ՏԱՎՈՒՇՈՒՄ
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում մայիսի 28-ին տեղացած կարկուտից տուժել էին Արծվաբերդ եւ Տավուշ գյուղերի տնտեսությունների ցանքատարածությունները: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը ճշտել է նշված համայնքների կրած վնասների չափերը: Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը հայտնեց, որ Արծվաբերդ համայնքին պատճառվել է 26 միլիոն, Տավուշին՝ 4 միլիոն դրամի վնաս:
Իսկ հունիսի 12-ի երեկոյան ուժեղ քամին եւ կարկուտը մեծ վնասներ էին պատճառել մարզի 9 համայնքներին, այդ թվում՝ մարզկենտրոն Իջեւանին: Չնայած 10 օր է անցել, սակայն այս պատուհասի բերած վնասի չափերը դեռ չեն ճշտվել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ԼՈՌԻՈՒՄ
Իսկ ահա Լոռու մարզում հունիսի 12-ին եւ 15-ին ուժեղ կարկտահարության հետեւանքով գյուղատնտեսությանը պատճառված վնասը արդեն հաշվարկվել է՝ 369,13 միլիոն դրամ: Տուժել են հիմնականում հացահատիկի արտերը՝ մոտ 120 միլիոն դրամ, կարտոֆիլի եւ այլ բանջարեղենի ցանքատարածությունները՝ մոտ 200 միլիոն դրամ, եւ պտղատու այգիները՝ ավելի քան 50 միլիոն դրամ:
Լոռու մարզում կարկուտից վնասվել էին նաեւ շենքերի եւ առանձնատների տանիքներ ու պատուհաններ, ընդհանուր վնասը՝ 80,715 միլիոն դրամ:
Համայնքներն իրենց ուժերով վերացրել են կարկտահարության որոշ հետեւանքներ: Մարզկենտրոն Վանաձորում մաքրման աշխատանքների վրա ծախսվել է 10 միլիոն դրամ: Հունիսի 18-ին մարզի Լեջան եւ Գուգարք համայնքներում տեղացած վարար անձրեւն ու հեղեղը նոր ավերածությունների պատճառ են դարձել: Վնասի չափերը ճշտվում են:
ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ