Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման կենթարկվի 4 վկա

Հունիս 23,2010 00:00

Մեքենան «մասնակցել» է հանցագործությանը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հունիսի 21-ին շարունակվեց «10-ի գործով» վկաների հարցաքննությունը։

Վկաներ Վալերի Ցականյանի եւ Աշոտ Գասպարյանի դատաքննական ցուցմունքներում ի հայտ եկան նոր շեշտադրումներ։ Այսպես, ըստ ամբաստանյալներ Բագրատ, Արսեն Սողոմոնյանների եւ Արմեն Նիկողոսյանի հարեւան Վ. Ցականյանի, «Նիվա» մակնիշի ավտոմեքենան նորոգելու խնդրանքով իրեն դիմել է ոչ թե Արմեն Նիկողոսյանը, ինչպես նշվում է վկայի նախաքննական ցուցմունքում, այլ Արսեն Սողոմոնյանը։ Վկան խոստովանեց, որ նախաքննության ընթացքում տվել էր վերոհիշյալ ցուցմունքը՝ ոչ առանց քննիչի օգնության. վերջինս հավաստիացրել էր, որ երկուսն էլ՝ Արսեն Սողոմոնյանը եւ Արմեն Նիկողոսյանը հայտնել են, որ Ա. Նիկողոսյանն է նորոգման խնդրանքով դիմել Վ. Ցականյանին, ինքն էլ չի ցանկացել ներխուժել երկու մտերիմ ընկերների փոխհարաբերությունների դաշտ եւ համաձայնել է քննիչի հետ։ Վերջինս «օգնել» է նաեւ «վերհիշելու», թե երբ է մեքենան բերվել նորոգման։ Վ. Ցականյանը, սակայն, ընդգծեց, որ իր վրա որեւէ ճնշում գործը քննող Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից չի եղել։ Նա նշեց նաեւ, թե իրեն ասվել է, որ «երեխաները բարձրացել, կանգնել են մեքենայի տանիքին», վնասել այն, սակայն հետագայում ինքը լսել է, որ մեքենան «մասնակցել» է Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տնից գողությանը։ Նախաքննության եւ դատաքննության ցուցմունքների միջեւ առկա էական հակասությունների կապակցությամբ մեղադրող Հովսեփ Սարգսյանը դատաքննական ցուցմունքը բնորոշեց որպես ուղղորդված ցուցմունք, իսկ Արմեն Նիկողոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը պահանջեց հայտնել դատարանին՝ ո՞ւմ կողմից։ Մեղադրողի լրացուցիչ հարցին՝ որեւէ մեկը շահագրգռել, ուղղորդել, խնդրե՞լ է փոխել ցուցմունքը, վկան անդրդվելի բացասական պատասխան տվեց։

Էական տարբերություններ կային նաեւ Աշոտ Գասպարյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում. Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասի պահեստի բանվոր Ա. Գասպարյանին հեռախոսով հանդիպում են նշանակել, ապա ցանկություն հայտնել գնել 5 զինվորական համազգեստ, գործարքը կայացել է։ Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր անծանոթի անունը՝ Արսեն, սակայն դատաքննական ցուցմունքում պարզաբանեց, որ քննիչը, հիմնվելով հեռախոսահամարի վրա, բաժանորդի անունն է հայտնել, ինքն էլ այդ մասին նշել է ցուցմունքում։ Ի դեպ, վկան ամբաստանյալների շարքում չճանաչեց իր հեռախոսային զրուցակցին։

Գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ 19 դատակոչված վկայից հարցաքննվել է 14-ը, մյուսները տարբեր պատճառներով չեն ներկայանում դատարան։ Պաշտպանական կողմը՝ ի դեմս Արա Կարապետյանի պաշտպան Կարեն Քամալյանի, միջնորդեց, որ բացի վկա Արտակ Սողոմոնյանից, մյուս վկաներին բերման ենթարկելու որոշում կայացվի։ Ըստ Կ. Քամալյանի, հատկապես վկա Հարություն Ալեքսանյանը (ով, ըստ դատարանին հղված տեղեկանքի, բացակայում է բնակության վայրից) պարտադիր պետք է հարցաքննվի ոչ միայն օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար, այլեւ այն պատճառով, որ վկան տիրապետում է հանցագործության, ավելին՝ «այլ հանցագործությունների վերաբերյալ» տեղեկատվությանը։ Իսկ պաշտպանյալ Արա Կարապետյանը հավելեց. «Նրա հարցաքննությունից շատ բաներ կբացահայտվեն այս դահլիճում ներկա բոլոր մարդկանց համար», եւ որ վկայի ցուցմունքը կարեւոր նշանակություն ունի իր ճակատագրի համար։

Հունիսի 28-ի դատական նիստում՝ կախված վկաներին բերման ենթարկելու որոշման կատարման արդյունքից, չի բացառվում, որ դատարանը կանցնի ամբաստանյալների հարցաքննությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել