Ըստ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրեն Շեվկետ Շայդուլինի՝ ինքն աշխատող մարդուն գլխի վրա է դնում, պորտաբույծներին՝ չի սիրում: :
Շայդուլինն արդարանում է
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության 18 կայարանների հերթապահներ օրերս «Առավոտին» բողոքել էին, որ տնօրինությունն իրենց ստրուկի պես է վերաբերվում, հանգստի ժամերին տանում է շաբաթօրյակների, վթարներ են լինում՝ տանում են դեպքի վայր՝ աշխատելու, իրենց պարտականություններից բացի ստիպում արտաժամյա աշխատել՝ առանց վարձատրության: Քանի որ «Հայկական երկաթուղիները» կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Հարավկովկասյան երկաթուղիներին», հայ աշխատակիցները դժգոհում էին, որ ընկերության տնօրեն Շեվկետ Շայդուլինը մեծ տարբերություն է դնում հայ եւ ռուսաստանցի աշխատակիցների միջեւ, իրենց աջուձախ սպառնում է, որ «կթլպատի»: Մենք խոստացել էինք հրապարակել նաեւ խնդրի վերաբերյալ ընկերության ղեկավարության պարզաբանումները:
Նախ, հաշվի առնելով աշխատակիցների պատմածները, որ Շ. Շայդուլինն ահուսարսափի մթնոլորտ է ստեղծում ընկերությունում, անտանելի սպառնալիքներ ու անձնական վիրավորանք հասցնում մարդկանց, ի սկզբանե ցանկություն եւ պայմանավորվածություն չկար զրուցել հենց իր՝ Շայդուլինի հետ: Սակայն պարոն Շայդուլինը որոշեց անձամբ ծանոթանալ եւ պարզաբանումներ տալ «Առավոտին», որպեսզի օբյեկտիվ պատկերացում կազմենք՝ սարսափելի՞ է նա, թե՞ ոչ: Իրականում երիտասարդ, եռանդուն ու ճարպիկ գործարարի կերպարով այդ մարդը լավ տպավորություն թողեց: «Արտաքինից ես իսկապես վախենալու չեմ, բայց հաշվի առնելով, որ այստեղ պարտավորություններ ունեմ, պետք է ինձ ձիգ պահեմ»,- կատակեց Շայդուլինը:
Բազմաթիվ երկաթուղայինների, տարբեր բաժինների հայ եւ ռուս պետերի ու բանվորների հետ զրույցի ժամանակ բոլորը Շայդուլինին գովում էին՝ ասելով, որ նա խիստ, բայց օբյեկտիվ մարդ է. «Նա «լյուբիմչիկներ» չունի, իր ամենամոտ մարդուն էլ օբյեկտիվ է վերաբերվում. կաշխատեն՝ կդնի գլխին, չեն աշխատի՝ կպատժի: Նա աշխատողների ծնունդներին էլ է գնում, բայց ամենակարեւորը՝ նա պրոֆեսիոնալ է, մեր երկաթուղին փրկում է»: Աշխատողները չհերքեցին, որ թլպատման հետ կապված խոսակցություն եղել է. «Մի նաչալնիկ այնքան ջղայնացրեց, որ Շայդուլինը գոռաց՝ զզվացրիր դու արդեն, ես քեզ կթլպատեմ»: Երբ մյուս աշխատակիցները շեֆին հարցրել են, թե ինչու է այդպես վիրավորում աշխատակցին, ազգությամբ թաթար Շայդուլինը պատասխանել է, որ իրենց ավանդույթներով թլպատումն այնքան էլ վատ բան չէ: Նա, տեսնելով, որ հայ աշխատակիցները շատ ծանր են տանում այդ «անձնական վիրավորանքը», ներողություն է խնդրել:
Ինչ վերաբերում է հերթապահների բողոքին, որ իրենց ձրի աշխատեցնում են, ընկերության անվտանգության գծով պետի տեղակալ Լեւոն Հակոբյանի խոսքերով՝ «20 տարի է՝ մեր հերթապահները չեն աշխատել, լռված վիճակում են եղել ու վարժվել են այդ ռեժիմին, չեն ուզում աշխատել, պահակի պես են՝ ամբողջ օրը պարապ: Փոխանակ գնան տարածքները մաքրեն՝ էդ էլ չեն անում: Հարյուրավոր մարդիկ կան, որ գործ են փնտրում ու պատրաստ են չնչին աշխատավարձի դիմաց ամեն ինչ անել, հիմա նրանք բավականին բարձր աշխատավարձով ոչինչ չեն անում ու բողոքում են: Գիտեք, որ ճգնաժամ է, եւ «Հայկական երկաթուղին» միակն է երկաթուղիներից, որ կրճատում չի արել: Ադրբեջանի երկաթուղին 4500 մարդու կրճատել է»: Շ. Շայդուլինի խոսքերով՝ «Ձեզ բողոքել են այն 18 աշխատակիցները, որոնք աշխատել չեն սիրում ու չեն ուզում: 5 գնացք ենք ընդունում, դրա համար 4000 մարդ ենք պահում, մինչդեռ մեզ իրականում պետք է ընդամենը 2000 մարդ: Մենք ոչ մեկին չենք կրճատում, բայց ստացվում է, որ այս մեծ համակարգում նորմալ աշխատուժ չկա, ոչ մեկն աշխատել չի ուզում: Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով գնաճը, մենք աշխատավարձ ենք բարձրացրել, ուստի մենք իրավունք ունենք պարապ նստելու փոխարեն գոնե այլ տիպի աշխատանք առաջարկել, դա դժվա՞ր է անել: Կայարաններ կան, որոնք մեզ պետք չեն, պարզապես ծախս ենք անում, որը հետո արտադրողների, բեռնափոխադրողների ուսերին է մնում, որովհետեւ չենք կարողանում ծառայության արժեքը այդ պարապ մարդկանց աշխատավարձի պատճառով իջեցնել: Մենք հիմա նոր աշխատողների չենք ընդունում, որովհետեւ մերոնց ենք ուզում նորմալ տեղավորել՝ հասկանալով, որ ընտանիք են պահում, խնդիրներ ունեն, բայց նրանք էլ մեզ պետք է հասկանան, գնան այնտեղ, որտեղ աշխատանք կա, մենք հենց այնպես փող չենք տալիս, փողը պետք է աշխատանքով ստանալ»:
Մասնագետները տեղեկացրին, որ Ռուսաստանի երկաթուղիները միջազգային ստանդարտներով է աշխատում: Այնտեղ 60-80 կմ տարածության վրա են կայարանները, իսկ մեզ մոտ կայարանների միջեւ տարածությունը 18-20 կմ է, ինչն ավելորդ ծախս է: Թեեւ, իհարկե, անծայրածիր Ռուսաստանը մեր պստլիկ Հայաստանի հետ՝ տարածքների առումով, անիմաստ է համեմատելը:
Ընկերության աշխատանքի կազմակերպման եւ վարձատրման գծով պլանատնտեսագիտական ծառայության պետի տեղակալ Ռիմա Մխիթարյանը մեզ հետ զրույցում նույնպես վստահեցրեց, որ կայարանների հերթապահներին ձրի աշխատել չեն տալիս. «Չգրված օրենք կա՝ երբ երկաթուղում դեպք է լինում՝ հաշվապահ, պետ ու բանվոր չեն նայում, պետք է բոլորը գնան օգնության: Մեր արտադրության ծավալներն ընկել են, եւ հերթապահին աշխատանքի ժամին տանել մի քանի խոտ պոկելու կամ վթարին օգնելու՝ անբարոյական չէ: Ուղղակի մեր հերթապահներն արդեն սովորել են վարձատրվել՝ ոչինչ չանելով: Ինչ վերաբերում է արտաժամյա աշխատանքին՝ մենք միայն վերջին 5 ամսվա ընթացքում 106 հազար արտաժամի համար աշխատողներին վարձատրել ենք, բանվորական համակարգում աշխատավարձը բարձրացրել ենք 23,4%-ով»:
Նախորդ հրապարակման մեջ նաեւ նշել էինք, որ Դալարիկում, Արթենիում, Քարակերտում ընկերությունը փաստաթղթերով ձեւակերպել է, թե հին գծերը փոխարինվել են նորերով, սակայն իրականում հենց հին գծեր են դրվել՝ նորի անվան տակ: Լեւոն Հակոբյանը վստահեցրեց. «Ես, որպես անվտանգության երաշխավոր, ինքս կպայքարեի ու թույլ չէի տա, որ հին ռելսեր դրվեին, որովհետեւ, եթե դեպք լիներ՝ անձամբ էի պատասխան տալու: Ես չեմ ժխտում, որ 800 կմ-ից ընդամենը 60-70 կմ գիծ է փոխվել, միանգամից բոլոր գծերը փոխել հնարավոր չէ, բայց մենք ոչ մեկին չենք խաբել: Քարակերտում, Դալարիկում, Արթենիում մենք հին փայտյա կոճղերով գծերը փոխարինել ենք երկաթե գծերով, որոնք, ճիշտ է, օգտագործված են եղել, բայց պիտանի են, 2-րդ կարգի են: Պետականորեն թույլատրվում է այդ կարգի հին գծերն օգտագործել»:
Վերջում երկաթուղայինները վստահեցրին, որ եթե Հայաստանի որոշ չինովնիկներ թույլ տան Շայդուլինին աշխատել, 1 տարուց հետո «Հայկական երկաթուղին» անճանաչելիորեն կփոխվի ու կզարգանա: Շայդուլինն էլ խոստացավ, որ հավատարիմ է մնալու իր կարգախոսին՝ «Մեր ճանապարհները երկաթե են, մարդիկ՝ ոսկե, պետք է պահպանել մարդկանց»: