է այդ դպրոցը Թաիլանդից տեղափոխենք Երեւան»: Ահա այսպես են լուծվում պետական եւ համազգային բացառիկ նշանակություն ունեցող հիմնախնդիրները. դրանցից բացարձակապես անտեղյակ ու դրանց անհաղորդ օտարերկրացիները, պատահաբար հայտնվելով Հայաստանում, առաջարկում են «հանճարեղ» լուծումներ, կառավարությունն էլ, պարտաճանաչ, բայց թույլ աշակերտի նման, անմիջապես ձեռնամուխ է լինում դրանց իրականացմանը: Ոչ միայն արհամարհելով մասնագետների ու մասնագիտական կառույցների կարծիքը, խնդիրների լուծման հանրահայտ մոտեցումներն ու սկզբունքները, այլեւ կոպտորեն ոտնահարելով երկրի օրենքները. խանդավառությամբ մասնակցում են «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներին հակասող «միջազգային դպրոցի» հիմնադրմանը: Սակայն արհամարհվում են ոչ միայն օրենքները, այլեւ պետական կառույցներն ու հասարակությունը: Նախ, առանց պատշաճ ուսումնասիրությունների ու հիմնավորումների, Ազգային ժողով ներկայացվեց խնդրի լուծումն ամբողջովին կառավարության տնօրինությանը հանձնելու նախագիծ, ապա այն «լրամշակվեց»՝ օտար լեզվով կրթությունը 5-րդ դասարանից սկսելու եւ մեկուկես տասնյակով նման դպրոցների թիվը սահմանափակող ձեւակերպումներով, այժմ էլ շրջանառվում է երկու դպրոց Դիլիջանում եւ Ջերմուկում բացելու, ինչպես նաեւ մի շարք ավագ դպրոցներում օտարալեզու կրթություն մտցնելու տարբերակը: Ընդ որում, որեւէ տարբերակի համար ողջամիտ հիմնավորում չի առաջարկվել, առկա է սոսկ պարզունակ առեւտուր: Կառավարության խնդիրը մեկն է՝ ամեն գնով ապահովել օտարերկրյա երկու «առաքյալների» ցանկությունների կատարումը:

Զուգահեռը հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացների հետ ավելի քան ակնհայտ է: Երեք դեպքերում էլ խնդիրը վերաբերում է Հայաստանի եւ հայության համար կենսական խնդիրների: Երեք դեպքերում էլ իշխանությունները փորձում են նենգափոխել խնդրի էությունը: Բայց ամենակարեւոր եւ ամենավտանգավոր ընդհանրությունն այն է, որ կենսական նշանակություն ունեցող խնդիրների ու դրանց լուծումների նկատմամբ վերաբերմունքը իրավիճակային է, մակերեսային ու արկածախնդիր, առկա է գիտելիքների ու հմտությունների աղետալի բացակայություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել