Լրահոս
Օրվա լրահոսը

Եկամուտներ չկան, կան պարտքեր

Հունիս 23,2010 00:00

Սյունիքի մարզխորհրդի երեկվա նիստում, անդրադառնալով մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքման հարցին, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանը հայտարարեց, որ Սյունիքի մի շարք համայնքներում եկամուտների ապահովման գործընթացը խիստ անբավարար վիճակում է, համայնքների բյուջեներ գույքահարկի գծով՝ նախորդ տարվա 6 ամսվա համեմատությամբ, աճ գրեթե չի արձանագրվել, իսկ հողի հարկի ցուցանիշներն էլ նվազել են: Հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեն հատկապես Կաղնուտ, Շիկահող, Վերին Գյոդաքլու, Բարձրավան, Սվարանց, Սոֆլու, Գեղանուշ, Դավիթ-Բեկ, Եղվարդ, Արավուս, Բնունիս, Սալվարդ, Վաղատին գյուղական համայնքները: Սյունիքի 109 համայնքների ընթացիկ տարվա բյուջեներում նախատեսվել է 3,08 միլիարդ դրամ եկամուտ, որից սեփական եկամուտները՝ 1,03 միլիարդ:

Չի հաջողվում լուծել նաեւ համայնքներում աշխատավարձերի գծով պարտքերի հարցը: «Բյուջետային տարվա սկզբին համայնքներում աշխատավարձի գծով պարտքը 40 միլիոն դրամ էր, ընթացիկ տարում նախորդ տարիների պարտքերից մարվել է 51,839 միլիոն դրամ, հունիսի 14-ի դրությամբ ունենք 34,87 միլիոն դրամ աշխատավարձի պարտք: Ընթացիկ տարում նույնպես աշխատավարձերի պարտքեր են գոյացել՝ ընդհանուր՝ 66,59 միլիոն: Համայնքների ղեկավարները պետք է քայլեր ձեռնարկեն նախկին պարտքերը հնարավորինս մարելու եւ նոր պարտքեր չկուտակելու ուղղությամբ»,- նշեց Աշոտ Մարդյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել