Տարիներ շարունակ, անձրեւից հետո, Մաշտոցի պողոտայի շուկայի դիմացի գետնուղին լցվում է ջրով եւ անանցանելի դառնում, ինչի պատճառով մարդիկ փողոցը անցնում են վերգետնյա, չթույլատրված մասով՝ վտանգելով իրենց եւ խոչընդոտելով երթեւեկությանը: Իսկ այս տարի, քանի որ անձրեւները շատ են ու հորդառատ, անցումում ավելի հաճախ են լճակներ գոյանում: Ամենաթարմ օրինակը՝ շաբաթ օրը տեղացած հեղեղից հետո գետնուղին դարձյալ անանցանելի էր: Եվ միայն կիրակի օրը, այն էլ օրվա 2-րդ կեսին, սկսվեցին ջրահեռացման աշխատանքները: Հետաքրքիրն այն է, որ ամեն անգամ ջուրը պոմպերով հեռացնելուց հետո չի մաքրվում խցանված ջրահեռացման համակարգը, եւ հաջորդ անձրեւը նորից նույն վիճակն է ստեղծում:
Նշված գետնանցումում վարձակալությամբ գործում են խանութներ, սննդի եւ սպասարկման այլ կետեր: Այդտեղ վարձավճարները ցածր չեն: Չգիտեմ՝ ո՞վ է տարածքի տերը, ո՞ւմ գրպանն են գնում այդ վարձավճարները, բայց կարելի է, չէ՞, այդ գումարների մի մասը ուղղել հենց տարածքի բարեկարգմանն ու մաքրությանը: Ցավոք, միայն այս գետնուղում չէ, որ ջրահեռացման համակարգը խնդիրներ ունի: Քաղաքի շատ փողոցներում, նաեւ բակերում անձրեւից հետո առաջանում են մեծ ջրափոսեր, որոնց պատճառով առանց թրջվելու հնարավոր չէ ելումուտ անել:
Վերջերս ականատես եղա, թե ինչպես էին Գ. Լուսավորչի 15 շենքի բակում 2 կին մուտքից դուրս գալու ելքը գտել. մեքենան բաց բեռնախցիկով մոտեցավ մուտքին, կանայք նստեցին բեռնախցիկում եւ ջուրն անցնելուց հետո միայն տեղափոխվեցին մեքենայի սրահ: Կանանցից մեկը բարձրաձայն բողոքում էր, որ քանի անգամ տեղյակ են պահել համատիրությանը, բայց ոչինչ չի ձեռնարկվել ու ամեն անձրեւից հետո իրենց մուտքին մոտենալը լուրջ խնդիր է դարձել: Ի դեպ, անանցանելի լճակ է գոյանում նաեւ Մաշտոցի պողոտայի թիվ 6 շենքի բակում, ուր գործում է «Կենտրոն-1» համատիրությունը, որին այս ամենը կարծես չի անհանգստացնում: