Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶ Է, ՈՐ ՈՉԻՆՉ ՊԱՐԶ ՉԷ

Հունիս 23,2010 00:00

\"\"ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը ուրանի հանքերի մասին քննարկումներում նախընտրում է չխոսել վատի ու կասկածելիի մասին:

2009 թվականի նոյեմբերի 12-ին «Առավոտը» առաջին անգամ անդրադարձավ Սյունիքում ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ սյունեցիների բողոքին: Դրանից հետո այլ լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, բնապահպանական հ/կ-ները աղմուկ բարձրացրին, իսկ երեկ այս ամենի մասին պարզաբանումներ տվեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նախարար Արմեն Մովսիսյանի համար հասկանալի չէ ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ բողոքն ու աղմուկը, քանի որ դեռ պարզ չէ՝ Սյունիքում ուրանի հանքերը կշահագործվե՞ն, թե՞ ոչ: «Այսօր միայն որոնողա-գնահատողական աշխատանքներ են իրականացվում: Հետո պետք է երկրաբանական աշխատանքներ կատարել, հորատումներ անել, ճշտել ուրան կա, թե չկա, եթե կա, ինչպիսի պաշարներ են, առկա պաշարների դեպքում կա՞ն այնպիսի տեխնոլոգիաներ, որ էֆեկտիվ են տվյալ պաշարների արդյունահանման համար: Իսկ լրատվամիջոցներն ու բնապահպանները մի քանի տարի առաջ են ընկել: Եթե իմանայինք, որ այսքան-այսքան պաշարներ ունենք, կմշակեինք, էլ ինչո՞ւ էինք ուսումնասիրում: Ոչ մեկը չգիտի, թե ինչ խորության վրա որքան ուրան կա, դրա համար էլ ուզում ենք պարզել, թե ինչքան ուրան կա: Գիտենք, որ ոսկի կա եւ հարակից մետաղներ, բայց պաշարները չգիտենք»,- հայտարարեց Արմեն Մովսիսյանը:

Ծնունդով սյունեցի նախարարը գիտի, որ խորհրդային տարիներին ուրանի հետախուզական աշխատանքները ցույց են տվել, թե կան երեւակումներ: «Պատասխանը մեկն է եղել, որ անհեռանկարային է դրանց օգտագործումը: Այն ժամանակ ուրանի գինը ցածր էր, ուրան օգտագործողները քիչ էին»,- ասաց նախարարը: Նույն նախարարության տարածած տեղեկանքում նշված է, որ այն ժամանակվա «ուսումնասիրությունների հեղինակները իրենց եզրակացություններում նշում էին հայտնաբերված գոտիների ուսումնասիրության հեռանկարը՝ հաշվի առնելով տնտեսապես եւ էկոլոգիապես հիմնավորված, նմանատիպ հանքավայրերի արդյունաբերական տեխնոլոգիաների յուրացումը»:

Նախարարը վստահ է ու վստահեցնում է, որ եթե Սյունիքում ուրանի հանքերը շահագործվեն, ապա միայն առանց մեզ վնաս տալու, այնպես, որ շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա ազդեցություններ չլինեն: «Բնապահպանների աղմուկը պոպուլիստական է: Շահագործման հավանականությունը 50/50 է: Եթե հաստատված պաշարներ լինեն ու դրանց շահագործումը տնտեսապես եւ տեխնոլոգիապես էֆեկտիվ լինի՝ մեկ օր առաջ ենք բարձրաձայնելու»,- ասաց նախարարը:

Արմեն Մովիսյանի պարզաբանումները լսելուց հետո հարցրինք՝ եթե ամեն ինչ այդքան անորոշ է, ինչո՞ւ էին Կապանում 2009 թվականի օգոստոսի 4-ի հանրային լսումների արդյունքները կեղծվում եւ հայտարարվում, թե Սյունիքում մեծ խանդավառությամբ են ընդունել ուրանի հնարավոր շահագործման ծրագիրը՝ ոգեւորվել են նոր աշխատատեղերի ստեղծման հեռանկարով եւ դեմ չեն եղել: Իրականում դեմ են եղել: Այս մասին Արմեն Մովսիսյանը ոչինչ չասաց, պատասխանեց միայն, որ երբ ուրանի շահագործման մասին դեռ խոսակցություններ էին, առաջին արձագանքները այդպիսին էին՝ մարդիկ իսկապես ոգեւորված էին աշխատատեղերի ստեղծման հեռանկարով: «Մի հատ էդ բնապահպաններին կարո՞ղ եք մատների վրա հաշվել՝ քանիսն են սյունեցի: Սյունիքի դարդուցավից են խոսում…»,- նկատեց Արմեն Մովսիսյանը: «Ուրեմն, եթե դուք սյունեցի եք, պիտի Շիրակին վա՞տ նայեք» մեր այս հարցին ի պատասխան՝ Արմեն Մովսիսյանը պատասխանեց, թե ուզում էր ասել, որ ինքը Սյունիքի պրոբլեմները լավ գիտի ու լավ է պատկերացնում: Նախարարը չէր լսել մտահոգությունները, թե ուսումնասիրության նպատակով կատարվող հորատումներից հետո հորատանցքերը բաց են մնում ու ռադիոակտիվ ճառագայթման օջախ դառնում: Բայց խոստացավ նման բան լինելու դեպքում՝ զբաղվել հարցով:

Մինչ Երեւանում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը պարզաբանումներ էր տալիս, Կապանի ավագանին դիմել է ՀՀ Ազգային ժողով եւ կառավարություն ու հորդորել՝ չեղյալ հայտարարել Սյունիքում ուրան գտնելու նպատակով անցկացվող երկրաբանական-հետախուզության աշխատանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել